Ավարտին են մոտենում Խավեթ գյուղի ճանապարհաշինական աշխատանքները, որոնք տարիներ շարունակ բնակիչների ամենամեծ սպասումներից էին։ Ճանապարհը կառուցվում էր 3 տարվա ընթացքում։
«Վերջապես կյանքի կոչվեց այս գործը։ Այս ճանապարհը փրկություն է մեր գյուղի համար։ Ես ինքս վարորդ եմ, հիմա դժվարություն չունենք։ Ճանապարհահատվածի երկու կողմերին էլ ավազ են լցրել, ընդհանուր առմամբ գոհ ենք», – ասում է Դավնիա գյուղի բնակիչ Հարությունյան Միտուշը։
Ճանապարհը հասնում է Խավեթի կենտրոնական հատված, իսկ բնակիչները վստահ են՝ աշխատանքները դրական ազդեցություն կունենան տեղում կյանքի պայմանների բարելավման վրա։ Գյուղում ասում են, որ տեղական իշխանությունից իրենց խոստացել են հաջորդ տարի նորոգել նաև դպրոց և գերեզմանոց տանող ճանապարհահատվածները։
Խավեթցի Բարեկյան Աղվանը նշում է, որ ճանապարհից բացի գյուղում այլ կարևոր խնդիրներ էլ կան՝ օրինակ գազի բացակայությունը։
«Տարական պայմանների բացակայության պատճառով մեր գյուղը դատարկվեց։ Եթե գազ լինի՝ ապրելը կհեշտանա։ Ինչ տարբերություն՝ քաղաքում եմ ապրում, թե գյուղում, միևնույնն է աշխատելու եմ, որ ապրեմ»։
Բնակիչները հույս ունեն, որ շարունակական աշխատանքների շնորհիվ Խավեթը կդառնա բարեկեցիկ բնակավայր։
Հիշեցնենք որ Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի վերականգնումը սկսվել է 2023 թվականին՝ Խավեթ գյուղից։ Այդ ժամանակ բետոնապատվել է ավելի քան 5,5 կմ ճանապարհ։ 2024 թ.-ին բետոնապատվել է Էրինջա-Մյասնիկյան հատվածը, որի համար 2024 թվականին հատկացվել է 148 751 լարի, իսկ 2025 թվականին՝ 1 678 889 լարի։