նորություններ 17 Հուլիսի, 2025 • ԵՄ-ն Վրաստանի կառավարությանն ուղարկել է 8 պայման մինչև օգոստոսի վերջ

Հրապարակվել է ութ առաջարկություններից բաղկացած ցանկ, որոնք Թբիլիսին պետք է իրականացնի Բրյուսելի հետ հարաբերությունները բարելավելու համար, այդ թվում՝ օրակարգից հանել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը։

Նամակը Բրյուսելից ուղղված է «Վրացական երազանքի» կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մակա Բոճորիշվիլիին։

Ապահովել և պաշտպանել Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները, ներառյալ միավորումների, հավաքների և խոսքի ազատությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հասարակական գործերին մասնակցելու իրավունքը և խտրականության արգելքը։

Խուսափել և չեղյալ համարել ցանկացած օրենսդրություն, որը կարող է սահմանափակել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հակասել խտրականության արգելքի սկզբունքին և չհամապատասխանել եվրոպական և միջազգային չափանիշներին։ Մասնավորապես՝ չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաև փոփոխել մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները լիարժեքորեն ապահովելու համար։

Համապատասխանեցնել Վրաստանի վիզային քաղաքականությունը այն երրորդ երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա ԵՄ մուտք գործելու համար, հատկապես այն երկրների վերաբերյալ, որոնք անօրինական միգրացիայի կամ ԵՄ-ի համար անվտանգության սպառնալիքներ են ներկայացնում։

Ուժեղացնել անհիմն ապաստանի դիմումների և ԵՄ երկրներում անօրինական մնալու թիվը նվազեցնելու միջոցառումները, ներառյալ միգրանտների թիրախային խմբերի համար առանց վիզայի ճանապարհորդության կանոնների վերաբերյալ տեղեկատվական արշավները, ինչպես նաև սահմանային վերահսկողության հզորացումը։

Ստեղծել Ակտիվների վերադարձման գրասենյակ և Ակտիվների կառավարման գրասենյակ, և շարունակել ջանքերն ակտիվները հայտնաբերելու, առգրավելու, կառավարելու, բռնագրավելու և օտարելու ուղղությամբ։

Ընդունել նոր հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր, ապահովել, որ այն ունենա բավարար ռեսուրսներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կոռուպցիոն գործերի բարձր մակարդակի քննությանը, քրեական հետապնդմանը և դատաքննությանը։

Փոփոխություններ կատարել «Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի մասին» օրենքում՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկությունները, մասնավորապես՝ դրա արդյունավետ անկախության, քաղաքական չեզոքության ապահովման և լիազորությունների ընդլայնման առումով։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը համապատասխանեցնել ԵՄ օրենսդրությանը։

Փաստաթուղթը ստորագրված է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Բեատե Գմինդերի կողմից։

«Ես ակնկալում եմ, որ Վրաստանի իշխանությունները կարձագանքեն կառուցողականորեն և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ Հանձնաժողովի առաջարկությունները լիովին կատարելու համար: Հաջորդ գնահատումը կիրականացվի Վիզայի կասեցման մեխանիզմի հաջորդ զեկույցի շրջանակներում: Հետագայում այն չկատարելու դեպքում Եվրոպական հանձնաժողովը կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել վերանայված Վիզայի կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն, ներառյալ կասեցման մեխանիզմի գործարկումը», — ասվում է նամակում:

Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել էր, որ առաջարկությունների իրականացման վերջնաժամկետը օգոստոսի վերջն է։

«Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ուզում վնասել վրաց ժողովրդին՝ չեղարկելով վիզայի ազատականացումը, ինչը իսկապես կազդի նրանց վրա։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև Եվրամիության նկատմամբ վստահության հարց է… Պայմաններին չբավարարող երկրի դեպքում սա նույնպես պետք է հետևանքներ ունենա, որպեսզի հասարակությունը տեսնի, որ կառավարությունը չի հետևում եվրոպական ուղուն և լուրջ չի վերաբերվում իր ԵՄ թեկնածուի կարգավիճակին», — հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Կալլասի խոսքով՝ Բրյուսելում, Վրաստանում ժողովրդավարության հետընթացի ֆոնին առանց վիզայի ճանապարհորդության հնարավոր դադարեցումից բացի, նրանք քննարկում են նաև Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի կասեցումը և անձնական պատժամիջոցները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝