նորություններ 22 Հուլիսի, 2025 • Գանձայում և Փոկայում տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ կա

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից Սամվել Մարգարյանն ու  Փոկա գյուղից Արտավազդ Մադոյանը համոզված են՝ զբոսաշրջության ապագան սկսվում է համայնքից՝ հավատով, աշխատասիրությամբ և համագործակցության պատրաստակամությամբ։

gandza

Սամվել Մարգարյանը Գանձա գյուղում զարգացնում է տուրիզմը

Տարիների ընթացքում տուրիզմը շարունակում է զարգանալ նաև մեր տարածաշրջանում։ Այս պահին կառուցվում են կինոզալ և գրադարան, իսկ չնայած այն բանին, որ կինոզալի աշխատանքները դեռ չեն ավարտվել, արդեն իսկ երկու պատվեր ունեն Թբիլիսիից։

«Պետք է նորություն մտցնել գործի մեջ։ Ես չեմ կարծում, որ տուրիզմում պետք է հաշվել՝ շատ է, թե՝ քիչ։ Թվաքանակով նայելը սխալ է։ Աշխարհի իրավիճակի հետ համեմատած՝ մեր վիճակը շատ լավ է։ Օրինակ՝ երկու օր առաջ չեխ զբոսաշրջիկներ ունեի, նրանց հետաքրքրում էին մեր սարերը։ Ես նրանց ծանոթացրի ամեն քարի հետ», — ասում է «Ընտանեկան անկյունի» սեփականատեր Սամվել Մարգարյանը։

Նրա խոսքով՝ սպասելով զբոսաշրջիկը չի գա․ ներդրումներ են պետք անել։

«Ենթադրենք՝ շուկայում միրգ եք վաճառում, բայց ամբողջությամբ ծածկել եք այն կտորով՝ պարզ է, որ ոչ ոք չի մոտենա։ Երբ բաց լինի՝ բոլորը կնկատեն ձեր ապրանքը։ Նույնն էլ տուրիզմում է։ Եթե զբոսաշրջիկը ցանկություն է հայտնում տեսնել մեր բնությունը, մենք կազմակերպում ենք, շատ անգամ նաև անվճար ենք անում», — ասում է Սամվել Մարգարյանը։

Մարգարյանի խոսքով՝ իր երեխաները տիրապետում են անգլերենին, ինչը օգնում է զբոսաշրջիկների հետ շփման ժամանակ։

«Հաճախ մեր գյուղի երիտասարդներն են գալիս ինձ մոտ, ովքեր շփվում են զբոսաշրջիկների հետ։ Դա ինձ ուրախացնում է։ Ես երբեք չեմ վախենում իմ ծրագրերը ներկայացնելուց, լինում են մարդիկ, որ վերցնում են դրանք ու աղավաղում, բայց դա ինձ չի կանգնեցնում», — կիսվում է նա։

gandza1

Նրա բիզնեսը ունի բարձր վարկանիշ Google Maps-ում՝ 724 հատ «5 աստղ»՝ տարածաշրջանում բացառիկ ցուցանիշ։

«Հաճախորդները թողնում են մեկնաբանություններ։ Մենք նաև համագործակցում ենք Ախալքալաքցի ընկերների հետ, այլ ոչ թե մրցակցում։ Միասին ենք աշխատում՝ տուրիզմի զարգացման համար։ Ամենակարևորը՝ պետք է հոգի դնես այս գործի մեջ, որ հաջողության հասնես», — ընդգծում է Սամվել Մարգարյանը։

poka

Փոկա գյուղի բնակիչ Արտավազդ Մադոյանը ևս տարիներ շարունակ ներդրում է կատարել զբոսաշրջության ոլորտում՝ իր ռեսուրսներով հիմնելով և զարգացնելով «Վեգաս» ռեստորանը։ Նրա նախաձեռնած շինարարությունը սկսվել է 2012 թվականին, իսկ արդեն 2017 թվականից ռեստորանը լիարժեք սկսել է գործել։

«Վերջին տարիներին տուրիստների հոսքը մեզ մոտ կայուն էր, սակայն այս տարի՝ նախորդի համեմատ, այցելուների քանակը նվազել է։ Կարծում եմ՝ դա կապված է եվրամիությունից հեռանալու հետ։ Եթե պետական մակարդակով ուշադրություն դարձվի մեր տարածաշրջանին, ապա տուրիզմը կզարգանա։ Մեր կողմերում կան շատ գեղատեսիլ վայրեր, իսկ այն զբոսաշրջիկները, ովքեր մեկ անգամ այցելում են, հաճախ նորից հետ են գալիս»,- ասում է Մադոյանը։

Նրա խոսքով՝ ինքը մասնակցել է դրամաշնորհային ծրագրի և կարողացել է ձեռք բերել զբոսաշրջության համար անհրաժեշտ գույք՝ ձիու թամբ, հեծանիվներ և նավակ։

«Սա թույլ է տալիս մեր այցելուներին առաջարկել նոր տեսակի ծառայություններ՝ ակտիվ հանգստի ձևաչափով։ Սակայն հետագա ծրագրերիս մասով դեռ պատասխան չեմ ստացել։ Երկրորդ անգամ դիմել եմ՝ երրորդ հարկում սենյակների վերանորոգման նպատակով, բայց մինչ օրս ոչ մի նորություն չկա։ Իսկ գիշերակացի հարմարավետությունը զբոսաշրջիկների համար շատ կարևոր է»,- նշում է նա։

Չնայած դժվարություններին՝ Արտավազդ Մադոյանը չի հրաժարվում իր գաղափարներից և պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր կազմակերպության կամ ներդրողի հետ, ով հետաքրքրված կլինի համատեղ զարգացնել զբոսաշրջային ներուժը Փոկայում։

«Ցանկություն ունեմ շարունակելու գործը, ընդլայնելու հնարավորությունները, բայց միայնակ դժվար է։ Եթե գտնվեն աջակիցներ կամ գործընկերներ, մեծ պատրաստակամությամբ կաշխատեմ նրանց հետ»,- ընդգծում է նա։

poka1

Նինոծմինդայի տարածաշրջանը զբոսաշրջության զարգացման իրական ներուժ ունի՝ հիմնվախ անհատների նախաձեռնողականության և համագործակցության վրա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝