նորություններ 17 Հուլիսի, 2025 • ՌԴ–ում կարող են սահմանափակել միգրանտների գումարային փոխանցումներն արտերկիր

Ռուսաստանում կարող են սահմանափակել այն գումարները, որոնք միգրանտները փոխանցում են արտասահման։ «Նոր մարդիկ» խմբակցության պատգամավորներ Ալեքսեյ Նեչաևը, Սարդանա Ավքսենտիևան և Վլադիմիր Պլյակինը իրենց առաջարկը ներկայացրել են Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինային։

Նրանց խոսքերով՝ ներկայում գոյություն չունեն արդյունավետ մեխանիզմներ ստուգելու՝ արդյոք փոխանցվող գումարները համապատասխանում են Ռուսաստանում աշխատող օտարերկրացիների պաշտոնական եկամուտներին։ Նման անորոշությունը, նրանց կարծիքով, նպաստում է ապօրինի եկամուտների թաքցմանը, հարկերից խուսափելուն և կապիտալի արտահոսքին, գրում է ՏԱՍՍ–ը։

Պատգամավորները առաջարկել են արգելել հաստատված աշխատավարձը գերազանցող փոխանցումները՝ ֆինանսական գործարքների թափանցիկությունն ու ստվերային տնտեսության դեմ պայքարը խթանելու նպատակով։ Նրանք նաև առաջարկել են՝ մեծ գումարների փոխանցման դեպքում միգրանտներին պարտադրել ներկայացնել եկամտի հայտարարագիր և բանկերին խստացնել նման գործարքների հսկողությունը։

Հուլիսի 11-ին Սարդանա Ավքսենտիևան նամակ է ուղղել ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ առաջարկելով միգրանտների քաղաքացիություն ստանալու պայման դարձնել Ռուսաստանում գտնվելու ամբողջ ընթացքում առնվազն 10 միլիոն ռուբլու չափով հարկերի վճարումը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝