Հայաբնակ Դամալա գյուղից Թագուհի Սահակյանը մասնակցելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին, ընտրվել է Սփյուռքի երիտասարդ դեսպան Վրաստանում։
Հայաստանում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է իրականացնել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը՝ նպատակ ունենալով համախմբել համայնքներում ակտիվ և նոր առաջընթաց որոնող սփյուռքահայ երիտասարդներին՝ Հայաստանին առնչվող թեմատիկ ոլորտներում նրանց գիտելիքների և ներգրավվածության խորացման միջոցով։
Ծրագիրը, որին մոտ 30 երկրներից մասնացում են, մեկամյա է՝ ներառելով 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի օգոստոսը։ Այն սկսվում է Հայաստանում երկշաբաթյա ինտենսիվ դասընթացով՝ սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, իսկ հետո մասնակիցները ծրագրով նախատեսված աշխատանքներ են իրականացնում իրենց բնակության երկրում՝ համայնքային ներգրավվածությամբ։
Այս տարի ծրագրում ընտրված 30 երիտասարդներից, Վրաստանից ընտրված անդամը Թագուհի Սահակյանն է՝ Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղից։ Թագուհին այս տարի է ավարտել Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը և այժմ պլանավորում է ուսումը շարունակել մագիստրատուրայում՝ դիվանագիտական ուղղությամբ։
«Միշտ հետաքրքրված եմ եղել միջազգային հարաբերություններով, մասնակցել եմ վերապատրաստումների, ստաժավորման տարբեր ծրագրերի։ Փորձել եմ ինքս ստեղծել նախաձեռնություններ՝ ուղղված էթնիկ փոքրամասնությունների կրթական հնարավորությունների բարելավմանը և կանանց իրավունքների պաշտպանությանը», — պատմում է նա։
Թագուհու խոսքով՝ ծրագիրը համընկնում է իր ներքին ձգտումներին՝ հայանպաստ գործունեություն ծավալելու և հայկական համայնքի զարգացումը խթանելու առումով․
«Ծանոթանալով նախագծի հիմնական նպատակին՝ հասկացա, որ սա այն ծրագիրն է, որին ուզում եմ միանալ։ Նախագիծը բաղկացած էր երկու փուլից, հայտադիմումների և հարցազրույցների փուլեր: Հայտադիմում շատ երիտասարդներ էին լրացրել, որոնցից հարցազրույցի փուլ անցել էր 70-ը, իսկ նրանցից վերջնական խումբ անցան 30 երիտասարդներ, որոնցից մեկն էլ ես էի: Երբ ստացա դրական պատասխան՝ և հպարտություն զգացի, և մեծ պատասխանատվություն, սա ինձ համար նոր ոգեշնչման աղբյուր դարձավ ավելի առաջ գնալու և հայկական թեմը ավելի զարգացնելու համար»։
Նրա նպատակն է ծրագրի շրջանակներում էլ ավելի համախմբել հայկական համայնքին՝ պարբերական հանդիպումների, քննարկումների, խնդիրների վերհանման և լուծումների որոնման միջոցով։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը՝ իրականացվող ՀՀ կառավարության կողմից, ուղղված է 22-35 տարեկան այն սփյուռքահայ երիտասարդներին, ովքեր ներգրավված են Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և համայնքային զարգացման գործընթացում։ Այն ներառում է տեսական ու գործնական դասընթացներ, այցելություններ պետական և գիտակրթական հաստատություններ, փորձի փոխանակման հարթակներ, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս դառնալ իրենց համայնքի մեջ փոփոխություն ստեղծողներ։