նորություններ 17 Հուլիսի, 2025 • Ինչպես է Ջավախքից լուսանկարիչը տեսել պատերազմն Իրանում

Վրաստանի՝ Ախալքալաքի բնակիչների համար Իրանում պատերազմը պարզապես հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում տեսած ևս մեկ սարսափելի լուր էր, սակայն լուսանկարիչ Արփի Գաբրիելյանի համար պատերազմը դա սարսափելի իրականություն էր։

Արփի Գաբրիելյանը լուսանկարիչ է, ծնունդով Ախալքալաքի Կումուրդո գյուղից, ապրում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ախալքալաքում նա հայտնի է իր աշխատանքներով՝ գունագեղ, հարուստ դիմանկարներով, որոնց զգալի մասը նա անում է նաև իր հայրենի Ջավախքում։ Նրա լուսանկարների միջոցով ծանոթանում ես Հայաստանի, Ջավախքի, Ռուսաստանի բնությանը, որտեղ ապրում են Արփիի ազգականները։ Դրանց մեջ առանձնանում են ախալքալաքցիների համար հեռավոր և անտեսանելի հին Իրանում արված լուսանկարները։ Իրան կատարած իր վերջին ուղևորության ժամանակ Արփի Գաբրիելյանը կարճատև պատերազմի ականատեսը դարձավ։

«Ամուսինս այնտեղ էր մեկուկես ամիս (աշխատանքի պատճառով): Եվ մենք որոշեցինք, որ ես նույնպես կգնամ: Ես ունեմ լուսանկարների շարք Իրանից, ուզում էի համալրել այն լուսանկարչական ցուցահանդեսի համար: Ընդհանուր առմամբ, ես շատ հետաքրքրված եմ Իրանով՝ որպես հարուստ մշակույթ և հին պատմություն ունեցող երկիր: Չգիտեմ, թե ինչու են այնտեղ քչերը գնում, բայց դա արժանի երկիր է, և այնտեղ պետք է գնալ»:

Նա սկսեց իր տպավորություններով կիսվել ճամփորդությունից սոցիալական ցանցերում, սակայն դրական տպավորությունները կարճ ժամանակով խզվեցին։

«Ինչպես ամենուրեք, բոլոր սոցիալական ցանցերում, բոլոր ԶԼՄ-ներով, այն շատ ավելի սարսափելի է ցուցադրվում, բայց չեմ ասի, որ սարսափելի չէր. շատ ավելի սարսափելի էր, չգիտես՝ ինչ անես, ուր գնաս և ընդհանրապես՝ ինչպես պահես քեզ, որովհետև երեխաների հետ ես, լսում ես ռմբակոծությունները, ժամանակ առ ժամանակ նույնիսկ տեսնում ես դրանք։ Սկզբում ես պատերազմի մասին գրառումներ չէի անում, նախ՝ որովհետև ես օտարերկրացի եմ, չգիտեմ, թե ինչպես է ամեն ինչ վերահսկվում նման իրավիճակում, որովհետև երկրում պատերազմ է, և օտարերկրացիներն առանձնահատուկ թիրախի տակ են, ինչպես ցանկացած երկրում։ Ես վստահ չէի, թե որքան լավ գաղափար էր իրավիճակի մասին որևէ բան գրելը։ Մեկ այլ պատճառ ևս, թե ինչու ես ոչինչ չգրեցի, իմ հարազատներն են, որպեսզի նրանք չանհանգստանային»։

Թեհրանի ուղղությամբ հրետակոծության սկզբում Արփին հեռու էր մայրաքաղաքից, բայց նրանք ստիպված էին վերադառնալ Թեհրան։

«Պատերազմի սկսվելու օրը մենք մեր ընկերների ամառանոցում էինք՝ Դամավանդ լեռան ստորոտում։ Լեռը շատ նման է մեր Արարատին։ Ուրբաթ, ժամը 12-ի լույս 13-ի գիշերն էր։ Առավոտյան ժամը 5-ին Թեհրանում գտնվող իմ ընկերոջից հաղորդագրություն ստացա. «Ամեն ինչ կարգի՞ն է»։ Ես ասում եմ՝ «Այո, ի՞նչ է պատահել։ Ինչո՞ւ առավոտյան ժամը 5-ին»։ Նա ասում է. «Ոչինչ չե՞ք լսել»։ Ես պատասխանում եմ. «Ոչ»։ Նա ասում է. «Պատերազմ է սկսվել»։ Եվ երբ նա սա ասաց, իհարկե, ամեն ինչ շատ վախենալու դարձավ։ Նա ասաց, որ անօդաչու թռչող սարքերը թռչում էին ամբողջ գիշեր, հրթիռներ էին թռչում, և դա վախենալու էր։ Բայց ՀՕՊ համակարգը շատ լավ աշխատեց, այն հետ մղեց շատ հրթիռներ, բայց, համապատասխանաբար, նաև հարվածել էր։

Արփին և նրա ամուսինը պատերազմի սկսվելու մասին իմանալուց հետո ևս մեկ գիշեր մնացին ընկերների մոտ, բայց երբ հասկացան, որ ռազմական պահեստի մոտ են գտնվում, որոշեցին վերադառնալ Իրանի մայրաքաղաք։

«Մենք պառկած էինք Թեհրանում։ Յոթ հոգով էինք։ Բոլորս պառկած էինք շարքով և անվտանգության համար քողարկվել էինք բազմոցի հետևում։ Փորձում էինք պատուհաններին չմոտենալ։ Դրանք բաց էինք պահում՝ այն դեպքում, եթե ինչ-որ բան մոտենա, որպեսզի ալիքը չկոտրի ապակիները։ Շատ վախենալու էր, ռմբապաստարաններ չկային, կամ գուցե մենք չգիտեինք դրանց մասին»։

Նրանք Թեհրանում մնացին 3 գիշեր, հրետակոծությունները հիմնականում տեղի էին ունենում գիշերը։

«Անհնար էր քնել, բայց առավոտյան հոգնածությունից ավտոմատ կերպով քնում ես՝ անկախ քեզանից։ Առավոտյան արթնանում ես՝ ոչինչ չկա, նույնիսկ դուրս էինք գալիս փողոց։ Մի օր բավականին հանգիստ էր։ Վերջին օրը հրետակոծությունները նաև ցերեկն էին, շատ վախենալու էր դարձել։ Մենք որոշեցինք, որ պետք է լքենք Թեհրանը։ Եվ Թեհրանից հեռանալը թերևս լուրջ խնդիր էր, քանի որ բենզինը սկսեցին լիտրերով բաժանել։ Բենզինի հսկայական հերթեր էին գոյացել, նաև կիլոմետրերով երկար հերթեր կային Թեհրանից դուրս գալու ճանապարհին։ Բոլորն ուղղվում էին դեպի հյուսիս՝ դրանք Ռեյշտ, Գորգան, Արդաբիլ քաղաքներն են։ Սա համարյա սահմանային քաղաք է Ադրբեջանի հետ։ Եթե Թեհրանից դուրս գալիս ճանապարհը կես ժամ էր տևում, ապա այդ գիշեր մենք այս կեսժամյա ճանապարհով 12 ժամ քշեցինք։ Բոլորը պարզապես կանգնած էին», — պատմում է Արփին։

Արփիի և նրա ամուսնու հետ էին այս ճանապարհորդության ժամանակ նրանց երկու փոքրիկ դուստրերը։ Ինչպես Արփին է խոստովանում, նա ամենաշատը վախենում էր երեխաների համար։

«Ինչ-որ տեղ վստահություն կար, որ մեզ հետ երևի ոչինչ չի պատահի, քանի որ իրենց ՀՕՊ համակարգը բավականին լավ էր աշխատում։ Բայց դա պարզապես սարք է, որը կարող է չաշխատել։ Եվ այն, ինչ Իսրայելն ասում էր, որ նրանք կրակում են ռազմական թիրախների վրա, դա այդպես չէր, նրանք հարվածում էին խաղաղ բնակիչների վրա, շատ խաղաղ բնակիչներ մահացան։ Վերջին օրը, երբ մենք լքեցինք Թեհրանը, մենք ստիպված էինք անցնել օդանավակայանով, հազիվ գտանք տրանսպորտ և դուրս եկանք։ Դա ևս մեկ սարսափ էր։ Դա ավելի սարսափարկու էր, քան Թեհրանում կրակոցների տակ պառկելը»։

Дизайн без названия - 1

Լուսանկարը՝ Արփի Գաբրիելյանի արխիվից

Արփիի ընտանիքի համար մեկ այլ փորձություն էր Թեհրանից Հայաստան տարհանումը։

«Մենք Թեհրանից մեկնեցինք Արդաբիլ, մեքենայով գնացինք գիշերը, և դա ամենասարսափելին էր, քանի որ վարորդը գիշերը վարում էր 140 կմ/ժ արագությամբ, նա վարել է 12 ժամ։ Ես վախենում էի, որ նա պարզապես կքնի ղեկին։ Թեհրանն ունի հսկայական մայրուղիներ՝ 4 գոտիով։ Եվ դա այնպիսի զգացողություն է, կարծես վարում ես մի ողջ անվերջություն։ Ճանապարհը չի ավարտվում։ Մենք հասանք Արդաբիլ, և այնտեղ մեզ հաջողվեց գտնել տրանսպորտ դեպի Հայաստան։ Արդաբիլից մենք մեքենայով գնացինք Ասլանդուս։ Այն գտնվում է Արաքսի ափին։ Արաքսի մյուս կողմում արդեն գտնվում է Հորադիս քաղաքնը Արցախում (խմբ.՝ Լեռնային Ղարաբաղ)։ Մենք ոչ մի կերպ չէինք կարող այնտեղ հասնել։ Ասլանդուսից ուղիղ Արաքսի երկայնքով դեպի Մեղրի։ Մեղրիում մենք մեր հարազատների մոտ մնացինք 2 գիշեր։ Իմ ձեռքերը դողում էին 3 օր։ Տրեմոր, կարծեմ դա այդպես է կոչվում»։

Իրանը մնացած աշխարհի համար ավտորիտար-կրոնական երկիր է, բայց Արփին մի տեսակ ազատություն է գտնում այս հինավուրց երկրում։

«Ես Թեհրանը չճանաչեցի։ Թվում էր, թե ոչինչ չէր փոխվել, բայց մարդկանց վարքագիծը փոխվել էր։ Երբ ես այնտեղ էի 7 տարի առաջ, ընդհանրապես չէիր կարող շրջել առանց գլխաշորի՝ գլխաշորը պարտադիր էր։ Բայց հիմա երիտասարդները շրջում են առանց գլխաշորի։ Նույնիսկ 12-13 տարեկանները կարճ տաբատներ էին կրում։ Դա նույնպես զարմանալի էր։ Մենք սովորություն ունեինք ուղղել մեր գլխաշորերը, քանի որ բարքերի ոստիկանությունը կարող էր մոտենալ և ասել. «Խանում, քո գլխաշորը ընկել է, դու պետք է ծածկես գլուխդ»։ Այս անգամ այնտեղ բավականին ազատ էր։ Այսինքն՝ ամեն դեպքում թվում է, թե երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունն իր հետևանքները թողել է։ Եվ, ըստ երևույթին, նրանք, ովքեր բողոք են արտահայտել, մասամբ ստացել են այն, ինչ ուզում էին։

Իրանն ունի այնպիսի ազատություն, որը մենք չունենք։ Նրանք ազատ են շատ բաներից, որոնցից մենք ազատ չենք։ Կանայք այնտեղ բավականին ազատ են։ Օրինակ՝ Հայաստանում դաջվածքներ ունեցող կանանց սովորաբար քննադատում են։ Բայց Իրանում, իմ դիտարկումներով, սա նորմալ է համարվում, մեծ քաղաքներում նկատի ունեմ։ Ամուսինները օգնում են իրենց կանանց։ Օրինակ, երբ մենք այցելում էինք մեր ընկերներին, նրանք բոլորն էլ օգնում էին իրենց կանանց տան գործերում։ Այնտեղ նորմալ է համարվում, որ իրանցի ամուսինն օգնում է իր կնոջը սեղան գցել, ապա նրա հետ հավաքում է։ Սա ևս կանանց նկատմամբ ազատության և հարգանքի յուրովի մի տեսակ է», — ասում է նա։

Չնայած իր անցած բոլոր փորձություններին, Արփին վճռականորեն է տրամադրված վերադառնալ այնտեղ՝ Իրան։

Հունիսի 13-ին Իսրայելը հարձակում սկսեց Իրանի վրա։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի թիրախներն էին Իրանի միջուկային օբյեկտները և ավելի քան 700 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը և հրթիռային ծրագրերի օբյեկտները։ Սպանվել են մի շարք բարձրաստիճան իրանցի զինվորականներ և միջուկային հետազոտությունների մասնագետներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝