նորություններ 17 Հուլիսի, 2025 • Շոթա Ռուսթավելու պուրակի կառուցման համար կրկին մրցույթ է հայտարարվել

Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին կից գտնվող պուրակի վերակառուցման աշխատանքների համար, այս տարի արդեն երկրորդ էլեկտրոնային մրցույթն է հայտարարվում:

Էլեկտրոնային մրցույթի նախնական արժեքը կազմում է 458,829.00 լարի։ Ըստ մրցույթի՝ աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել երկու տարում՝ 2025-2026 թվականների ընթացքում։

Բյուջետային բաշխվածությունը հետևյալն է՝ 2025 թ․ – 300,000 լարի, 2026 թ․ – 158,829 լարի։

Ռուսթավելու պուրակի կառուցման առաջին մրցույթն այս տարի հայտարարվել էր հունիսի 17-ին։ Հուլիսի 3-ից հուլիսի 8-ը ցանկացողները կարող էին մասնակցել մրցույթի։ Սակայն տվյալ էլեկտրոնային մրցույթի մասնակցել է միայն ՍՊԸ «ՄԻԿ 23» ընկերությունը։

Մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ հայտում տեղադրված ծախսային հաշվետվության մեջ եղել է անճշտություն։ Այդ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել ընթացիկ մրցույթը և այն կրկին հայտարարել՝ ճիշտ և համարժեք հաշվետվական փաստաթղթերով։

Նույն մրցույթը երկրորդ անգամ է հայտարարվել արդեն հուլիսի 16-ին։ Առաջարկներն ընդունվում են հուլիսի 25-ից 28-ը։ Մրցույթը վերաբերում է նույն ծավալի աշխատանքներին՝ նախատեսված է իրականացնել երկամյա ժամկետում։

purak2

Հիշեցնենք, որ 2024 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանը պուրակի բարեկարգման աշխատանքների նախագիծը փոփոխության է ենթարկել և հավելյալ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։

Հատկանշական է, որ 2024 թվականին պուրակի կառուցման համար ծախսվել է 154 369.69 լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյան 2024 թվականին Jnews-ին տված հարցազրույցում ասել էր․

«Նախագիծը փոխեցինք, տարածքն ավելի մեծացրինք և հատկացված գումարը ծախսվեց տակի պատի շինարարության վրա։ Ընդարձակ և լուսավորված պուրակ կլինի, որը նաև ավտոկայանատեղի կունենա»։

Վերատպման կանոն