Երիտասարդության հմտությունների համաշխարհային օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծում է դեռահասների և երիտասարդների ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման կարևորությունը և հրապարակում է նոր ուսումնասիրություն Վրաստանում երիտասարդների հմտությունների և կարողությունների վերաբերյալ։
Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ և պետական ու մասնավոր համալսարանների երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնների հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վրաստանի յոթ շրջաններում անցկացրել է դեռահասների հմտությունների և հիմնական կարողությունների նպատակային ուսումնասիրություն։ Ուսումնասիրության նպատակն է գնահատել շարունակական կրթության համար անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները՝ հիմնվելով Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների վրա։
Ուսումնասիրությունը բացահայտել է, որ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները բազմակողմանի են և ներառում են գրագիտությունը, բազմալեզվությունը և գիտա-տեխնիկական, ճարտարագիտական և մաթեմատիկական կրթությունը (խմբ.` STEM-ը հապավում է, որը նշանակում է գիտելիքների ոլորտները՝ գիտություն (Science), տեխնոլոգիա (Technology), ինժեներիա (Engineering) և մաթեմատիկա (Mathematics)։ Ավելի լայն իմաստով, STEM-ը ուսուցման մոտեցում է, որն ինտեգրում է այս չորս առարկաները՝ զարգացնելու սովորողների քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու, ստեղծագործական և համագործակցային հմտությունները), թվային կարողությունները, անձնային զարգացումը, քաղաքացիական գիտակցությունը, ձեռներեցական հմտությունները և մտավոր առողջությունը։
Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յեսպեր Մյոլլերը հայտարարել է, որ անընդհատ փոփոխվող աշխարհում երեխաների և դեռահասների հմտություններն ու կարողություններն ավելի կարևոր են, քան երբևէ։ Նրանք ապագա նորարարությունների, տնտեսական աճի և սոցիալական առաջընթացի շարժիչ ուժն են։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության հիմնական եզրակացությունները.
• Դեռահասները զգալի դժվարությունների են բախվում գրագիտություն սովորելու հարցում, մասնավորապես՝ հստակ արտահայտվելու, գրելու և քննադատաբար մտածելու։
• Էթնիկ փոքրամասնությունները դժվարությունների են բախվում վրացերենի իմացության հարցում, ինչը անհրաժեշտ է նրանց կրթության և զարգացման մեջ ներառելու տեսանկյունից։
• Դեռահասները գիտակցում են STEM-ի կարևորությունը, սակայն նրանց ըմբռնումը սահմանափակ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գիտության գործնական կիրառություններին։
• Չնայած լավ թվային հմտություններ ունենալուն, դեռահասները բախվում են կիբերանվտանգության, սոցիալական մեդիա գրագիտության և թվային սպառնալիքների հետ կապված մարտահրավերների։
• Դեռահասները դժվարությունների են բախվում ինքնադրսևորման, կարիերայի խորհրդատվության և անձնային աճի հարցում, և հաճախ մոտիվացիայից զուրկ են կառավարական և կրթական կառույցների նկատմամբ։
• Մտավոր առողջությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր՝ ծառայությունների սահմանափակ հասանելիության հետ կապված և այս հարցի վերաբերյալ ավելի ընդլայնված իրազեկման անհրաժեշտությամբ։
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ սովորողների հիմնական կարողություններն արդյունավետորեն զարգացնելու համար անհրաժեշտ է ամրապնդել ֆորմալ կրթությունը՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, և աջակցել ոչ ֆորմալ կրթության հնարավորություններին, հատկապես անպաշտպան վիճակում գտնվող խմբերի համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ընդգծում է, որ ուսումնասիրության համաձայն՝ կարևոր է օգտագործել երեխաների իրավունքների պաշտպանության առկա հարթակներն ու կենտրոնները, ստեղծել մատչելի թվային ուսումնական հարթակ և էթնիկ փոքրամասնություններին տրամադրել ուսումնական բազմազան հնարավորություններ։
Բացի այդ, երիտասարդների համապարփակ զարգացման համար անհրաժեշտ են մասնագիտական կրթության աջակցություն և հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում՝ թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ կրթության մեջ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտադիր է օգտագործել հետազոտության արդյունքները՝ երեխաների և դեռահասների զարգացմանը, ինչպես նաև նրանց կրթություն ստանալուն և աշխատանքի հաջող անցելուն աջակցելու ապագա ծրագրեր մշակելու համար։