նորություններ 16 Հուլիսի, 2025 • Ախալքալաքից Ժաննա Խաչատուրյանը՝ Վրաստանի լավագույն ուսուցիչների տասնյակում

Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանը ճանաչվել է Վրաստանի լավագույն ուսուցիչներից մեկը՝ ընդգրկվելով 2025 թվականի «Ազգային ուսուցչի մրցանակ»-ի եզրափակիչ տասնյակում։

Մրցույթին մասնակցելու որոշումն ուսուցչուհու համար ինքնաբուխ չէր։

«Անկեղծ ասած, այս տարի չէի ուզում մասնակցել, դա շատ էներգիա և պայքար է պահանջում, բայց ինձ առաջադրել է Քութայիսիից իմ գործընկերներից մեկը՝ քաղաքացիական կրթության ուսուցչուհի Նանա Մարղանիան։ Չէի կարող մերժել», — պատմում է Ժաննան։

Մրցույթը ներառում էր հայտի լրացում, տեսահոլովակի նկարահանում, ինչպես նաև ապագայի պլանների ներկայացում ժյուրիին։ Ընդհանուր առմամբ ներկայացվել էր շուրջ 3000 հայտ, որոնցից ընտրվել է 20 ուսուցիչ։ Երկու շաբաթ առաջ մասնակցել է հարցազրույցի և երեկ, ֆեսբուքյան էջում արդեն հրապարակվել է Վրաստանի մասշտաբով 10 լավագույն ուսուցիչների անունները, և նրանց շարքերում է հայտնվել Ժաննա Խաչատուրյանը։

«Եթե ասեմ, որ ընդհանրապես չէի սպասում, որ իմ անունն էլ կլինի ցանկում, ապա ճիշտ չի լինի։ Երբ մասնակցություն ես ունենում, իհարկե, սպասումներ ես ունենում, որ կհաջողես, բայց երբ իմ անունը տեսա շատ հետաքրքիր զգացողություններ ունեցա, երևի այդ պահին հնարավոր բոլոր էմոցիաները միանգամից զգացի, քանի որ շատ պատասխանատու և ուրախալի լուր էր ինձ համար», — ասում է Ժաննա Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ մրցույթում ընդգրկված էին տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մասնագիտացվածությամբ և նվիրվածությամբ։

«Ես բոլորին ցանկանում եմ, որ ապրեն այդպիսի զգացողություններ և իրենց աշխատանքի արդյունքը տեսնեն», — հավելում է լավագույն տասնյակում հայտնված ուսուցչուհին։

Ժաննան իր հաջողությունը վերագրում է ոչ միայն իր անձնական ջանքերին, այլև շրջապատին․ «Շնորհակալ եմ Աստծուց, իմ ընտանիքից, գործընկերներիցս, իմ յուրաքանչյուր աշակերտին և բոլոր նրանց, ովքեր իմ հաջողության մեջ դեր ունեցան»։

Նրա համար այս մրցանակը ոչ միայն գնահատական է, այլև պարտավորեցնող քայլ դեպի ապագա։

«Ես պլանավորում եմ էլ ավելի էներգիայով լի, էլ ավելի մոտիվացված քայլել առաջ և որպես ուսուցիչ իմ պարտքը կատարել իմ երկրի, շրջանի, դպրոցի և սերունդների առաջ: Ամեն մասնագիտություն ունեցող մարդուն անհրաժեշտ է լավ ուսուցիչ, ով ձևավորում է անհատին, նրան պատրաստում կյանք մտնելուն, ուժ տալիս պայքարելու»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝