նորություններ 16 Հուլիսի, 2025 • Տերյանի թանգարանը նոր կյանք ստացավ. Գանձայում բացվեց վերականգնված համալիրը

Հուլիսի 12-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում հանդիսավորությամբ բացվեց հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը։ Թանգարանը վերականգնվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի և բարերարների աջակցությամբ։ Վերականգնումը կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ։ Աշխատանքների ընդհանուր արժեքը, ներառյալ ցուցասրահի վերանորոգումը, կազմել է 300 000 ԱՄՆ դոլար։

Վահան Տերյանի հայրական տունը, որը 1957 թվականից ի վեր գործում է որպես թանգարան, փլուզման եզրին էր և կարիք ուներ հիմնանորոգման։ Աչքի էր ընկնում շենքի բարձիթողի վիճակը՝ խոնավություն, փտած գերաններ, կախված առաստաղ, գունաթափված նկարներ…

2021 թվականին վերականգնվեց ցուցասրահը, իսկ 2025 թվականին ՋԱՀ-ը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի և բարերարների աջակցությամբ, վերանորոգեց Վահան Տերյանի տուն-թանգարանը և հարակից տարածքը։ Համալիրի վերանորոգման աշխատանքները տևել են 2020-ից մինչև 2025 թվականը։

teryan tangarann

Թանգարանում օգտագործված են ինտերակտիվ և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Սենյակներից մեկում, որտեղ ցուցադրված է Տերյանների ընտանեկան բազմոցը, ARLOOPA ծրագրի միջոցով հնարավոր է ընտանեկան բազմոցին «նստել» Վահան Տերյանի կողքին։ Դուք պարզապես նստում եք բազմոցին, և ծրագիրը ցուցադրում է ձեր կողքին նստած գրողի պատկերը։ Մեկ այլ սենյակում նույնպես ներկայացված է նրա կողմից սիրային նամակ գրելու տեսարանը՝ այլ տեսողական և լսողական ուղեկցությամբ։ Մենք չդիմացանք և նույնպես «նստեցինք Տերյանի կողքին»։

tangaran Teryan

Teryan nkar tangaran

2023 թվականին հիմնադրամը, նախագիծն իրականացնելու համար, կազմակերպել էր դրամահավաք։ Վերանորոգման համար գումար էին հանգանակել ավելի քան 90 բարերար։

Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը հայտնեց, որ շատ մարդիկ թանգարանին անվճար նվիրաբերել են ցուցանմուշներ ու աշխատել են նաև կամավորական հիմունքներով։

Teryan tum tangaran

«Հաշվի առնելով ցուցասրահի ծախսերը, 2020-2021 թվականներին կատարված նախագծման և չափագրման աշխատանքները, ինչպես նաև կամավոր ներդրումները՝ թե՛ աշխատանքի, թե՛ նվիրաբերված իրերի տեսքով, ամբողջ համալիրի վրա ծախսվել է մոտ 300 000 դոլար», — ասաց Սամվել Մկոյանը։

Վերանորոգման աշխատանքները կատարվել են տեղի շինարարների կողմից։

Teryan tun tangaran

«Ամբողջ առաստաղը փտած էր, գերանները նույնպես, լրիվությամբ փոխվել է։ Վերականգնող վարպետները ամբողջությամբ վերականգնել են, մաքրել են փայտոջիլներից, կանխելու հետագա քայքայումը։ Բոլոր ցուցանմուշները՝ պատրաստված թղթից, մետաղից, փայտից, հանձնվել են վերականգնող վարպետներին։ Իրերի մի մասը վարպետների կողմից վերականգնվել է, մյուս մասն՝ ամրակալվել։

Մենք ունենք կարպետ, որն ամբողջությամբ քայքայվել էր, իր հենք թելերը երևում էին, որոշեցինք այն ոչ թե վերականգնել այլ ամրակալել։ Այն առարկաները որոնք նպատակահարմար չենք գտել, որ տեղ գտնեն ցուցադրությունում, պահպանվում են թանգարանային ֆոնդում», — բացատրեց ցուցադրությսն համադրող Արգամ Երանոսյանը։

teryan nmush tangaran

Թանգարանում ցուցադրվում է «Ճաշոց» գիրքը, որը հրատարակված է 1686 թվականին և այն ամենահին ցուցանմուշն է։ Խորհրդային տարիներին, երբ եկեղեցիները փակում էին, մի կին փրկել է այս գիրքը՝ փոխանցելով այն սերնդեսերունդ։ Արդյունքում, Գանձա գյուղի բնակիչ Վաղինակ Ղազարյանն այն նվիրաբերել է թանգարանին։

Teryan tangaran nmush

Վերականգնվել են նաև բանաստեղծի հոր՝ Տեր Սուքիասի անձնական իրերն ու եկեղեցական հանդերձանքները՝ թիկնոցը, թագը և այլ իրեր։ Գրքերն ու հագուստը մաքրվել են ոջիլներից։ Արգամ Երանոսյանի խոսքով, վերականգնվել և ցուցադրվել է այն ամենը, ինչ հնարավոր էր։

tonir

Արգամ Երանոսյանը հավելեց, որ հիմնադրամը թանգարանի համար ձեռք է բերել 16 իր։

«Մենք ունենք աճուրդներից գնված իրեր, ինչպիսիք են 19-րդ դարի ջավախքցի կնոջ ավանդական տարազի գոգնոցը և ճակատանոցը, որն աճուրդից գնել է Տերյան մշակութային կենտրոնը և նվիրաբերել թանգարանին», — ասաց նա։

Թանգարանն ունի նաև միջոցառումների սրահ և «թոնրատուն», որտեղ կարող եք լսել Ջավախքի բարբառով հեքիաթներ։

tonirr

«Երբ սկսվեցին վերանորոգման աշխատանքները, մենք Հնագիտության ազգային ինստիտուտում գտանք Վարդ Տիտոյանի 1930 թվականի չափագրությունները, որոնք օգնեցին թանգարանը բերել իր նախնական տեսքին։ Սենյակների մի մասը խորհրդային տարիներին ձևափոխվել էին, բայց մենք դրանք բերեցինք իրենց նախնական տեսքին՝ հեռացնելով ավելի ուշ կառուցված միջնապատերը», — հայտնեց Արգամ Երանոսյանը։

Միջոցառումների դահլիճը հագեցած է պրոյեկտորով և համակարգիչներով, որոնք կօգտագործվեն պոեզիայի երեկոների և թանգարանային միջոցառումների ժամանակ։

Gandza

Բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 12-ին՝ Վրաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։ Բոլոր հյուրերը հույս հայտնեցին, որ Գանձան կդառնա զբոսաշրջիկների և երկու երկրների բնակիչների սիրված վայր։

Ջավախքի համար առանձնահատուկ օր՝ Գանձայում նշեցին Վահան Տերյանի 140-ամյակը

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝