Վերջին տարիներին Եվրամիության և Հարավային Կովկասի երկրների՝ հատկապես Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատվում են հակադիր միտումներ։ Մի կողմից՝ Հայաստան-ԵՄ կապերը շարունակաբար ամրապնդվում են՝ ընդգրկելով նոր ոլորտներ, մյուս կողմից՝ Վրաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները գնալով սառչում են։ Քաղաքական ու ռազմավարական այս վերադասավորումները մեծապես ազդում են տարածաշրջանային առաջնահերթությունների վրա։
Եթե մինչև վերջերս Վրաստանը համարվում էր տարածաշրջանում ԵՄ-ի հուսալի գործընկերը, ապա այժմ այդ դերակատարումը կասկածի տակ է դրվում։ Այդ իսկ ֆոնին Հայաստանը դառնում է ավելի նախաձեռնող և շահագրգիռ կողմ՝ պատրաստ ընդլայնելու համագործակցությունը։
Հայաստան-ԵՄ հարաբերությունների որակական աճ
ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը նկատում է.
«Վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ինտենսիվ առաջ են գնում։ Նշեմ եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը, որը 2022 թվականի հոկտեմբերին եկավ երկու ամսով, հետո 2023 թվականի փետրվարից 2 տարով և հիմա երկարաձգվել է ևս երկու տարով։ Որպես աջակցություն՝ պաշտպանական կարիքների համար մենք նաև ստացանք 10 մլն եվրո, վերջերս գործարքվեց նաև պաշտպանական և անվտանգային հարցերով խորհրդակցություններ, այսինքն՝ այսուհետ Հայաստանը և ԵՄ-ն կանցկացնեն նաև խորհրդակցություններ պաշտպանական և անվտանգային հարցերով, չմոռանանք նաև վիզալիբերալիզացիայի գործընթացի մեկնարկի մասին, արդեն բավականաչափ երկար տարիներ Հայաստանը բանակցում էր գործընթացի մեկնարկի վերաբերյալ և անցյալ տարի սեպտեմբերին այն մեկնարկել էր: Հասկանալի է, խոսքը տարիներ տևող պրոցեսի մասին է՝ հստակ ժամկետներ չկան, բայց ամեն դեպքում սրանք բոլորը դրական զարգացումներ են։ Բացի այդ ինչպես գիտենք ԵՄ-ն ակտիվ ներգրավված էր արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, կարելի է ասել ԵՄ-ն որպես միջնորդ գերիշխող դեր ուներ բանակցային գործընթացներում և դա ևս ԵՄ-Հայաստան հարաբերություններին կարևորություն է հաղորդում։ Այս ամենը միանշանակ դրական զարգացումներ են»։
Մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ ԵՄ-ն կարողանում է փոխարինել կամ հավասարակշռել ՌԴ-ի դիրքը տարածաշրջանում, փորձագետը պատասխանեց.
«Միանշանակ՝ ոչ, Եվրամիությունը առանձնապես ցանկություն էլ չունի դա անելու և վերջին տարիներին ԵՄ-ի դիրքերը որոշակիորեն նվազել են Կովկասյան տարածաշրջանում, Ադրբեջանի պարագայում, պետության դիրքորոշումը հստակ է՝ մի խառնվեք իմ երկրի ներքին գործերին, ինձնից գնեք գազ և նավթ։ Եվ ԵՄ-ն խաղի այս կանոնները ընդունել է, և մենք տեսնում ենք, որ չնայած Ադրբեջանում հնարավոր բազում խախտումների, կապված օրինակ մարդու իրավունքների, խոսքի կամ քաղաքական ազատության հետ, որ ԵՄ-ից Ադրբեջանի դեմ առանձնապես որևէ քայլ չի արվում: Վրաստանի հետ հարաբերությունները վատթարացել են, եթե վերջին 20 տարում Վրաստանում բոլորը խոսում էին եվրաինտեգրման մասին, այս պահին մենք տեսնում ենք, որ հարաբերությունները սառեցված են և երկու երկրների դեպքում էլ կա ԵՄ-ի դիրքերի թուլացում։ Հայաստանի մասով որոշակի ակտիվություն կա, բայց ոչ այնքան, որ կարողանա հավասարակշռել Ադրբեջանում և Վրաստանում անկումը, բացի այդ այս պահին ԵՄ-ն ավելի լուրջ և բարդ խնդիրների առաջ է կանգնած։ Կան տնտեսական, միգրացիոն և անվտանգության հետ կապված բազում խնդիրներ և գնալով ավելի ու ավելի լուրջ խնդիրների է բախվում, որոնք էականորեն նվազեցնում են ԵՄ-ի հնարավորությունները՝ ԵՄ-ի սահմաններից դուրս որևէ ակտիվ գործողություններ իրականացնելու: Հետևաբար այս բոլորը հաշվի առնելով կարող ենք ասել, որ Հարավային Կովկասում ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին»
Հաշվի առնելով ԵՄ-ի և Վրաստանի միջև առկա լարվածությունը, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը կդառնա այն պետությունը, որի միջոցով ԵՄ-ն իր առկայությունը փորձում է պահպանել տարածաշրջանում, Հայաստանը արդյո՞ք կարող է փոխարինել Վրաստանին այդ տեսանկյունից, փորձագետը մեկնաբանեց այսպես.
«Ժամանակագրական տեսանկյունից պատկերն այլ է, Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները սկսեցին ինտենսիվորեն զարգանալ 2022 թվականի աշնանից, իսկ ընդհուպ մինչև 2024 Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունները նորմալ էին, այսինքն՝ այս առումով ժամանակագրությունը այնպես չէ, որ Վրաստանի հետ հարաբերություններում լարվածություն մտավ և սկսեցին Հայաստանի հետ կապերը լավացնել, երբ Հայաստանի հետ հարաբերությունները սկսել էին զարգանալ, Վրաստանի հետ խնդիրներ դեռ չկային: Ինչ վերաբերվում է փոխարինելուն, ԵՄ-ի տեսանկյունից բնականաբար նման բան լինել չի կարող, որովհետև ամեն դեպքում Վրաստանի հետ արդեն ունի ասոցացման համաձայնագիր, համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, առանց վիզային ռեժիմի համակարգ, այսինքն՝ իրավական առումով Վրաստանը շարունակում է մնալ Հայաստանից շատ առաջ, անկախ նրանից, որ Վրաստանի հետ մի շարք ուղղություններով հարաբերությունները սառեցված են։ Ամեն դեպքում Հայաստանից մոտ 10 տարի կպահանջվի հասնել այն կետին, որտեղ հիմա Վրաստանն է: Բացի այդ Հայաստանում չի էլ քննարկվում ասոցացման համաձայնագրի մասին, քանի որ դա նշանակում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ինչը նշանակում է տնտեսական կոլապս և փաստացի պատերազմի հայտարարում Ռուսաստանին, որը Հայաստանն իրեն թույլ տալ չի կարող»։
Միևնույն ժամանակ, Վրաստանը, որը երկար տարիներ ներկայացվում էր որպես տարածաշրջանի «եվրոպական առաջամարտիկ», ըստ փորձագետների՝ սկսում է կորցնել իր դիրքերը։
Վրացի վերլուծաբան, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին սա ներկայացնում է հետևյալ կերպ․
«Ասոցիացիայի շրջանակներում անցկացված ինչ հանդիպումներ որ անցկացվել են, այս պահին դրանք նույնպես դադարեցվել են։ Քաղաքական իրավիճակը նույնն է, մենք ամեն օր քննադատության ենք ենթարկվում, դա շատ դժվարին իրավիճակ է, և այս պահին այս իրավիճակը բարելավելու որևէ հեռանկար չկա, և ավելին՝ Վրաստանի կառավարությունը՝ «Վրացական երազանքը», հետաքրքրված չէ հնարավոր բարելավմամբ։ Ընդհակառակը, հետաքրքրված է հարաբերությունների վատթարացմամբ և լիակատար խզմամբ»:
Վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների լավ դինամիկա է նկատվում, մեր հարցին, թե այս տեսանկյունից կարո՞ղ ենք խոսել Եվրամիության կողմից տարածաշրջանային առաջնահերթությունների աստիճանական վերանայման մասին, Բիլանիշվիլին պատասխանեց․
«Եթե երկու երկրներն էլ ցանկություն արտահայտող լինեին՝ Վրաստանը և Հայաստանը, պարզ է, որ այդ ժամանակ մենք առավել շատ զարգացում կունենայինք, բայց այս պահին կա միայն Հայաստանի ցանկությունը՝ լավ հարաբերություններ ունենալու Եվրամիության հետ, Վրաստանը նման ցանկություն չի արտահայտում, ընդհակառակը, հակասական վերաբերմունք ունի։ Դա բնական է, Եվրամիությունն այս դեպքում ոչինչ չի կարող անել, և բնականաբար, ով ուզում է լավ հարաբերություններ հաստատել իր հետ, նա տալիս է այդ հնարավորությունը, իսկ ով չի ուզում, չի կարող պարտադրել»։
Կարծիք կա, որ Եվրամիությունն այժմ փորձում է Հարավային Կովկասում այլընտրանքային հենարան ստեղծել։ Հարցին, թե արդյո՞ք Վրաստանը կորցրել է իր «կենտրոնական» դերը և կարո՞ղ է այն փոխարինվել Հայաստանով, նա կարծում է, որ այստեղ ոչ թե փոխարինելու մասին է, այլ ցանկություն արտահայտելու:
«Վրաստանի՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության հաստատման առաջարկվող պատուհանը Վրաստանի կառավարության կողմից ամբողջությամբ փակվել է և գործընթացը դադարեցվել է: «Վրացական երազանք»-ը պնդում է, որ 2030 թվականին Վրաստանը դառնալու է ԵՄ անդամ պետություն և դրա հետ մեկտեղ ոչ մի երկխոսություն տեղի չի ունենում, այսինքն՝ անհամատեղելի հայտարարություններ են հնչում և պարզ է, որ անդամակցության մասին հայտարարությունները սուտ են: Այս պահին բացի անդամակցության գործընթացից, հարաբերությունները սառեցված են մի շարք ոլորտներում, կլինի դա քաղաքական, տնտեսական թե այլ: Այս ամենին հակառակ տեսնում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զգալի ինտենսիվացում, բայց սա ես չեմ դիտարկում որպես փոխարինում, այլ քաղաքական պրոցես, երբ որևէ երկիր ցանկություն է հայտնում ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացում և դրա հետ մեկտեղ ԵՄ-ի օգուտը նրանում է, որ կավելանա ստաբիլ, դեմոկրատական և զարգացած երկրների թիվը»:
ԵՄ-ի ներկայիս քաղաքականության մեջ պարզորոշ երևում է, որ նախաձեռնող պետությունները ստանում են ավելի մեծ աջակցություն ու ներգրավվածություն։ Հայաստանը, օգտվելով այս դինամիկ փոփոխություններից, ձգտում է ամրապնդել իր կապերը Բրյուսելի հետ՝ ընդգրկելով ոչ միայն քաղաքացիական, այլև անվտանգային դաշտ։ Մինչդեռ Վրաստանը, լինելով ավելի առաջադեմ ինստիտուցիոնալ հիմքերով, կարող է կորցնել ԵՄ-ի վստահությունը, եթե քաղաքական վարքագիծը շարունակի գնալ հակասության ուղիով։ Եվրամիությունը, թեև չի կարողանում տարածաշրջանում դառնալ գերիշխող ուժ, շարունակում է լինել կարևոր խաղացող, իսկ նախաձեռնողականությունը, ինչպես ցույց է տալիս հայկական փորձը, վճռորոշ գործոն է հարաբերությունների խորացման ճանապարհին։