նորություններ 16 Հուլիսի, 2025 • Ախալքալաք-Կարծախ ճանապարհի խնդրահարույց վերանորոգում

Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ Արդեն երկու շաբաթ է մեկնարկել են տվյալ ճանապարհի կմ 8,8-ից 16 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները, իսկ կմ 3-ից մինչև կմ 7.8 հատվածը, այսինքն՝ նախկին զինվորական ավանից (Գորոդոկից) մինչև Վաչիան գյուղի սկզբնամաս ընկած մասը, շարունակում է մնալ քարուքանդ վիճակում։ Թե ե՞րբ կսկսվի այս հատվածի վերանորոգման աշխատանքները, դժվար է ասել։

Jnews-ը բազմիցս անդրադարձել է Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի անմխիթար վիճակին։

Բանն այն է, որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վերանորոգումը երկու լոթով է իրականացվում, Վրաստանի Ճանապարհային վարչությունը երկու էլեկտրոնային մրցույթ է հայտարարել։ Ըստ Tenders.ge կայքի՝ առաջին մրցույթում (կմ 3-ից մինչև կմ 7.8 հատված) հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը, իսկ երկրորդ մրցույթում (8,8-ից 16 կմ հատված) հաղթել է «Արալի» ընկերությունը։

Դեռևս մայիս ամսին Jnews-ին «Ջավախավտոգզա» ընկերությունից հայտնել էին, որ առաջիկա օրերին կսկսեն Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի կմ 3-ից մինչև կմ 7.8 հատվածի վերանորոգման աշխատանքները։ Նախագծի արժեքը կազմում է 2,772,000 լարի։ Մոտավորապես երկու ամիս է անցել, բայց մինչ օրս որևէ աշխատանք չի իրականացվել և չի իրականացվում։

Jnews-ը կրկին կապ հաստատեց «Ջավախավտոգզա» ընկերության հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ չեն մեկնարկում տվյալ ճանապարհահատվածի ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները։

Հուլիսի 14-ին ընկերությունից հայտնեցին, որ իրենք չեն շահել տվյալ ճանապարհահատվածի վերանորոգման մրցույթը։

«Մեր ընկերությունն այս մրցույթը չի շահել։ Հնարավոր է՝ այն ընկերությունը, որը շահել է մրցույթը, աշխատանքներն ուղղորդի մեզ։ Այսօր պետք է պարզվի, թե իրականում ով է կատարելու աշխատանքները։ Երկու-երեք օրվա ընթացքում պետք է, որ աշխատանքները սկսվեն», – պատասխանեցին «Ջավախավտոգզա» ընկերությունից։

Ըստ պաշտոնական պայմանագրի՝ «Ջավախավտոգզա»-ն հաղթող է ճանաչվել մրցույթում, և պայմանագիրն էլ կնքվել է հենց այս ընկերության հետ։

Արդեն այսօր՝ հուլիսի 16-ին, «Ջավախավտոգզա» ընկերությունից Jnews-ին հայտնեցին, որ էլեկտրոնային մրցույթն իրենք են հաղթել և շուտով կսկսեն աշխատանքները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝