Երեկ՝ հուլիսի 12-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում տեղի ունեցավ մեծն հայ բանաստեղծ Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի հանդիսավոր բացումն և ավանդական «Տերյանական օրվա» տոնակատարությունը։
Տուն-թանգարանը վերականգնվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի և բարերարների աջակցությամբ։
Գանձա գյուղը քնարերգու, բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայրն է։ Տերյանական օրն ավանդաբար այստեղ շատ մարդկանց է հավաքում, բայց այս տարի տոնակատարությունը հատկապես մարդաշատ էր։
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նրանց տեղակալներ Գիորգի Միրցխուլավան և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, երկու երկրների խորհրդարանի պատգամավորներ, Սամցխե-Ջավախքի վարչակազմի ներկայացուցիչներ, Նինոծմինդայի և Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հյուրեր Հայաստանից և Վրաստանից։
a data-flickr-embed=”true” href=”https://www.flickr.com/photos/146332062@N03/54650202604/in/dateposted” title=”bacum teryan tangaran”>
Ներկա էին նաև Ջավախքի բնակիչներ, որոնց համար հատկապես նշանակալից և ուրախալի էր տեսնել Վահան Տերյանի տուն-թանգարանը վերանորոգված, բարեկարգ տեսքով։ Տոնակատարությանը ներկա էին նաև բարերարները, ովքեր միջոցներ էին հատկացրել տուն-թանգարանի վերականգնման համար։
Հյուրերին ողջունեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերականգնմանը։
«Մունիցիպալիտետի ներկայացուցիչների և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան տուն-թանգարանի վերականգնման գործում: Ձեր շնորհիվ մենք այսօր ունենք այս արդյունքը: Սա պատմական իրադարձություն է Սամցխե-Ջավախքի համար, իսկական տոն», — ասաց նա:
Իրենց ելույթներում հյուրերը շեշտեցին Վահան Տերյանի մշակութային ժառանգության և հայ ու վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության կարևորությունը։
«Այսօր ուրախալի օր է։ Գանձայում թևածում է Տերյանական շունչը։ Երկու երկրների նախարարների ներկայությունը ևս մեկ անգամ փքստում է այս միջոցառման կարևորությունը և երկու կողմերի հատուկ վերաբերմունքը այս միջոցառմանը։ Այս միջոցառման մարդաշատությունը վկայում է Տերյանի ժառանգության կարևորությա մասին։ Մեր պարտականությունն է պահպանել այն և փոխանցել ապագա սերունդներին», — նշեց Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն նշեց։
«Ողջունում եմ բոլորին Վրաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկից՝ Սամցխե-Ջավախեթիից։ Այսօրվա միասնությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և Վրաստանի ժողովուրդները կարող են միասին արարել և զարգացնել տարածաշրջանը»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ուրախությունը հայտնեց միջոցառմանը մասնակցելու առիթով։
«Տուն-թանգարանում ստեղծված են գերազանց պայմաններ։ Կարելի է լուսանկարվել Վահան Տերյանի կերպարանքի հետ, ծանոթանալ նրա կյանքին և աշխատանքին: Սա հիանալի հնարավորություն է զբոսաշրջիկների և ՀՀ քաղաքացիների համար: Ես ուրախ եմ, որ այս միջոցառման մասն եմ կազմում»:
Ժապավենի կտրման արարողությունն անցկացրեցին երկու երկրների նախարարները։
Այնուհետև հյուրերը շրջեցին վերանորոգված թանգարանում։ Ցուցահանդեսի համակարգող Արգամ Երանոսյանը նրանց ծանոթացրեց ցուցանմուշներին և իրականացված վերականգնողական աշխատանքներին։ Շատ ցուցանմուշներ վերականգնվել կամ պահպանվել են։
Տուն-թանգարանի բակում հյուրերի համար կազմակերպվել էր ֆուրշետ, ինչպես նաև տեղի ունեցավ փոքրիկ համերգ՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ։
Հիմնական համերգային ծրագիրը շարունակվեց գյուղից դուրս՝ բաց դաշտում, որտեղ տեղադրվել էր բեմ։ Այնտեղ ելույթ ունեցան հայտնի հայ կատարողներ՝ Մավր Մկրտչյանը, Վարդան Բադալյանը, Գուրգեն Դաբաղյանը, Գոռ Սուջյանը, Արսեն Գրիգորյանը, Նարեկ Մարգարյանը, ինչպես նաև «Ջավախքի ձայնը» մրցույթ-փառատոնի հաղթողները՝ Ամալյա Բաբայանը, Արսեն Աղջոյանը, Արմեն Տաշչյանը և Արեգնազ Մկրտչյանը։
Հանդիսավոր միջոցառումը վարում էին Արսեն Ղազարյանը և Սիրուշո Անտոնյանը։
Համերգի ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին և նրանց հանձնեց խորհրդանշական նվերներ։
Նշենք, որ թանգարանի ցուցասրահը վերականգնվել էր 2021 թվականին, իսկ այս տարի վերականգնվեց Վահան Տերյանի հայրական տունը։