Թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) տարածքում նոր մանկապարտեզի շահագործումը հետաձգվում է։ Պատճառն անհասկանալի է. կառուցապատողը պնդում է, որ ամեն ինչ կառուցված է, բայց պատվիրատուն չի շտապում ընդունել օբյեկտը։
Ախալքալաքի թիվ 5 դպրոցի տարածքում կառուցված նոր մանկապարտեզը մինչ օրս շահագործման չի հանձնվել։
Սա առաջին դեպքը չէ, որ օբյեկտի շահագործումը հետաձգվում է։ Մարտի սկզբին շինարարական ընկերության ներկայացուցիչ Կախա Գերգեդավան Jnews-ին տված հարցազրույցում ասել էր, որ մնում է միայն ճոճանակների տակ ռետինե սալիկներ տեղադրեն և բակի սալահատակը նորից տեղադրեն, քանի որ ցուրտ եղանակին տեղադրվածը ուժեղ սառնամանիքից քանդվել էր։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել էր, որ բոլոր աշխատանքները կավարտվեին, հենց եղանակները տաքանան։ Ավելի ուշ՝ ապրիլի 23-ին, ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ աշխատանքների ավարտման համար կպահանջվեն մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ։ Սակայն արդեն չորս ամիս է անցել, իսկ մանկապարտեզը դեռևս շահագործման չի հանձնվել։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ախալքալաքի քաղաքապետարանը կրկին թերություններ է հայտնաբերել և հանձնարարել կապալառուին շտկել դրանք, ինչն էլ ազդել է օբյեկտի շահագործման ուշացման վրա։
Հուլիսի 11-ին, Jnews-ը ուշացման պատճառը պարզելու համար, կրկին կապ հաստատեց շահագրգիռ կողմերի հետ, քանի որ քաղաքի բնակիչներն անհամբեր սպասում են նոր մանկապարտեզի բացմանը։ Հիշեցնենք, որ Ախալքալաքում գործող բոլոր երեք մանկապարտեզները ժամանակավորապես փակ են վերանորոգման պատճառով, և ներկայումս ավելի քան 500 սանից գյուղական մանկական հաստատություններ են հաճախում միայն մոտ 60 երեխա, որոնց ծնողներն աշխատում են:
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն հաստատեց խնդրի առկայությունը.
«Կային թերություններ, մենք ընկերությանը մատնանշեցինք դրանք շտկելու անհրաժեշտությունը։ Հիմա սպասում ենք մարզային հանձնաժողովին և Թբիլիսիից ժամանած հանձնաժողովին, որոնք պետք է զննում անցկացնեն։ Թերություններ Եղել են և՛ շենքի ներսում, և՛ բակում, բայց կապալառուն արդեն ամեն ինչ շտկել է», — նշեց Մճեդլիձեն։
Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը հույս հայտնեց, որ հաստատությունը սեպտեմբերին կսկսի գործել։
«Մանկապարտեզը դեռ չի շահագործվել, բայց հուսով եմ, որ ամեն ինչ կշտկվի մինչև սեպտեմբեր։ Մի քանի անգամ թերությունները շտկվել են, քանի որ դրանք անորակ էին շտկվում։ Սեպտեմբերին երեխաներին արդեն կընդունենք», — ասաց նա։
Ընկերության ներկայացուցիչը, իր հերթին, պնդում է, որ բոլոր շինարարական աշխատանքներն ավարտվել են, և մնում է միայն կազմել հանձնման ընդունման ակտը։
«Ամեն ինչ արվել է սահմանված ժամկետներում։ Մնում է միայն կնքել օբյեկտի ընդունման փաստաթուղթը։ Ես ճշգրիտ ամսաթիվը չգիտեմ, գուցե դա տեղի ունենա հաջորդ շաբաթ», — հայտնեց նա։
Հարկ է նշել, որ Ախալքալաքում նոր մանկապարտեզի շինարարությունն իրականացնում է «IKB Build» ընկերությունը՝ Մունիցիպալ զարգացման հիմնադրամի 1 միլիոն 657 հազար լարի միջոցներով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն, 2023 թվականի հունիսին կնքված պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Աշխատանքները սկզբում նախատեսված էր ավարտել 538 օրվա ընթացքում։
Նոր միահարկ մանկապարտեզի շենքը տիպիկ է և նախատեսված է 75 երեխայի համար։ Ընդհանուր մակերեսը կազմում է 960 քառ. մետրից մի փոքր ավել։
Երբ կսկսի գործել Ախալքալաքի նոր մանկապարտեզը
Նոր մանկապարտեզի կառուցումն ավարտին է մոտենում
Ախալքալաքում շարունակվում է նոր մանկապարտեզի շինարարությունը