նորություններ 11 Հուլիսի, 2025 • Հայ-վրացական երիտասարդական հավաք՝ Ապարանում

Հուլիսի 9-11-ը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, հայ-վրացական երիտասարդական հավաք է անցկացվում։

Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։

Հայաստանի ԿԳ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հայ և վրացի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման, գիտելիքների ու փորձի փոխանակման, ինչպես նաև միջմշակութային կապերի ձևավորման կարևորությունը։ Նա հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ընդգծել է, որ նմանօրինակ միջոցառումները նպաստում են երկու ժողովուրդների մշակույթների և ավանդույթների յուրահատկությունների փոխճանաչմանը, լեզվական և աշխարհագրական առանձնահատկությունների ընկալմանը՝ ամրապնդելով բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը։

Ներկայացնելով ՀՀ-ում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականությունը՝ նախարարը մասնավորապես անդրադարձել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի հիմնական դրույթներին, պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին։

Հայաստանի ԿԳ Նախարարը պատասխանել է նաև հավաքի մասնակիցների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են ինչպես ծրագրային, այնպես էլ անձնային զարգացման ու մասնակցության հնարավորություններին։

Քննարկման ընթացքում մասնակիցներն արտահայտել են իրենց դիտարկումները և ներկայացրել առաջարկություններ երկկողմ ձևաչափով նսխաձեռնությունների վերաբերյալ:

Հայ-վրացական երիտասարդական հավաքն անցկացվում է հուլիսի 9-11-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ` «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպմամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝