Մայրաքաղաքի ԲՈՒՀ-եր ընդունված, տարբեր շրջաններից եկած ուսանողների համար Թբիլիսիում բնակարան գտնելը դեռևս մնում է լուրջ խնդիր։ Չնայած վարձակալության միջին գների նվազմանը, մատչելի ու հարմար բնակարանների պակասն ուսանողներին կանգնեցնում է բարդ ընտրության առջև՝ թե՛ ֆինանսապես, թե՛ պայմանների առումով։
Ամեն տարի նոր ուսումնական տարվան ընդառաջ, շատ դիմորդներ, ովքեր ընդունվում են Թբիլիսիի ԲՈՒՀ-եր, հայտնվում են նույն անելանելի իրավիճակում՝ տան վարձակալության որոնման հարցում։
Չնայած վարձակալության միջին գինը՝ ըստ TBC Capital-ի վերջին ուսումնասիրության, նվազել է 11%-ով և կազմում է 10.4 դոլար մեկ քառակուսի մետրի համար, դրան զուգահեռ պահանջարկն աճում է, հատկապես՝ փոքր և մատչելի բնակարանների նկատմամբ, որոնք ուսանողների հիմնական թիրախն են։
Ուսանողները հիմնականում փնտրում են մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ, որոնց գները, ըստ JNEWS-ի ուսումնասիրության՝ binebi.ge, livo.ge, ss.ge և myhome.ge հարթակներում, տատանվում են 900-ից մինչև 1300 լարիի սահմաններում՝ կախված թաղամասից և կահավորանքից։
«Մեր խնդիրն այն չէ, որ գները միայն բարձր են, այլ այն, որ լավ և հարմարավետ բնակարաններ գտնելը բարդ է: Շատերը պատասխանում են, որ մատչելի առաջարկ չունեն ուսանողների համար», – մեզ հետ զրույցում պատմում է ուսանողներից մեկը։
Անշարժ գույքի շուկայում ակտիվությունը չի նվազում նաև վաճառքի մասով։ 2025 թվականի հունիսին Թբիլիսիում իրականացվել է 3 236 գործարք, ինչը 11%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սակայն հենց վարձով ապրող ուսանողների համար դա միանշանակ օգուտ չէ, քանի որ շուկայում ավելի շատ են հայտնվում բարձր գներով բնակարաններ։ Մեկ քառակուսի մետրի համար 900 դոլարից ցածր արժեքով բնակարանների վաճառքը նվազել է 14 տոկոսային կետով, ինչը խոսում է մատչելի գների պակասի մասին։ Այս տարվա հունիսին Թբիլիսիի շրջաններից վաճառված բնակարանների քանակով առաջատարներն են Դիդի Դիգոմին և Սաբուրտալոն։
Ուսանողների հիմնական խնդիրը մնում է կայուն և կանխատեսելի գներով տներ գտնելը։
Թեև գների որոշ անկում գրանցվել է, բայց իրականում ուսանողներին հասանելի ընտրության շրջանակը շարունակում է մնալ նեղ։ Շուկայում դեռ գերիշխում են բարձր եկամուտ ունեցող վարձակալները՝ զբոսաշրջիկներ կամ աշխատող երիտասարդներ, ինչը ուսանողներին ստիպում է համատեղ վարձակալությամբ ապրելու կամ այլընտրանքային լուծումների դիմել։