նորություններ 18 Հուլիսի, 2025 • Կկարողանա՞ն ջավախքցիներն ընդունվել առանց «1+4» ծրագրի

Վերջին շրջանում երիտասարդների շրջանում ակտիվ քննարկվում է «1+4» ծրագրի չեղարկման հարցը։ Այս քննարկմանը զուգահեռ, 2024-25 ուս․ տարվանից ոչ վրացալեզու ուսանողների համար նախատեսված պետական ​​կրթական դրամաշնորհը կրկնապատկվել է, և ֆինանսավորվում են 200-200 ուսանող։

Քննարկման պատճառ է դարձել Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է, որ  մոտ ապագայում հնարավոր է չեղարկվի ծրագիրը, քանի որ ոչ վրացալեզու հասարակության մեջ վրացերենի մակարադակը բավականին մեծ չափի է հասել։

Ծրագրի չեղարկման մասին մտածելը անհանգստություն է առաջացնում երիտասարդների շրջանում։  Որոշները կարծում են, որ դա սխալ է, քանի որ դպրոցը նոր ավարտած ուսանողները չեն կարողանա քննություն հանձնել վրացերեն լեզվով, իսկ որոշներն էլ կարծում են, որ ավարտածներն արդեն ունեն համապատասխան գիտելիքներ վրացերենից, և կկարողանան ընդունվել։

Jnews-ը խոսել է երեք դպրոցի տնօրենների, իմանալո՞ւ թե ներկայումս քանի դիմորդ կա իրենց շրջանավարտներից Վրաստանի ԲՈՒՀ-երում։ Ինչ կարծիքի են այն մասին, թե մի քանի տարի հետո իրենց դպրոցի աշակերտները կկարողանան արդյո՞ք վրացերենով հանձնել քննությունները և միանգամից ընդունվել առաջին կուրս, բոլորի նման։

Ախալքալաքի №4 դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանն ասաց, որ  այս տարի ունեն 14-15 դիմորդ, բայց դա մոտավոր հաշիվ է, ոչ ճշտված։ Իսկ քննությունները վրացերենով հանձնելու մասին, նա ասաց․

«Այդ հարցին միանշանակ պատասխան հնարավոր չի տալ, որովհետև, նախ պիտի առաջի հերթին աչքի առաջ ունենանք սերունդը, ինչ ձգտումով են աշխատում դպրոցում,երկրորդը՝ թե ինչ մակարդակով կվերափոխվի դպրոցներում վրացերենի ներմուծումը ուսուցիչների կողմից»։

Դպրոցի տնօրենը հավելում է՝ չնայած նրան որ աշխատասեր և առաջատար ուսուցիչներ ունեն, միևնույն ժամանակ լեզվին լիարժեք տիրապետելու համար պակասում է վրացիների հետ շփումը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի №1 դպրոցի տնօրեն Ռիմա Մկոյանն ասաց, որ ունեն 8 դիմորդ Վրաստանի ԲՈՒՀ-երում։ Ինչ վերաբերվում է քննությունները վրացերենով հանձնելուն և ընդունվելուն, նա ասաց․ «Այո՛, կկարողանան»։

Իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղի հայկական (№2) դպրոցի տնօրեն Հովհաննես Մղդեսյանն ասաց, որ այս տարի ունեն 4 դիմորդ։ Վրացերենով քննությունները  հանձնելու մասին տնօրենը ասաց,  որ իր կարծիքով, աշակերտները չեն կարողանա հանձնել։

2010 թվականից ի վեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն Վրաստանում ստանալ բարձրագույն կրթություն պարզեցված ընթացակարգով: Պարզեցված համակարգը, այսպես կոչված «1+4» ծրագիրը, նախատեսում է ընդհանուր հմտությունների քննություն հանձնել հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն, օսերեն լեզուներով, և, եթե նրանք հավաքեն համապատասխան միավորներ, հնարավորություն կունենան ստանալ բարձրագույն կրթություն: Երիտասարդներն անցնում են վրացերեն լեզվի 1-ամյա նախապատրաստական ​​դասընթաց, ապա, եթե հավաքեն 60 կրեդիտ, շարունակում են ուսումը իրենց ընտրած ֆակուլտետում:

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝