նորություններ 11 Հուլիսի, 2025 • Ֆինանսներ և մասնակցություն. քաղաքական կուսակցությունները հոկտեմբերի 4-ի ընտրություններին ընդառաջ

Վրաստանում, հոկտեմբերի 4-ին, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Թեև դեռևս պարզ չէ այս ընտրությունները կանցկացվեն ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ, թե նրանց բոյկոտով, քաղաքական կուսակցությունների հաշիվներին ֆինանսական մուտքերը շարունակում են աճել։
«Transparency International Georgia»-ի (Միջազգային թափանցիկություն-Վրաստան) տեղեկատվության համաձայն, 2025 թվականի հուլիսի 10-ի դրությամբ կուսակցությունների կողմից ստացված նվիրատվությունների ծավալը նկատելիորեն աճել է։

Մինչև ընտրությունները մնացել է երկու ամիս։ Խոշոր ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը դեռևս հարցական է, քանի որ որոշները հայտարարել են, որ չեն մասնակցելու և կոչ են անում մյուսներին նույնպես չմասնակցել։ Այս պահին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված է միայն երկու կուսակցություն՝ «Պահպանողականները Վրաստանի համար» և «Հայրենիք, լեզու, հավատք» կուսակցությունները։

Հոկտեմբերի 4-ի ընտրություններին հրաժարվել է մասնակցել ութ կուսակցություն։ Դրանք են՝ «Միացյալ ազգային շարժում», «Ֆեդերալիստներ», «Ազատության հրապարակ», «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Դրոա», «Ախալի» և «Գիրչի – ավելի շատ ազատություն»։

Մասնակցության մասին հայտարարել են նաև «Գախարիան՝ հանուն Վրաստանի» և «Լելո» կուսակցությունները։

Կուսակցությունների ֆինանսավորումը տարվա սկզբից, 2025 թվականի հուլիսի 10-ի դրությամբ.

1. Իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցություն։

Ստացել է 6,463,370 լարի։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում նվիրատվությունների չափն աճել է 2,107,200 լարիով (մայիսին այն կազմել է 4,356,170 լարի):

2. «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը ստացել է 36,371 լարիի չափով նվիրատվություն։

3. «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն»։ Ըստ «Transparency International Georgia»-ի, այն ստացել է 15,395 լարի։

4. «Դրոա» կուսակցություն։ Այն ստացել է 13,040 լարի, բայց հրաժարվել է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

5. «Պահպանողականները Վրաստանի համար» կուսակցությունը ստացել է 6,681 լարի։ Կուսակցությունն, ընտրություններին մասնակցելու նպատակով, արդեն գրանցվել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

6. «Հզոր Վրաստան» կոալիցիա։ Կոալիցիայի մեջ է մտնում նաև «Լելո» կուսակցությունը, որը 2025 թվականի հուլիսի 10-ի դրությամբ ստացել է 450,125 լարի։

7. «Միացյալ ազգային շարժում», «Ֆեդերալիստներ», «Ազատության հրապարակ», «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Ախալի» և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունները նվիրատվություն չեն ստացել։

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարանական կուսակցությունները կարող են մասնակցել ընտրություններին առանց գրանցման։ Մնացած կուսակցությունները պարտավոր են գրանցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից սահմանված ժամկետներում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝