Վերջին օրերին Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում մորեխների անսպասելի ներթափանցումը զգալի վնաս է հասցրել մի քանի ընտանիքի վարսակի արտերին։ Մորեխների հարձակումից տուժած գյուղացիները նշում են, որ նման մասշտաբով «ներխուժում» գյուղում երբեք չի եղել։
Մեծ Սամսար գյուղում մորեխների զանգվածային հարձակումը դարձել է տեղացիների մտահոգության պատճառ։ Գյուղի բնակիչներից մեկը, ում վարսակի արտերը մեծապես վնասվել են, նշում է, որ նման մորեխներ նախկինում երբեք չեն տեսել՝ «չափերով մեծ են, և քանակով՝ շատ»։
Նրա խոսքով՝ հատկապես տուժել են գյուղից հեռու՝ բարձրադիր վայրերում գտնվող հողամասերը։
«Մեր դեպքում 80 ար տարածքից 15-20-ն էլ չի մնացել։ Մնացածում էլ վնասը մեծ է։ Վարսակից բացի նաև արտում աճած մոլախոտն են ոչնչացրել»։
Մեծ Սամսար գյուղի մեկ այլ բնակչի 30 ար վարսակի դաշտն ամբողջությամբ ոչնչացվել է։ Գյուղացիներն ասում են, որ մորեխների հարձակումը եղել է անսպասելի, իսկ դրանց քանակը՝ աննախադեպ։
«Այս պահին որոշ դեղերով փորձում ենք փրկել մնացած բերքը», — նշում է մորեխների հարձակումից տուժած բնակիչներից մեկը։
Մեծ Սամսարում նշում են, որ աննախադեպ շատ քանակի մորեխներն իրենց գյուղում նկատվել են անձրևներից հետո։
Մորեխները լուրջ սպառնալլիք են դարձել։ Մեծ Սամսար գյուղից մի քիչ հեռու սունելիի և բազուկի դաշտերն են, որոնք, ըստ գյուղացիների, ևս կարող են վտանգվել, եթե մորեխները տարածվեն դեպի գյուղի մյուս հատվածներ։
«Մեր գյուղում երբեք նման բան չենք տեսել։ Այս պահին հիմնականում վնասվել են երեք ընտանիքի արտեր, սակայն, եթե մորեխները գան գյուղ, ապա շատ մարդկանց բերքը կտուժի», – ահազանգում է Մեծ Սամսարի բնակիչներից մեկը։
Տուժածները հույս ունեն, որ միջամտություն է հարկավոր, որպեսզի կանխվի աղետի վնասի չափի հետագա ընդլայնումը։