Վերջերս Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված անսպասելի ցրտահարության հետևանքով ոչ միայն գյուղատնտեսական մշակաբույսերն են տուժել, այլև վնաս է հասցվել մեղվաբուծությանը։ Տեղացի մեղվապահների խոսքերով՝ ցուրտ եղանակի պատճառով մի շարք մեղվաընտանիքներ չեն կարողացել պահպանել բնականոն գործունեությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես մեղրի բերքի, այնպես էլ մեղուների զարգացման վրա։
Jnews-ը զրուցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում մեղվաբուծությամբ զբաղվող ֆերմերների հետ։ Նրանք նշում են, որ այս տարի մեղրի բերքը նվազել է նախորդ տարվա համեմատ։
Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղից մեղվապահ Ֆելիքս Սեյրանյանի խոսքով, այս տարի մեղրի բերքը զգալիորեն նվազել է։
«Մեղրաքամի ժամանակ, մոտավորապես 50% բերքի հույս ունենք։ Ցրտահարությունը նաև մեղվափեթակներին է վնասել։ Բացի այդ, խոնավությունը նպաստում է սնկային հիվանդությունների առաջացմանը, որոնց դեմ պայքարում ենք դեղորայքի միջոցով», – նշում է Սեյրանյանը։
Մեղվապահ Վելիխան Հարությունյանի փեթակներից մի քանիսը մարել են։ Նախկին 22 փեթակից մնացել է ընդամենը 18-ը։
«Տարվա ընթացքում տարածված տարբեր հիվանդությունների հետևանքով կորցրել ենք չորս փեթակ։ Դեղորայք հասանելի չէ, իսկ շրջանում քիչ են մնացել փորձառու և լիարժեք գիտելիք ունեցող մեղվապահները»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղի բնակիչ Վելիխան Հարությունյանը։
Ըստ նրա՝ մեղվաբուծության դժվարությունները պայմանավորված են մի շարք գործոններով։ Ցրտահարությունները էական բացասական ազդեցություն ունեցան մեղվապահության վրա։
«Ցրտերը վնասեցին բույսերին, արդյունքում՝ գրեթե ծաղիկներ չկային։ Դա ուղղակիորեն անդրադարձավ մեղրի քանակի վրա»,– ընդգծում է նա։
Մեղվապահը խոսում է նաև թունաքիմիկատների վնասակար ազդեցության մասին։
«Շրջակա դաշտերում օգտագործվող թունաքիմիկատները նույնպես վնասում են մեղվին։ Եթե ծաղկի վրա նույնիսկ մի կաթիլ դեղ ընկնի, մեղուն կարող է հենց տեղում սատկել»,– նշում է Վելիխան Հարությունյանը։
Փեթակների թիվը կտրուկ նվազել է, հիվանդությունները չեն ներում մեղվապահությանը
Մեղվապահ Իսրայել Մինասյանի խոսքով՝ վերջին մեկ տարում Ախալքալաքի շրջանում մեղվապահությունը չափազանց դժվարացել է։ Եթե նախկինում նա ուներ 43 փեթակ, ապա այժմ մնացել է ընդամենը 20, այսինքն՝ 23 փեթակ մարել է։
«Այս տարին մեղուների համար բարենպաստ չէր։ Արդեն իսկ պարզ է, որ բերքատվությունն էապես ցածր է լինելու։ Մեղուների զարգացման վրա լուրջ ազդեցություն ունեն հիվանդությունները, իսկ պայքարելու միջոցները՝ շատ սահմանափակ են։ Արդեն երկար ժամանակ է Սամցխե-Ջավախքում սնկային սուր վարակիչ հիվանդություններն ակտիվ տարածում ունեն։ Խոսքը ասֆոֆերոզի մասին է, որը տեղացիներս «սեմիչկա» ենք անվանում։ Մինչև հիմա պայքարում ենք հին մեթոդներով՝ վառում ենք փեթակներն (ղուղաները), մաքրում տարածքը, որպեսզի հիվանդությունը չտարածվի», — ասում է Իսրայել Մինասյանը։
Ախալքալաքցի մեղվապահը նշում է, որ սնկային հիվանդությունների տարածման հիմնական պատճառներից մեկը խոնավություն է։ Բացի սնկայինից՝ ի հայտ է եկել նաև մեկ այլ անհայտ հիվանդություն։
«Մեղուն թռչում է, և այլևս չի վերադառնում տուն։ Այս հիվանդության ծագումը դեռ անհայտ է մեզ համար։ Ներմուծված մեղուները նույնպես շատ մեծ վնաս տվեցին մեզ, շատ հիվանդություներ հենց ներկրվածներն են իրենց հետ բերել մեր երկիր», — ընդգծում է Վելիխան Մինասյանը։
Նրա խոսքով, Ախալքալաքում մեղուների համար նախատեսված դեղորայքը սահմանափակ է, նույնիսկ Թբիլիսիից են մեծ դժվարությամբ դեղորայք կարողանում գտնել, որպեսզի բուժեն մեղուներին։
«Դա շատ վտանգավոր հիվանդություն է, որը հեշտությամբ մի մեղվից փոխանցվում է մյուսին», — եզրափակում է մեղվապահը։