Ախալքալաքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այն հիմնովին չէր վերանորգովել արդեն 40 տարի։
Այս տարի, տարեսկզբին հայտարարվել էր Ախալքալաքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքների մրցույթը։ Այն շահել էր «Աբուլ-23» ՍՊԸ-ն՝ 534 444 լարիով, նախնական գումարը կազմել է 564 034 լարի։ Մրցույթը շահած ընկերությունը գրանցված է Ախալքալաքում։ Մշակույթի տան առաջին հարկի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 209 950 լարի (ներառյալ ԱԱՀ), իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի գրադարանային միավորման երկրորդ և երրորդ հարկերի վերանորոգման աշխատանքների համար՝ 354 084 լարի (ներառյալ ԱԱՀ): Ընկերությունն աշխատանքները պետք է սկսեր 2025 թվականի ապրիլի 15-ին, սակայն սկսել է ավելի շուտ և պետք է ավարտեր դրանք 150 օրացուցային օրվա ընթացքում, բայց ավարտել է 2 ամիս շուտ։
Մենք խոսեցինք «Աբուլ-23» ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ, ով նշեց որ մշակույթի տան վերանորոգման աշխատանքներով զբաղվում է Քերոբյան Գրիգորը։ Jnews-ը կապ հաստատեց նրա հետ և խոսեց իրականացված աշխատանքների մասին։
«Աշխատանքներն արդեն վերջացրել ենք։ Գործը հանձնված է։ Աշխատանքները կատարելու համար ունեինք 5 ամիս ժամանակ, բայց մոտ 3 ամսում վերջացրել ենք», ասաց Գրիգոր Քերոբյանը։
Նա նշեց, որ աշխատանքները 2 ամիս շուտ ավարտելը պայմանավորված է եղել նրանով, որ նախատեսվածից ավելի շատ աշխատողներ է ունեցել։
«Նախատեսված էր օրինակ 10 հոգի՝ 2 ջոկատ, ես ունեցել եմ 5 ջոկատ։ Պարզ է, ինչքան շատ մարդ լինի, այնքան շուտ կվերջացնեն», — հավելեց նա։
Վերանորոգման ընթացքում առաջին և երկրորդ հարկերում փոխվել են դուռ-պատուհանները, հատակը, 4 նոր սահնագույց են վերանորոգել և այլն։ Իսկ ինչ վերաբերվում է կահավորելուն, Գրիգորը ասաց․
«Դա մեր աշխատանքների մեջ չի մտնում։ Իմ աշխատանքների մեջ մտնում է աթոռ, բեմը սարքել, դրանք բոլորն էլ արված են։ Այնտեղ պահարան են տեղադրելու, վարագույրեր են կախելու, դրանք իմ աշխատանքների մեջ չեն մտնում»։
Մշակույթի տան գրադարանի մասը նույնպես վերանորոգվել է մասամբ։
Գեղեցիկ, մաքուր և վերանորոգված սենյակների շարքերում կային չվերանորոգվածները՝ կիսաքանդ հատակով և խոնավ առաստաղներով։
Ախալքալաքի մշակույթի տունը, մինչ վերանորոգման աշխատանքներ կատարելը գտնվում էր անմխիթար վիճակում։ Հատակը կոտրված էր, պատուհանները հին էին և քամին փչում էր, ինչի արդյուքնում էլ միջանցքները և սենյակները ցուրտ էր։