Երեկ՝ հուլիսի 9-ին, Վրաստանում «1+4» ծրագրի դիմորդները քննություն էին հանձնում ընդհանուր ունակություններ առարկայից։ Jnews-ը Ախալցիխեում հետևել է քննությունների ընթացքին և խոսել դիմորդների հետ՝ նրանց տպավորությունների, դժվարությունների ու ակնկալիքների մասին։
Դիմորդների մեծամասնությունը կարծում է, որ քննության մաթեմատիկայի մասը հեշտ է, իսկ տրամաբանության մասը՝ բարդ։
Գոհար Ռաֆայելյանը Նինոծմինդայից է։ Նա քննությանը ընդամենը մի քանի օր է նախապատրաստվել, բայց իր կարծիքով դա էական ազդեցություն չի ունեցել։
«Հիմնական գիտելիքներս դպրոցում եմ ձեռք բերել։ Հույս ունեմ՝ կընդունվեմ անվճար հիմունքներով։ Եթե «1+4» ծրագիրը վերացվի, Վրաստանի պետական համալսարաններում մեր շրջանից շատ քչերը կընդգրկվեն։ Դա բացասաբար կազդի մեր ապագայի վրա։ Երիտասարդները նորից կսկսեն ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետությունում», – ընդգծում է Գոհարը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Օրջա գյուղից Անդրանիկ Մինասյանի կարծիքով, եթե «1+4» ծրագիրը դադարեցվի, ապա դիմորդների թիվը զգալի կկրճատվի։
«Մեզ մոտ մեծամասնությունը չի տիրապետում պետական լեզվին։ Վրացիների հետ հավասար պայմաններում համալասարան ընդունվել շատ դժվար կլինի, եզակիները կկարողանան հաղթահարել վրացերենով քննությունների նվազագույն շեմը», – ասաց «1+4» ծրագրի դիմորդ Անդրանիկ Մինասյանը։
Անդրանիկն առանձնապես չի նախապատրաստվել քննությանը։ Ասում է՝ քննությունը դժվար չէր, սկզբում մի փոքր լարվածություն կար, բայց դա ընթացքում անցավ։
«Եթե երկար ժամանակ պարապունքի գնաս, հաստատ անվճար կանցնես։ Ես միայն տրամաբանության պարապունքների եմ գնացել, այն էլ մի քան օր, իսկ մաթեմատիկան ինքնուրույն եմ սովորել։ Անվճարի հույս, ցավոք, չունեմ», – հավելեց նա
Դիմորդները հույս ունեն, որ «1+4» ծրագիրը կշարունակի գործել, քանի որ այն կրթական հնարավորություն է ընձեռում ազգային փոքրամասնություններին՝ առանց լեզվական խոչընդոտների բարձրագույն կրթություն ստանալու Վրաստանում։
Ընդգծենք, որ այս տարի՝ 2025 թվականին, Վրաստանում միասնական ազգային քննություններին ընդհանուր գրանցվել է 39 000 դիմորդ։ Իսկ «1+4» ծրագրի դիմորդների թվաքանակն այս տարի կազմում է 3 100 է:
Հիշեցնենք, որ 2010 թվականից Վրաստանում մշակվել է հատուկ արտոնյալ քաղաքականություն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների բարձրագույն կրթության հասանելիության համար, այսպես կոչված «1+4» ծրագիրը, որը էթնիկ դիմորդին հնարավորություն է տալիս ընդհանուր ունակությունների թեստը հանձնել մայրենի լեզվով: Համապատասխան միավորներ հավաքելու դեպքում դիմորդները 1 տարի կսովորեն վրացերեն և դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում կշարունակեն ուսումն իրենց նախընտրած ֆակուլտետներում։
Այս ծրագիրը քաղաքացիական ինտեգրման և ազգային փոքրամասնությունների բարձրագույն կրթության հասանելիության խթանման կարևոր մեխանիզմներից մեկն է: Ընդգծենք, որ 2010-2024 թվականներին տարեցտարի ավելացել է ազգային փոքրամասնությունները ներկայացնող ուսանողների թիվը։ Միայն 2020-2022 թվականներին գրանցվել է աննշան նվազում, ինչը պայմանավորված է եղել համաճարակով։ Այդ ժամանակից ի վեր ծրագրում ընդգրկված էթնիկ փոքրամասնությունների թիվը շարունակում է աճել: