«Ե՛վ գործատուն, և՛ աշխատողը պետք է անցնեն որոշակի կառուցվածքային շղթայով՝ Վրաստանում օտարերկրացուն օրինական աշխատանքի ընդունելու իրավունք ստանալու համար», — «Պալիտրա» ռադիոյի «Քո ժամանակը» հաղորդման ժամանակ ասել է Գործատուների ասոցիացիայի իրավական կոմիտեի նախագահ Վախթանգ Շուրղաիան։
Շուրղաիան մանրամասն պատմում է այն փուլերի մասին, որոնցից հետո օտարերկրացին կարող է օրինական աշխատանքի ընդունվել։
«Որպեսզի օտարերկրացին ստանա Վրաստանում աշխատելու իրավունք, նա պետք է ստանա Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից տրված թույլտվություն: Օրենքի համաձայն, նման դիմումը ներկայացնում է գործատուն կամ այն անձը, ով աշխատանքի է ընդունվելու:
Բացի այդ, գործատուն պետք է տրամադրի աշխատանքային պայմանագիր, վարձվող անձի որակավորումը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև հիմնավորի այդ անձին վարձելու անհրաժեշտությունը, այսինքն՝ բացատրի, որ Վրաստանում այս տեսակի աշխատանք կատարող մարդկանց պակաս կա։
Դրանից հետո դիմումը կքննարկվի Աշխատանքի նախարարության կողմից, որից հետո կսահմանվի թույլտվության տրամադրման վճար, որը կազմում է 500 լարի, ինչպես նաև տրամադրման ժամկետը, որը կազմում է 30 օր։
Թույլտվություն ստանալուց հետո աշխատանք փնտրող օտարերկրացին հնարավորություն կունենա փաստաթուղթը ներկայացնել հյուպատոսարան կամ Արդարադատության նախարարություն, որից հետո այդ մարմիններից մեկը նրան կտրամադրի համապատասխան բնակության թույլտվություն։
«Սա կառուցվածքային շղթա է, որը պետք է պահպանեն և՛ գործատուն, և՛ աշխատողը՝ Վրաստանում օրինական աշխատանքի անցնելու համար», — ասել է Շուրղաիան։