նորություններ 9 Հուլիսի, 2025 • Ախալքալաքում թափառող շներին բռնելու թիվը նվազում է հարձակումների աճին զուգահեռ

Ախալքալաքի լուրջ խնդիրներից մեկը, ըստ տեղի բնակիչների, թափառող շներն են։ Բնակիչները բողոքում են. շները հարձակվում են երեխաների և մեծահասակների վրա։ Գիշերը տնից դուրս գալը վտանգավոր է՝ շները խմբով թափառում են ամբողջ քաղաքով։ Հնարավոր չէ վաղ առավոտյան դուրս գալ. ոհմակները հավաքվում են նաև այգիների և մարզադաշտերի մոտ։

Վրաստանի իշխանությունները կարծում են, որ ամորձատումը, ստերջացումը և պատվաստումը կնվազեցնեն թափառող շների կողմից մարդկանց համար ներկայացվող վտանգը, սակայն իրականում դա այդպես չէ։ 2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է կծելու 148 դեպք, իսկ 2024 թվականին՝ 127: Ոչ ոք չի հաշվում, թե քանի՞ մարդ է հարձակման ենթարկվում և դա ավարտվում է միայն վախով:

2025 թվականի հունվարից մինչ օրս Ախալքալաքի մունիցիպալիտետի Հանրային առողջության կենտրոնը (ՀԱԿ) գրանցել է կենդանիների հարձակման և կծելու 62 դեպք։ Դրանցից մեկը նապաստակի կծվածք է, մեկը՝ կատվի, իսկ մնացածը՝ շների, որոնց մեծ մասը թափառող են եղել։ Հարձակման և կծելու զոհ են դարձել մեկուկեսից մինչև տասնհինգ տարեկան տասներկու երեխա։ Ամենատարեց զոհը 73 տարեկան էր։

«Մարդիկ հիմնականում մեզ են դիմում պատվաստման համար շան կծելուց հետո։ Հարձակվողներից մի քանիսը տնային են, բայց մեծ մասը՝ անօթևան։ Մենք մինչ օրս կատաղության որևէ դեպք չենք ունեցել», — ասում է Ախալքալաքի ՀԱԿ տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Հարկ է նշել, որ այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը 26 000 լարի է հատկացրել Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքից անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, ամորձատելու, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու ծառայությունների համար։ Այս նպատակների համար նախորդ տարի և դրանից առաջ հատկացվել էր նույնչափ գումար, սակայն 2025 թվականին շներին բռնելու մրցույթը դեռ չի հայտարարվել, իսկ 2024 թվականին սկսված այդ գործընթացը դեռ չի ավարտվել։

Անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, ամորձատելու, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի ենթարկելու համար 2024 թվականի մրցույթը հայտարարվել էր դեռևս մայիսին։ Սակայն, տեխնիկական հանգամանքների պատճառով գործընթացը հետաձգվեց, և կատարող ընկերության հետ պայմանագիրը կնքվեց միայն սեպտեմբերին։ Մրցույթի պայմանների համաձայն՝ մինչև նույն թվականի՝ 2024 թվականի դեկտեմբերը պետք է բռնվեր 142 շուն։

«Սա դեռ հին մրցույթն է։ Նոր մրցույթը դեռևս չի հայտարարվել։ Հին մրցույթի համաձայն՝ շներին երկու անգամ են բռնել. մեկ անգամ՝ հունվարի 12-ին, բռնվել է 9 շուն, երկրորդ անգամ՝ մայիսի 20-ին՝ 31։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 40։ Մենք բազմիցս կապ ենք հաստատել նրանց հետ։ Նրանք գտնվում են այնպիսի իրավիճակում, երբ սպասարկում են ամբողջ Վրաստանը և պարզապես չեն հասցնում», — ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլին։

Ապաստարանները, որոնք խոստացել էր կառուցել Սամցխե-Ջավախեթիի վարչակազմը, այդպես էլ չեն հայտնվել ամբողջ շրջանում, և այս խնդրի լուծումը դեռևս չի վերանայվել պետական մակարդակով։ Պետք է նշել, որ անօթևան շներին բռնելու ուշացումները նպաստում են նրանց հետագա բազմացմանը և թվաքանակի աճին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝