Նա ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, տասնյակ մրցանակներ ունի տարբեր մրցումներից, միաժամանակ սովորում է իրավաբանություն և մարզվում երեք տարբեր մարտարվեստներում։ Սակայն նրա ամենամեծ նվաճումը վերջին շրջանում սև գոտին է՝ տարիներ շարունակ ջանքերի, քրտնաջան պարապմունքների և անսասան նպատակասլացության արդյունքը։ Սա Կիմա Նորսոյանի հաջողության պատմությունն է։
Կիմա Նորսոյանը ծնունդով Նինոծմինդայից է։ Նրա կյանքի յուրաքանչյուր փուլ լի է նվաճումներով՝ թե՛ կրթական, թե՛ մարզական, թե՛ մշակութային ոլորտներում։ Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, սովորել է երաժշտական դպրոցում, պարել է տարբեր ազգերի ազգային պարեր, իսկ այսօր նա միաժամանակ իրավաբանություն է ուսումնասիրում Իլիայի պետական համալսարանում և շարունակում է իր մարզական ուղին՝ միանգամից երեք մարտարվեստով։
Բայց այս պատմության կենտրոնում Կիմայի վերջերս ստացած սև գոտին է։ Կարատեով նա սկսել է զբաղվել դեռ 8 տարեկանում, և այս տարվա հունիսին հասել է իր ամենախոշոր նվաճումներից մեկին՝ սև գոտուն։
«Սև գոտի ստանալու համար վերջին մեկ տարին ես ինտենսիվ պարապել եմ։ Ֆիզիկական դժվարություններից բացի, դա հոգեպես, էմոցիոնալ առումով ևս բարդ էր, բայց այդ ճանապարհին միշտ իմ կողքին են եղել ընտանիքս, ընկերներս և իհարկե մարզիչներս», – ասում է Կիման։
Նա մարզվում է ոչ միայն կարատեում, այլև Կրավ Մագա և Թեքվանդո սպորտաձևերում։ Նրա նպատակասլացությունն ու ճշգրիտ ժամանակի կառավարման հմտությունները նրան թույլ են տալիս համատեղել երեք տարբեր մարզաձև և բուհական ծանրաբեռնվածություն։
«Բարդ է նաև համատեղել կրթությունը և երեք սպորտաձև։ Բայց մտածում եմ՝ եթե ընտրել եմ այս ուղին, ապա պետք է մինչև վերջ հասցնեմ», – պատմում է Կիման։
Նրա կարիերան սկսել է Նինոծմինդայում՝ Մաքսիմ Արզումանյանի ղեկավարությամբ։ Այնուհետև շարունակել է Ախալքալաքում՝ Ռաֆայել Դարբինյանի մոտ, այժմ էլ մարզվում է Թբիլիսիում՝ Բեսո Խուցիշվիլիի ղեկավարությամբ։ Կիման ներկայացրել է Վրաստանը միջազգային մրցաշարերում՝ Լեհաստանում, Ռուսաստանում, Հայաստանում և այլուր՝ հավաքելով ավելի քան 50 մեդալ ու դիպլոմ։ Նա Վրաստանի և աշխարհի եռակի չեմպիոն է։
Սակայն նրա ճանապարհը չի եղել հարթ։ Նա հաճախ է բախվել կարծրատիպերի՝ թե որպես մարզուհի, թե որպես աղջիկ, ով պայքարում է մարտարվեստում։
«Այս ամբողջ ընթացքում միշտ բախվել եմ տարբեր կարծրատիպերի, բայց դրանք ինձ համար ամենավերջի տեղում են։ Ապրելով մեծ ու հնարավորություններով լի քաղաքում՝ փորձում եմ օգտվել այդ հնարավորություններից, որպեսզի ապագայում, երբ վերադառնամ Ջավախք, կարողանամ ներդրում ունենալ սպորտի զարգացման գործում»։
Կիմայի նպատակներն այսօր դուրս են անձնական հաջողությունների սահմաններից։ Նա արդեն մտածում է իր շրջանի երիտասարդների մասին։
«Միշտ մտածում եմ էլ ավելի բարձր որակավորման հասնելու մասին։ Եթե վերադառնամ իմ շրջան և ուզենամ խմբակ բացել, դա պարտադիր կլինի։ Այս պահին առանց սպորտի ապագաս չեմ պատկերացնում»։
Կիմա Նորսոյանի պատմությունը ոչ միայն անհատական հաղթանակի պատմություն է, այլ նաև կոչ բոլոր երիտասարդներին՝ հատկապես աղջիկներին։
«Կոչ եմ անում բոլորին լսել իրենց սրտի ձայնը։ Եթե զգում են, որ ինչ-որ բան իրենց սրտին մոտ է, պետք է պայքարել դրա համար։ Կարծրատիպերին ուշադրություն չդարձնել, այլ քայլել երազանքի հետևից։ Պետք է առաջ գնալ առանց հետ նայելու»։
Սև գոտին Կիմայի համար պարզապես սպորտային աստիճան չէ։ Դա տարիների աշխատանքով ու հավատի ուժով կերտված ճանապարհի խորհրդանիշ է՝ դեպի ինքնիրականացում և ապագա, որտեղ նա տեսնում է ոչ միայն իրեն, այլ մի ամբողջ համայնքի վերածնված սպորտային կյանք։