նորություններ 8 Հուլիսի, 2025 • Կինն իշխանությունում. ինչպիսի՞ն է իրավիճակն Ախալքալաքում

Գենդերային քվոտաների ներդրմամբ Վրաստանի իշխանական կառույցներում ավելի ու ավելի շատ կանայք հայտնվեցին, սակայն 2024 թվականից ի վեր պարտադիր քվոտաները վերացվեցին։ Այս առումով հարց է առաջանում, թե արդյո՞ք կապահովվի կանանց մասնակցությունն Ախալքալաքում ընտրություններին, որտեղ քաղաքականությունն ավանդաբար համարվում է «ոչ կանանց գործ»։ Jnews-ն այս հարցերի շուրջ զրուցել է այն կնոջ՝ Սեդա Մելքումյանի հետ, ով Սակրեբուլոյի անդամ է դարձել գենդերային քվոտաների ներդրումից առաջ։

2018 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում առաջին անգամ ընտրվեցին կանայք, ընդամենը՝ երկուսը։ Սակայն, նույնիսկ սա բավարար էր այս կառույցում իրավիճակը փոխելու համար։ Ամեն ինչ էլ ավելի փոխվեց 2021 թվականին, երբ մտցվեցին գենդերային քվոտաներ. այդ ժամանակ յոթ կին դարձան Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորներ։ Երկու գումարումներում էլ Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր էր իշխող կուսակցությունից Սեդա Մելքումյանը։ Նա առաջին կանանցից մեկն էր, ով իշխանության եկավ մունիցիպալիտետում։

«Ընդհանուր առմամբ, Ջավախքում 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցուցակներով մասնակցել է 493 թեկնածու, որոնցից 223-ը կանայք էին։ Մեծամասնական ցուցակներով մասնակցել է 53 թեկնածու, որոնցից միայն 7-ն էին կանայք։ Բացի այդ, Ախալքալաքում և Նինոծմինդայում քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 6 թեկնածու, որոնցից միայն մեկն էր կին»։

Սեդա Մելքումյանը համարվում է Ախալքալաքի ամենաակտիվ կանանցից մեկը։ Նրա կարիերան սկսվել է դպրոցում, որտեղ նա մինչ օրս դասավանդում է քաղաքացիական կրթություն։ Նա նաև աշխատել է հասարակական կազմակերպություններում և մի քանի տարի ներկայացրել է Վրաստանի ժողովրդական պաշտպանին Ախալքալաքում։

— Հաշվի առնելով, որ գենդերային քվոտաները վերացվել են անցյալ տարվանից, որքանո՞վ դա կազդի կանանց մասնակցության վրա քաղաքականությանը և ՏԻՄ ընտրություններին։

— Ինչ վերաբերում է քվոտաներին, կարող եմ միայն մեկ բան ասել. եթե կինը ակտիվ է, եթե նա գտնում է, որ կարող է ներգրավված լինել որոշումների կայացման գործընթացում, ապա նա բնականաբար կշարունակի իր գործունեությունը։ Ցանկացած երկրում քվոտաները ժամանակավոր բնույթ են կրում՝ մինչև որոշակի տեսակի մտածողություն չփոխվի։

— Մեր երկրում մտածողության այս փոփոխությունն արդեն տեղի ունեցե՞լ է։

— Առնվազն սակրեբուլոյի վերջին երկու գումարումներում. 2017 թվականին ներգրավված էր 2 կին, իսկ 2021 թվականին՝ արդեն 7: Կարծում եմ՝ հասարակությունն արդեն ընդունել է այն փաստը, որ կանայք նույնպես կարևոր մասնակիցներ են որոշումների կայացման գործընթացում:

— Դուք Ախալքալաքի սակրեբուլոյի առաջին կին պատգամավորներից մեկն էիք։ Ինչպե՞ս է փոխվել օրենսդիր տեղական ինքնակառավարման մարմինն այդ ժամանակվանից ի վեր։

— Ես կարծում եմ, որ կնոջ մասնակցությունը ցանկացած միջոցառման, ժողովի և այլնի որոշ չափով փոխում է մթնոլորտը. մասնակիցները, թերևս, ավելի ուշադիր են դառնում։ Եվ, բնականաբար, երբ կինն արտահայտում է իր կարծիքը, դա հաճախ մտորելու առիթ է դառնում։ Ի վերջո, կանանց համար միշտ չէ, որ տեղին է ուղղակիորեն դիմել տղամարդկանց՝ իրենց հուզող հարցերով։ Ըստ երևույթին, փոփոխություններն ակնհայտ են և տեղի են ունենում դրական ուղղությամբ՝ ցանկացած ոլորտում։

— Կանանց կարծիքը հաշվի առնվո՞ւմ է։

— Հիմա՝ այո։ Այն պահից ի վեր, ինչ ես Սակրեբուլոյում եմ, կանանց կարծիքը սկսվել է հաշվի առնվել։ Բայց առաջ պարզապես կանայք չկային՝ ոչ ոք չկար, ում կարող էին լսել։ Կանանց ներկայացվածությունը զրոյական էր։

— Ախալքալաքի Սակրեբուլոյում կանայք հիմնականում ներկայացնում են իշխող կուսակցությունը։ Ի տարբերություն իշխող կուսակցության, ընդդիմությունը Սակրեբուլոյում կանանց ներկայացուցիչ չի ունեցել։ Ինչ եք կարծում՝ իրավիճակը կարո՞ղ է փոխվել։

— Չեմ կարող ասել։ Ես կանխատեսումներ չեմ անում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝