Վրաստանում գործող «1+4» ծրագիրը, որը տարիներ շարունակ հնարավորություն է տվել էթնիկ փոքրամասնություններին համալսարան ընդունվել մայրենի լեզվով քննություն հանձնելով, այս օրերին փակման սպառնալիքի տակ է։
Ծրագրի հնարավոր փակման լուրը անորոշություն և հիասթափություն է առաջացրել դիմորդների շրջանում։ Jnews-ը զրուցել է այս տարվա դիմորդների հետ, որոնք պատրաստվում են հուլիսի 9-ին մասնակցել ընդունելության քննություններին, նրանք կիսվել են իրենց սպասումներով, մտահոգություններով և հստակ շեշտել՝ առանց այս ծրագրի իրենք դժվար թե կարողանային բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանում։
Առաջարկում ենք ծանոթանալ դիմորդներից մի քանիսի կարծիքին:
«Մեր հնարավորությունն է՝ մնալ Վրաստանում և կրթվել այստեղ»
17-ամյա Լուսինե Սլդոյանը Գանձա գյուղից ավարտել է դպրոցն ու մեծ ցանկություն ունի ուսումը շարունակելու հենց Վրաստանում։ Նրա երազանքն է ընդունվել Թբիլիսիի Պետական համալսարան։ Դիմորդը վստահ է՝ «1+4» ծրագիրն այն կամուրջն է, որն իր նման շատերի համար կապ է ապահովել դպրոցից դեպի համալսարան։
«Ես հաճախել եմ անհատական պարապմունքների և պատրաստ եմ քննությանը։ «1+4» շատ լավ ծրագիր է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս քննությունը տալ մայրենի լեզվով։ Եթե չլիներ այս ծրագիրը, դժվար կկարողանայի քննություն հանձնել, վրացերենին լավ չտիրապետելու պատճառով», – ասում է Լուսինեն։
Նրա խոսքերով՝ եթե ծրագիրը փակվի, Վրաստանում ապրող շատ հայ երիտասարդներ այլընտրանք պարզապես չեն ունենա։
«Դպրոցներում վրացերենի մակարդակը դեռ բարձր չէ։ Եթե ծրագիրը փակվի, վստահ եմ՝ հայերի 99 տոկոսը Հայաստան կգնա ուսումը շարունակելու։ Իսկ Վրաստանը կկորցնի իր ապագա քաղաքացիների մի մասին»։
«Եթե ծրագիրը չլինի, կպակասեն նաև մասնագետները»
Ծալկայի շրջանի Բուռնաշեթ գյուղից Էլզան նույնպես երազում է ուսանել Թբիլիսիի պետական համալսարանում։ Իր խոսքով՝ «1+4» ծրագիրն այն եզակի հնարավորությունն է, որը թույլ է տալիս նրանց՝ Վրաստանում ծնված ու մեծացած, կրթվել հայրենիքում։
«Ծրագիրը հոյակապ հնարավորություն է Վրաստանում սովորելու համար։ Ճիշտ է՝ ամեն ինչ կախված է դիմորդի ջանքերից, բայց «1+4»-ը տալիս է գլխավոր շանսը՝ սկսելու։ Լուրն այն մասին, որ ծրագիրը կարող է փակվել՝ ցավալի է։ Դիմորդների թիվը կպակասի, ու մեր երկրում՝ Վրաստանում, համեմատաբար քիչ մասնագետներ կունենանք»։
«Մի քանի տարի գուցե ոչ մի հայ կամ ադրբեջանցի չուզենա այստեղ սովորել»
Հասմիկը՝ Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղից, քննություններին պատրաստվում է փետրվարից։ Նրա ցանկությունն է ընդունվել Թբիլիսիում գործող բուհերից մեկը՝ ապագայում Վրաստանում ապրելու և աշխատելու նպատակով։
««1+4» ծրագիրը մեծ հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին՝ ինչպես հայերին, այնպես էլ ադրբեջանցիներին։ Նրանք ովքեր վատ են տիրապետում վրացերենին կամ ընդհանրապես չեն տիրապետում, առանց այս ծրագրի չեն կարողանա ընդունվել բուհեր։ Կտրուկ դադարեցումը կտանի նրան, որ մի քանի տարի ոչ մի հայ կամ ադրբեջանցի դիմորդ Վրաստանում սովորելու ցանկություն չի ունենա։ Նրանք պարզապես պատրաստ չեն այդ փոփոխությանը»։
Չնայած պաշտոնական աղբյուրները դեռ հստակ չեն հաստատել ծրագրի փակման մասին պտտվող լուրերը, շրջանառվող խոսակցությունները արդեն իսկ հարված են հասցնում դիմորդների վստահությանը։ «1+4» ծրագիրը, որն ուղեկցել է բազմաթիվ երիտասարդների դեպի բարձրագույն կրթություն՝ մայրենի լեզվով քննություն հանձնելու հնարավորությամբ, դարձել է կրթական հավասարության խորհրդանիշ Վրաստանում ապրող փոքրամասնությունների համար։
Ծրագրի դադարեցումը ոչ միայն կսահմանափակի նրանց մուտքը բուհեր, այլ նաև կարող է խորացնել հասարակական մեկուսացումը՝ թուլացնելով ինտեգրացիան։ Իսկ երբ կրթության դռները փակվում են, փակվում է նաև ապագայի դուռը։
Ընդգծենք, որ «1+4» կրթական ծրագիրը Վրաստանում ներդրվել է 2010-2011 ուսումնական տարում՝ հատուկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Առաջին տարում ուսանողները սովորում են վրացերեն, ապա ուսումնական տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի բարեհաջող ավարտ) ուսանողները հնարավորություն են ստանում շարունակելու կրթությունն իրենց նախընտրած ֆակուլտետում՝ առանց որևէ քննություն հանձնելու: