Հուլիսի 5-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ֆիլիպովկա գյուղի մերձակայքում գյուղացիները նկատել են արջերի։ Տեղացիների խոսքերով՝ նման դեպքերը վերջին շրջանում հաճախացել են, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Արջերը վտանգ են ներկայացնում ինչպես գյուղացիների, այնպես էլ անասունների համար։
Նման միջադեպերը լրջագույն խնդիր են ստեղծում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակչության համար։
Գյուղացիները հորդորում են համապատասխան կառույցներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վայրի կենդանիների տեղաշարժը վերահսկելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
Ֆիլիպովկա գյուղի բնակիչ Մուրադ Թագվորյանը հաստատում է արջերի առկայությունն իրենց բնակավայրում։
«Երկու օր առաջ մեր գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա նկատել ենք թվով վեց արջի։ Դա լուրջ խնդիր է մեզ՝ գյուղացիներիս համար։ Աստված մի արասցե՝ եթե բնակիչներից մեկը վնասվի, ո՞վ է պատասխան տալու դրա համար», — նշեց նա։
Մուրադ Թագվորյանը հավելեց նաև, որ այն գյուղացիները, ովքեր մեղու ունեն, հետևում են, որպեսզի արջերը չմոտենան ու վնաս չպատճառեն։
Ախալքալաքի քաղաքապետարանի բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով, իրենք արդեն տեղյակ են պահել համապատասխան կառույցներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Արջերի խնդիրը բավական լայն տարածում ունի մեր տարածաշրջանում։ Հոկամ գյուղում նույնպես արջեր են նկատվել։ Ես դեռ մեկ ամիս առաջ այս մասին տեղյակ եմ պահել ՍՊՀ Կենդանիների մոնիթորինգի գործակալությանը։ Հոկամի բնակիչները նաև գրավոր դիմում են ներկայացրել։ Չեմ կարող հստակ ասել՝ գործակալությունն արձագանքել է, թե ոչ, գուցե դրա պատճառով էլ այժմ Ֆիլիպովկայի տարածքում են երևում արջերը։ Հնարավոր է՝ սա արդեն ուրիշ խումբ է։ Գլխավորն այն է, որ արջերը հիմնականում գտնվում են պահպանվող տարածքներում, որտեղ որսն արգելված է, ինչի հետևանքով էլ դրանց թիվը զգալիորեն աճել է», — ասաց Խուցիշվիլին։
Jnews-ը խոսել է նաև Հոկամ գյուղի բնակիչներից մեկի հետ, ով ևս հաստատեց արջերի հայտնվելու մասին տեղեկությունները։
«Մոտ երեք շաբաթ առաջ մեր գյուղում նկատել են արջի։ Դա լուրջ վտանգ է ներկայացնում գյուղացիների համար»,- ասաց Հոկամ գյուղի բնակիչը, չցանկանալով նշել անուն ազգանունը։