2024 թվականի անկումից հետո Վրաստանի ՏՏ ոլորտը ցուցաբերում է եկամտի կտրուկ աճ։ 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտաքին եկամուտները կազմել են 266 միլիոն դոլար, ինչը 70%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։
Սա տեղի է ունենում միջազգային ՏՏ ընկերությունների կարգավիճակ ունեցող ընկերություններում աշխատողների թվի նվազման, ինչպես նաև Վրաստան ժամանակավորապես տեղափոխված մասնագետների մի մասի արդեն երկրից դուրս գալու ֆոնին։
Ինչպես BMG-ին տված հարցազրույցում նշել է ամերիկյան Lineate ծրագրային ապահովման ընկերության փոխնախագահ Գիորգի Ցիկոլիան, առաջին եռամսյակում եկամտի նման մեծածավալ աճն անակնկալ էր նաև իր համար։ Այնուամենայնիվ, նա նշում է մի քանի գործոններ, որոնք կարող էին ազդել դրա վրա:
«Անկեղծ ասած, ոլորտի եկամուտների 70%-ոց աճը ինձ զարմացրեց. սա շատ մեծ ցուցանիշ է, գուցե դա պայմանավորված է որևէ մեկ գործոնով։ Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, մենք շարունակեցինք աշխատել ըստ նախատեսված պլանի։ Մեր աճը չկազմեց 70%-ի, բայց եկամուտների աճ այնուամենայնիվ կա», — նշել է նա։
Նրա խոսքով՝ աճը պայմանավորված է հետևյալ պատճառներով.
1. ՏՏ ծառայությունների գների աճ, հատկապես ԱՄՆ-ում (ընկերության հիմնական շուկան) և ԵՄ երկրներում։ Այս ծառայությունները մի քանի տարի շարունակ գտնվում են գնաճային ճնշման տակ։
2. Արհեստական բանականության ներդրման միջոցով արտադրողականության բարձրացում. անցյալ տարի ընկերությունը սկսել է օգտագործել արհեստական բանականությունն աշխատանքային գործընթացներում: Չնայած աշխատողների թիվը նվազել է, մեկ շնչի հաշվով արտադրողականությունը զգալիորեն աճել է։ Ապագայում ընկերությունը նախատեսում է ամրապնդել այս ուղղությունը։
«Կարծում եմ՝ մյուս խաղացողները, հատկապես մեզանից խոշորները, ավելի շատ են ներդրումներ կատարում նոր տեխնոլոգիաների մեջ՝ արդյունավետությունը բարելավելու և շահագործման ծախսերը կրճատելու համար։ Չեմ կարող ճշգրիտ ասել, թե որքանով են այս գործոններն արտացոլված հրապարակված տվյալներում, բայց ապագայում արհեստական բանականության ներդրումը լուրջ փոփոխություններ կբերի ինչպես մեր ոլորտի, այնպես էլ ամբողջ տնտեսության մեջ», — հայտարարել է Ցիկոլիան։
Տեղեկատվության համար. ամբողջ 2024 թվականի համար Վրաստանի համակարգչային և տեղեկատվական ծառայությունների ոլորտի արտաքին եկամուտը կազմել է 688 միլիոն դոլար, ինչը գրեթե 100 միլիոն դոլարով պակաս է 2023 թվականի ցուցանիշից (784 միլիոն դոլար):
Բացի այդ, 2024 թվականին միջազգային ՏՏ ընկերության աշխատակիցների միջին թիվը նվազել է 27%-ով՝ հասնելով 64 մարդու։