նորություններ 5 Հուլիսի, 2025 • Ախալքալաքն առանց ընդդիմության. ինչպիսին կարող են լինել ընտրությունները քաղաքականապես պասիվ մարզում

Այսօրվա տվյալներով, Վրաստանում, ութ ընդդիմադիր կուսակցություն հայտարարել են, 2025 թվականի հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Ախալքալաքում ընդդիմադիր կուսակցություններն, ավանդաբար, նախկինում մեծ ակտիվություն չեն ցուցաբերել, ու այս իրավիճակում մեծ հարց է, թե, ընդհանրապես, արդյոք իմաստ ունի պայքարել Ախալքալաքի ընտրողի ձայնի համար:

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները միշտ էլ ակտիվ չեն եղել շրջաններում, հատկապես Ախալքալաքի մունիցիպալիտետում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ փոքրամասնություններով։ Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ տարբեր կերպ են բացատրում նման պասիվության պատճառները, բայց ընդհանուր առմամբ բոլոր բացատրությունները հանգում են էթնիկ փոքրամասնություններին ներգրավելու համար շատ մեծ ծավալի աշխատանքի անհրաժեշտությանը և սահմանափակ ֆինանսական ռեսուրսներին։

Մինչ օրս ութ խոշոր ընդդիմադիր կուսակցություն արդեն հրաժարվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2025 թվականի հուլիսի 3-ի դրությամբ, գրանցվել էր միայն երկու ընդդիմադիր կուսակցություն՝ «Պահպանողականները Վրաստանի համար» և «Հայրենիք, լեզու, հավատք» կուսակցությունները։

Դեռևս անհայտ է, նրանք կմնան միակը, թե այլ ընդդիմադիր ուժեր ևս կմիանան ընտրություններին։ Jnews-ը Ախալքալաքի Սակրեբուլոյի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների հետ քննարկեց, թե ինչպիսին կարող են լինել Ախալքալաքի ՏԻՄ ընտրություններն այսպիսի պայմաններում։

«Լելո» կուսակցության պատգամավոր Զաքար Զաքարյանը կարծում է, որ Ախալքալաքում աշխատելու համար ընդդիմադիր թեկնածուները պետք է լինեն տեղում հայտնի դեմքեր։

«Ախալքալաքում պետք է նոր կուսակցությանը ճանաչեն. եթե այն հայտնի չէ, ապա ընտրողներ չի ունենա։ Կուսակցությունը պետք է ներկայացնի այնպիսի մի մարդ, որին բոլորը ճանաչում են։ Կարծում եմ, մենք ունենք կուսակցություններ, որոնք ունեն իրենց ընտրողներն անկախ նրանից, թե ով է ներկայացնում կուսակցությունը։ Օրինակ՝ Միասնական ազգային շարժումն ունի իր ընտրողներն անկախ նրանից, թե ով է ներկայացնում կուսակցությունը, բայց ընդհանուր առմամբ, շատ բան կախված է հենց անհատից», — ասում է Զաքար Զաքարյանը։

Նա չգիտի՝ «Լելո» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, թե ոչ։

«Մենք հրաժարվածների թվում չկանք, ինչից կարող ենք եզրակացնել, որ կմասնակցենք։ Ես որևէ կոնկրետ հրահանգ չեմ ստացել», — հավելում է նա։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության Սակրեբուլոյի պատգամավոր Հարություն Ալեքսանյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին։

«Ես այլ կուսակցություններով չեմ հետաքրքրվում, մեր կուսակցությունն ունի նման դիրքորոշում, դա փաստ է։ Մենք դեռ չենք մասնակցում, հետո չգիտեմ, կասկածում եմ, որ նրանք կփոխեն իրենց միտքը», — ասում է Հարություն Ալեքսանյանը։

Մյուս ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքը նա մեկնաբանում է այսկերպ.

«Ընտրությունները տեղի կունենան անկախ նրանից, ընդդիմադիր կուսակցությունները կմասնակցեն, թե ոչ։ Նրանք կարող են մասնակցել, բայց կարծում եմ, որ ավելի հայտնի և կշիռ ունեցող կուսակցությունները չեն մասնակցում, և քիչ հավանական է, որ մնացածը հաջողության կհասնեն», — ասում է Հարություն Ալեքսանյանը։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Շիրվան Շիրինյանը նշեց, որ իրենց կուսակցությունն այն ութ կուսակցությունների շարքում է, որոնք հրաժարվել են մասնակցել ընտրություններին։ Սակայն, նա ընդգծեց, որ վերջնական որոշումը դեռ կարող է փոխվել։

«Մենք ժամանակ ունենք մինչև օգոստոս։ Ամեն ինչ կարող է փոխվել։ Եթե կուսակցությունը որոշի մասնակցել, մեզ կտեղեկացնեն։ Մենք սպասման մեջ ենք։ Եթե հրաման գա, ապա մենք ունենք բազա, և կարող ենք արագ կազմակերպել ամեն ինչ և ներգրավվել գործընթացին», — ասաց Շիրինյանը։

Նշենք, որ հուլիսի 1-ին 8 ընդդիմադիր կուսակցություն համատեղ հայտարարություն էին տարածել, որ հրաժարվում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Դրանք են՝ «Ազատության հրապարակ», «Դրոա», «Գիրչի — ավելի շատ ազատություն», «Միացյալ ազգային շարժում», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Եվրոպական Վրաստան», «Ախալի», «Ֆեդերալիստներ»։

Ութ ընդդիմադիր կուսակցություն հրաժարվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝