նորություններ 5 Հուլիսի, 2025 • Ով և ինչպես է վերահսկում Ախալքալաքի խմելու ջրի որակը

Ախալքալաքը և որոշ բնակավայրեր խմելու ջուրը ստանում են «Աբլար» ջրամբարից։ JNEWS-ի խմբագրությունը կապ հաստատեց ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» հետ պարզելու, թե ինչպես է վերահսկվում Ախալքալաքում խմելու ջրի որակը ու արդյոք ապահովվում է «Աբլար» ջրամբարի անվտանգությունը։

ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» պաշտոնական պատասխանում նշված է.

«Խմելու ջրի որակն Ախալքալաքում ապահովելու համար ընկերությունը պարբերաբար մոնիթորինգ է անցկացնում՝ սկսած ջրի արդյունահանումից մինչև բաժանորդի միացման կետը («կարմիր գիծը»): Աշխատանքները կատարվում են հաստատված ծրագրերի և նախապես սահմանված հաճախականության համաձայն:

Լաբորատոր ծառայությունները մատուցվում են ընկերության կազմում գործող փորձարկման լաբորատորիաների, մասնավորապես՝ սպասարկման կենտրոնի Ախալքալաքի մասնաճյուղի և Սամցխե-Ջավախքի մարզային մասնաճյուղի այլ լաբորատորիաների կողմից։ Բացի այդ, խմելու ջրի նմուշները սահմանված ժամանակահատվածներում լաբորատոր ստուգման են ուղարկվում Թբիլիսիի հավատարմագրված ջրային լաբորատորիա։

Բացի այդ, ընկերության տվյալներով, Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ազգային սննդի գործակալության մարզային գրասենյակի աշխատակիցները, պարբերաբար կատարում են ջրի նմուշառումներ և դրանց անալիզը կատարում հավատարմագրված լաբորատորիաներում։

«Ջրի անվտանգությունն ու որակն ապահովելու համար մշտապես վերահսկվում է մնացորդային քլորի մակարդակը։ Ընկերությունը նաև պարբերաբար ստուգումներ է անցկացնում ջրառային կառույցներում, նրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին գնահատելու նպատակով։ Տարին մեկ անգամ կատարվում է ստացված տվյալների անալիզ, ռիսկերի բացահայտում և իրավիճակի ընդհանուր գնահատում», — հստակեցվում է պատասխանում։

Jnews-ը հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում ոռոգման սեզոնի ընթացքում ջրի ճնշումը պահպանելու համար, քանի որ հուլիս-օգոստոս ամիսներին ջրի ճնշումն այնքան է ընկնում, որ բազմահարկ շենքերի պոմպերը նույնիսկ չեն կարողանում ջուրը բարձրացնել երկրորդ երրորդ հարկերից վերև։ Ընկերությունը պատասխանեց, որ խմելու ջրի (ներառյալ ոռոգման) չարաշահումը կանխելու համար ընկերությունն ամբողջ երկրում ջրաչափեր է տեղադրում։

«Իրավիճակը կարելի է փոխել տեղադրելով ջրաչափեր, որոնք թույլ կտան մեզ վերահսկել սպառումը և կանխել ջրի չարաշահումը», — նշել են ընկերությունում։

JNEWS-ի խմբագրությունը կապ հաստատեց նաև Սննդի ազգային գործակալության մամուլի ծառայության հետ՝ պարզելու, թե որքան հաճախ է ստուգվում Ախալքալաքի ջրի որակը և արդյոք որևէ խախտում հայտնաբերվել է։ Մեր հարցումին պատասխանեցին հետևյալը.

«Անհնար է ամեն շաբաթ ջուրը ստուգել, եթե խախտումներ չեն գրանցվել։ Ես տեղյակ չեմ ձեր մոտ առկա որևէ խնդրի մասին։ Ստուգումները կատարվում են պետական ծրագրի շրջանակներում, որը որոշում է դրանց ինտենսիվությունը», — հայտնեցին մամուլի ծառայությունից և խոստացան մանրամասները պարզել առաջիկա օրերին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝