«Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնը» վերլուծություն է անցկացրել Ախալքալաքի և Նինոծմինդայի միջազգային ճանապարհների վիճակի վերաբերյալ։ Կենտրոնի կայքում հրապարակված ճանապարհների վիճակի վերլուծությունը վերնագրված է հետևյալ կերպ. «Հարևան երկրների հետ կապող միջազգային մայրուղիները պահանջում են անհապաղ վերականգնողական աշխատանքներ»:
«Այս տարվա հունիսի 15-ին ենթակառուցվածքների նախարարի Ախալքալաքի մունիցիպալիտետ կատարած այցը հստակ ցույց տվեց հարևան երկրները կապող միջազգային մայրուղիների խնդիրները։
Ախալքալաքի շրջանում ձգձգված և անավարտ ճանապարհային նախագծերը դժվարություններ են ստեղծում բեռնատար մեքենաների տեղաշարժի համար, ինչը, առաջին հերթին, բացասաբար է անդրադառնում տարանցիկ երթևեկության վրա։
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արագ արձագանք և անհետաձգելի վերականգնողական միջոցառումներ՝ շրջանում անվտանգ, արդյունավետ և անխափան տրանսպորտային տեղաշարժն ապահովելու համար», — սկսում է իր վերլուծությունը «Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոն»-ը։ Նշենք, որ վերլուծությունը տեղ-տեղ հղում է կատարում նաև Jnews-ի ճանապարհների վիճակի վերաբերյալ նյութերին։
Վերլուծության մեջ նշվում է Նինոծմինդայի սահմանային անցակետ տանող և Հայաստանի հետ կապող ճանապարհի անմխիթար վիճակը։ Քանի որ ճանապարհի այս հատվածը կարևոր է ոչ միայն տեղի բնակչության ամենօրյա տեղաշարժն ապահովելու համար, այլև հանդիսանում է Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական բեռնափոխադրումները սպասարկող հիմնական տարանցիկ երթուղիներից մեկը։
Վերլուծության մեջ մեջբերվում են բեռնատարների վարորդների խոսքերը. «Այսօր ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ եթե մենք աշխատում ենք մեկ լարի, ապա տասը ծախսում ենք մեքենաների նորոգման վրա։ Ոչ մի օր չի անցնում, որ բեռը վնասված չհասնի իր նշանակման վայր»։
Մեջբերվում է նաև վարորդներից մեկի սոցիալական ցանցում արված հայտարարությունը.
«Նինոծմինդայի ուղղությամբ ստեղծվել է անմխիթար իրավիճակ։ Ամեն անգամ, երբ անցնում ենք, վճարում ենք 350 լարի ճանապարհային վճար, և ոչ մի ելք տեսանելի չէ։ Ինչպե՞ս կարելի է այս ճանապարհով երթևեկելու համար գումար գանձել։ Կամ ինչի՞ վրա է ծախսվում այս գումարը։ Գիշեր-ցերեկ առնվազն 200 մեքենա է շարժվում, բայց այս ճանապարհից գումար է մուտք գործում, գումարը վճարվում է չէ՞, կամ գոնե փոսերը լցնեն գրունտով։ Անցնում ես սահմանը, հայկական կողմից կատարյալ ճանապարհ է, այստեղ անցնում ես՝ դժոխք է, իսկ երեք տարի առաջ հակառակն էր»։
Նինոծմինդայի ուղղությամբ ճանապարհի քարուքանդ վիճակն ամբողջ հատվածի երկայնքով է, իսկ պետական ծրագրի համաձայն՝ այս տարի նախատեսված էր միայն այս ճանապարհի կամրջի վերականգնումը։ Սակայն, ինչպես Jnews-ի հետ զրույցում խոստացել էին Ճանապարհային վարչությունից, այս ճանապարհին փոսային նորոգումներ կիրականացվեն, սակայն «ե՞րբ» հարցին պատասխան մենք չունենք։
«Ախալքալաք-Կարծախ ճանապարհին տիրող իրավիճակը ոչ պակաս աղետալի է», — գրում է Կենտրոնը։
«Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ախալքալաք-Կարծախ ճանապարհին բեռնատարների երթևեկության ինտենսիվությունը զգալիորեն աճել է։ Թուրք-վրացական սահմանին մոտենալու համար բեռնատարները պետք է հաղթահարեն ճանապարհի վնասված հատվածը. հաճախակի են լինում դեպքեր, երբ հանդիպակած մեքենաները զիջում են միմյանց՝ փոսերի մեջ չընկնելու համար», — գրում է Կենտրոնը։
Կենտրոնն իր վերլուծության եզրակացության մեջ գրում է, որ ենթակառուցվածքների նախարարի Ախալքալաքի մունիցիպալիտետ կատարած այժմյան այցը հույս է ներշնչում, որ ստեղծված իրավիճակում այս տարածաշրջանում ձգձգված և անավարտ միջազգային միջպետական ճանապարհային նախագծերն արմատապես կլուծվեն՝ հարևան երկրների հետ բեռնատար մեքենաների անվտանգ և անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Բայց հարց է առաջանում. ճանապարհների այս վիճակը գրանցվում է տարեսկզբից, արդեն կես տարի է անցել, ինչո՞ւ է հակազդումն ուշանում։ 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներից ի վեր, Jnews-ի հեռախոսազանգերին ի պատասխան, որոնք վերաբերում են գոնե մրցույթի հանված վայրերի վերականգնմանը, մենք պատասխան ենք ստանում՝ «մոտ ապագայում», որը դեռևս չի եկել։