նորություններ 5 Հուլիսի, 2025 • Տեխասում ջրհեղեղի հետևանքով 24 մարդ է զոհվել, ավելի քան 20 երեխա անհետ կորել է

Տեխասի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ամառային ճամբարում հանգստացող ավելի քան 20 երեխա համարվում է անհետ կորած։

Տեխասի մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, շատ ճանապարհներ ավերված են, հեռախոսագծերը անջատված են։

Մինչ այժմ փրկվել կամ տարհանվել է ընդհանուր առմամբ 237 մարդ։

Փրկարարները դեռևս որոնում են մինչև 25 աղջիկների, որոնք ճամբարում էին Քերվիլի մոտակայքում, Սան Անտոնիոյից 65 մղոն հյուսիս-արևմուտք գտնվող «Քեմփ Միստիկ»-ում։

Իշխանությունները հայտնում են, որ ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և նավակների միջոցով որոնողական-փրկարարական գործողությունները կշարունակվեն մինչև բոլոր անհետ կորածների գտնվելը։

Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը ստորագրել է արտակարգ դրության մասին հայտարարություն, որով փրկարարներին հասանելիություն է տրվում բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին և ասել է, որ անհետ կորածների որոնումները կշարունակվեն։

Հուլիսի չորսի տոնակատարությունները չեղարկվել են ամբողջ նահանգում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում տեղի ունեցած իրադարձությունները անվանեց «ցնցող» և «սարսափելի», իսկ Սպիտակ տունը խոստացավ լրացուցիչ օգնություն նահանգին։

Ըստ իշխանությունների՝ Գվադալուպե գետը մեկ ժամից էլ պակաս ժամանակում բարձրացել է գրեթե 8 մետր, իսկ հաջորդած ջրհեղեղը քշել-տարել է շարժական տներ, մեքենաներ և տնակներ, որտեղ մարդիկ անցկացնում էին հուլիսի չորսի տոնը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝