2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի միջև բռնկվեց տասնամյակների ընթացքում ամենամեծ ռազմական հակամարտությունը։ 12-օրյա պատերազմը ազդեցություն ունեցավ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի վրա, մտահոգություն առաջացնելով Հայաստանում։ Ինչ հետևանքներ ունեցավ այն տարածաշրջանի համար, ինչու էր ԱՄՆ միջամտությունը վճռորոշ, և արդյոք փոխվեց ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ JNEWS-ը այս մասին զրուցեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։
— Ինչպես է Իրան-Իսրայել պատերազմն ազդել Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի վրա։
— 2025 թվականի հունիսը նշանավորվեց աննախադեպ իրանա-իսրայելական ռազմական բախմամբ, որը էապես տարբերվում էր նախորդ տարիների սահմանափակ բախումներից։ Վերջին տարիներին այս Էսկալացիան ամենաուժեղն էր Հայաստանի և Հարավային Կովկասի սահմանների մոտ։ Եթե պատերազմը շարունակվեր, Հարավային Կովկասը կբախվեր լուրջ քաղաքական, տնտեսական և անվտանգության խնդիրների։ Բայց քանի որ այն տևեց 12 օր, երկարաժամկետ ազդեցություն չեղավ։ Հարավային Կովկասին չհասցվեց այն վնասը, որը կարող էր հասցվել երկարաժամկետի ընթացքում։ Ամեն դեպքում, այս բախումը ցույց տվեց, որ Իսրայելը օդում գերակայուն է, և Իրանը պետք է դա հաշվի առնի ցանկացած նոր ագրեսիայի ժամանակ։ Սակայն, ամեն դեպքում, Իսրայելը չկարողացավ հասնել իր գլխավոր նպատակին։ Վերջին 12 օրերի ընթացքում մենք ականատես եղանք հետաքրքիր զարգացուների կախված Իրանի ռազմական ներուժի և թե Իրանի նկատմամբ ռազմական արձագանքի նկատմամբ։
— Ինչ կոնկրետ խնդիրների կարող էր բախվել Հարավային Կովկասը պատերազմի երկար ընթացքի դեպքում։
— Անվտանգության տեսանկյունից, եթե քո հարավային սահմաններին պատերազմական իրավիճակ է, կարող է փախստականների մեծ հոսք լինել, և Հայաստանը, լինելով փոքր պետություն, պետք է պատրաստ լիներ նրանց ընդունելուն։ Բայց քանի որ բախումը կարճատև էր, մեծ հոսքեր չեղան։ Բացի այդ, քանի որ Իրանը միջազգային հարթակներում, տարածքային ամբողջականության հարցերում միշտ աջակցում է Հայաստանին, եթե Իրանը ներքաշված լիներ երկարատև պատերազմի մեջ, այն դիրքորոշումները, որը խաղաղ ժամանակ կարող էր արտահայտել, պատերազմի ժամանակ չկարողանար լիովին արտահայտել։
Տնտեսական տեսանկյունից մենք գիտենք, որ Հայաստանի և Իրանի միջև շատ սերտ համագործակցություն կա։ Քանի որ մենք բաց սահմաններ չունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մեր հիմնական առևտրաշրջանառությունը տեղի է ունենում Վրաստանի սահմանով և Իրանի հետ։ Իրանի հետ կան մի քանի նախագծեր, և ռազմական հակամարտության դեպքում Իրանի հետ տնտեսական գործունեությունը կսահմանափակվի, իսկ համատեղ նախագծերը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ»-ը կտուժեն։ Այն Հայաստանի այլընտրանքային ճանապարհներից մեկն է։ Մյուս կողմից, եթե ամբողջ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, ապա զբոսաշրջությունը նույնպես սահմանափակվում է։
— Ինչ դեր խաղաց Ամերիկան ռազմական գործողությունների բռնկման և կարգավորման գործընթացում։
— Ակնհայտ է, որ Իսրայելի գլխավոր դաշնակիցը Միացյալ Նահանգներն է, և եթե Միացյալ Նահանգները համակարգված կերպով չհրահրեր ռազմական գործողություններ, Իսրայելը չէր իրականացնի այդ ռազմական գործողությունները։ Ամեն դեպքում, ԱՄՆ-ն խոստովանեց, որ ներգրավված է եղել։ Եվ մենք պետք է հաշվի առնենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները սկսվել էին ապրիլին, և հինգերորդ փուլն արդեն եղել էր, և որոշ համաձայնություններ արդեն ձեռք էին բերվել։ Այնուամենայնիվ, ամեն դեպքում, այս միջուկային հարցը երկու կողմերի միջև խնդիրն էր, և իրանական կողմը նշել էր, որ պատրաստ է զիջումների գնալ՝ հարստացումը կրճատելով մինչև 5%, ինչն ընդունելի էր ԱՄՆ-ի համար։ Դրանից հետո ԱՄՆ-ն պահանջեց Իրանում միջուկային հարստացման լիակատար դադարեցում, ինչն անընդունելի է Իրանի համար։ Փոխզիջման չգնալու հետևանքն այն էր, որ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա և ունեցանք այն, ինչ ունեցանք։ ԱՄՆ-ը նույնպես հարվածներ հասցրեց միջուկային օբյեկտներին։ Ատոմային օբյեկտներին հասցված վնասի չափը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, բայց կարծում եմ, որ վնասը մեծ էր։ Ճիշտ է, հնարավոր է, որ հարստացված ուրանի պաշարները տեղափոխվել էին։ Իրանը հայտարարել էր, որ միջուկային օբյեկտներից պաշարները տեղափոխել են։ Այս ամենը ցույց է տալիս, որ բանակցությունները և ռազմական գործողությունները պետք է դիտարկվեն անբողջության մեջ, և հիմա խոսվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման մասին, սակայն բարձրաստիճան դիվանագետները հայտարարել են, որ դեռևս ոչ մի պայմանավորվածություն չկա, թե ժամկետների, թե բանակցությունների ձևաչափի առումով։
— Արդյոք Իսրայելի միակ նպատակը Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելն էր։
— Իրանը երբեք չի հայտարարել, որ իրենց նպատակը միջուկային զենք ստեղծելն է, և նշում է, որ իր գլխավոր նպատակն ուրանի հարստացումը քաղաքացիական նպատակներով օգտագործելն է։ Ամեն դեպքում, ԱՏԷՄԻԳ-ը (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) ստուգումներ է անցկացրել և պարզել, որ իրանական միջուկային ծրագրի մակարդակը հասել է բարձր հարստացման մակարդակի, նույնիսկ արդեն խոսում են մինչև 90%, որից հետո հնարավոր է միջուկային զենքի ստեղծումը։ Իրանի և Իսրայելի միջև թշնամական հայտարարությունները տասնամյակներով են ընթանում։ Պատմականորեն, իրանցիների և հրեաների միջև խնդիր չի եղել, բայց 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանը դարձավ իսլամական արժեքներ կրող պետություն։ Քանի որ Իսրայելը տարածաշրջանում դիտվում է որպես իսլամական պետությունների թշնամի, Իրանը, ճնշված մուսուլմաններին պաշտպանելու համար, ինչպես ասում են նրանք, ձևավորվեց արհեստական թշնամանք և ամեն առիթով իրանական կողմը հայտարարում էր, որ ոչնչացնելու է։ Իսրայելն հակառակ դրան, ասում էր, որ իրենք գոյատևման խնդիր ունեն։ Իսրայելի վարչապետը նշեց, որ իրենք 20 տարուց ավել պատրաստել էին այս գործողությունները, այսինքն ինչ բացահայտվել է Իրանի միջուկային ծրագիրը։ Իսրայելի վարչապետի խոսքով, նրանք սկսել էին կանխարգելիչ միջոցառումներ, և քանի որ գոյատևման խնդիր ունեն, պատրաստ են եղել ռազմական գործողությունների։
Առաջին օրերին Իսրայելը հարվածում էր հիմնական թիրախներին, և դա հիմնականում լավ ստացվեց, հետո իրանական կողմը կարողացավ վերադասավորվել և հակահարված տալ։ Բայց ամեն դեպքում, Իսրայելը կարողացավ ոչնչացնել իր թիրախային օբյեկտները։
— Արդյոք Իրան-Իսրայել պատերազմը կարողացավ փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
— Ուժերի հավասարակշռության մեջ դեռևս նկատելի փոփոխություն չի զգացվում։ Ամեն դեպքում, ինչպես նշեցի, պարզ դարձավ, որ Իրանը խնդիրներ ունի իր օդային տարածքում։ Նրանք ունեն լավ բալիստիկ և ժամանակակից թևավոր հրթիռներ, բայց դրանք այնքան էլ արդյունավետ չեն, երբ ռազմական գործողությունները տեղի են ունենում քո երկրի օդային տարածքում։ Հարվածների տեսանկյունից Իսրայելը շատ լավ էր հեռահար հրթիռներ արձակելու և հարվածներ հասցնելու հարցում, չնայած Իսրաելի բազմաշերտ օդային պաշտպանությանը։ Իսրայելի կործանիչներն ավելի հզոր են։ Իսրայելի երկնքում գործել են ժամանակակից ամերիկյան F-35 կործանիչները, իսկ Իրանն դեռ օգտագործում է 1970 թվականին ձեռք բերված կործանիչները: Մենք նույնիսկ չենք տեսել, որ դրանք օգտագործվեին: Իրանը հիմնականում օգտագործել է հրթիռներ։
Կարծում եմ, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանը պետք է եզրակացություններ անի՝ այն գերտերություններից, որոնց հետ համագործակցում է, օրինակ՝ Չինաստանի հետ համագործակցությունից և ժամանակակից կործանիչներ ձեռք բերի։ Եվ եթե Իրանը կարողանար փոխել իր ռազմատեխնիկան օդում, կարող էր գերակայունության հասնել։ Այս հավասարակշռության խախտման վտանգ այս պահին չունենք, բայց եթե պատերազմը շարունակվեր և ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցվեր, այդ դեպքում կարող էին խոսել ուժերի հավասարակշռության փոփՀոխման մասին։