Վրաստանում բացվել է թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հարկադիր բուժման առաջին բժշկական բաժանմունքը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր հիվանդանոցը նախատեսված է 22 բուժառուի համար։ Մոտ ապագայում նախատեսվում է հիվանդատեղերի թվաքանակի ավելացում։
«Թմրամոլությամբ տառապող մարդկանց բուժման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով «Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոն» ՍՊԸ-ում բացվել է թմրամոլների հարկադիր բուժման առաջին բժշկական բաժանմունքը։
Նոր բաժանմունքում շրջայց են կատարել Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն և Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Գիորգի Բութխուզին։
Նոր ստացիոնարը նախատեսված է 22 պացիենտի համար։ Մոտ ապագայում նախատեսվում է հիվանդատեղերի թվի պարբերական ավելացում։ Հաստատությունը համալրված է բարձր որակավորում ունեցող անձնակազմով։
Բուժման գործընթացում ներգրավված է բազմամասնագիտական թիմ, որի կազմում են նարկոլոգներ, տարբեր պրոֆիլների բժիշկներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։ Բուժումը կիրականացվի ժամանակակից կլինիկական ուղեցույցների և միջազգային չափանիշների համաձայն՝ լիովին կենտրոնանալով յուրաքանչյուր բուժառուի անհատական կարիքների վրա», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։