Արդեն 4 տարի է ինչ Ախալքալաքի շրջանի գյուղերում ընթանում է հողերի գծագրման և գրանցման գործընթացը։ Ռեեստրի աշխատակիցները գնում են գյուղեր և գծագրում բնակիչների հողատարածքները։ Ըստ փոփոխությունների՝ այն անձը, ով գրանցում է իր հողատարածքը, պետք է հանրային ռեեստր թարգմանչի հետ գնա։
Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես նաև ողջ Վրաստանում, ընթանում է 90-ականների սկզբին հողային բարեփոխումների ժամանակ բնակչությանը հատկացված հողամասերի գրանցման գործընթացը։ Հողային բարեփոխումների համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիքին հատկացվել է առավելագույնը 1,25 հա հողատարածք։
Պետական ծրագրով Պետական ռեեստրի աշխատակիցներն այցելում են գյուղեր, չափում են տնամերձ հողամասերը, հողատարածքները, տներ և այլ հողամասեր, օդային լուսանկարներ անում։ Հողամասերի հարևանները ստորագրությամբ հաստատում են սահմանների ճշգրտությունը, այնուհետև ստորագրում է հողամասի սեփականատերը, որից հետո Պետռեեստրի աշխատակիցը գրանցման փաստաթղթերը մուտքագրում է Հանրային ռեեստր։ Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով գրանցումը կարող է տևել մի քանի ամիս:
Մինչ վերջերս այս գործընթացը բնակչության համար հեշտ էր ընթանում, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում եղավ փոփոխություն, որը փոքր ինչ շփոթմունք առաջացրեց բնակչության մեջ։ Մարդիկ չունեն հստակ տեղեկություն այդ փոփոխության մասին։ Բնակիչները լսել են, որ հողերի գծագրման կամ գրանցման ժամանակ պետք է լինի թարգմանիչ, բայց թե ինչի՞ համար կամ կոնկրետ ե՞րբ, դա չգիտեն։ Jnews-ը փորձեց պարզել թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փոփոխությունը և ի՞նչ պետք է անի բնակիչը, հողը գծագրել/գրանցելու համար։ Այս հարցով մենք դիմեցինք քաղաքապետարանի գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արևյանին։
Նա ասաց․ «Գծագրումից հետո, որոշ ժամանակ անց պետք է ներկայացնել հարևան, իրենք արգելափակում են, գծագրման հետ կապված և տալիս են հարևանների ցանկը։ Այդ հարևաններից 2-3 հոգի պետք է գնան ռեեստր։ Ռեեստր գնալու դեպքում էլ, այս վերջի ամիսների ընթացքում, հարևանների մեջ պետք է լինի վրացերեն իմացող, որպեսզի, երբ վրացերենով բացատրում են, թե ինչ պրոցես է ընթանում, ներկա գտնվող հարևանները, ովքեր որ խոսք ունեն ասելու, հասկանան թե ի՞նչ հարց են տալիս ու ճիշտ պատասխանեն», — պարզաբանեց մասնագետը։
Իսկ այն հարցին, եթե հարևաններից ոչ ոք վրացերեն չգիտի, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել, նա պատասխանեց․
«Եթե հարևանների մեջ չկա վրացերեն իմացող, այդ դեպքում հետաքրքրվող անձը, ով որ կատարում է գրանցումը, ինքը պետք է ապահովի։ Շահագրգիռ անձը, ով ուզում է, որ իր գործը լինի, պետք է այդ պայմաններն ապահովի»։
Գրանցողն այդ դեպքում կարող է դիմել նաև թարգմանիչների օգնությանը։
Հիշեցնենք, որ հողերի գծագրումների գործընթացն արդեն 4-րդ տարին է ընթանում է, և ավարտին կհասցվի այս տարվա վերջ։