նորություններ 3 Հուլիսի, 2025 • Վարորդներն ահազանգում են՝ խելացի տեսախցիկները տուգանում են

Երեկ՝ հուլիսի 2-ին, Ախալքալաքում վարորդները տուգանվել են տեխզննում չունենալու պատճառով։ Մեքենաները անցնելով Աղմաշենեբելի փողոցում տեղադրված խելացի տեսախցիկի տակով տուգանվել են։

Բանն այն է , որ Ախալքալաքում արդեն մի քանի ամիս է, ինչ անջատված էր տեխզննումը ֆիքսող խելացի տեսախցիկները, և այն վարորդները, որոնց մեքենաների տեխզնման վերջնաժամկետը լրացված էր, երթևեկում էին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ առանց տուգանվելու։ Մինչև երեկ վարորդները  շարունակում էին  մեքենաները վարել կենտրոնական փողոցով։ Վարորդների հավաստմամբ՝ երեկվանից Աղմաշենեբելի-Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները ֆիքսում են տեխննում չանցած մեքենաներին։

Սկզբում վարորդների մոտ խառնաշփոթ է առաջացել, քանի որ, նամակ են ստացել, ըստ որի՝ իրենք տուգանվել են որոշակի գումարով։ Նրանք անակնկալի են եկել, քանի որ չեն իմացել, որ տեսախցիկներն արձանագրում են տեզննում չանցած մեքենաներին։ Հատկանշական է, որ ժամանակ առ ժամանակ Ախալքալաքում խելացի տեսախցիկները միացվում ու անջատվում են։ Այսինքն՝ խելացի տեսախցիկը կարող է մեկ-երկու ամիս արձանագրել խախտումները, հետո՝ ոչ։

Jnews-ը խոսել է երեկ Ախալքալաքում տուգանված վարորդներից մեկի հետ։ Նա ցանկացավ ներկայանալ  անանուն։

«Մեքենաս մի տարուց ավելի է չի անցել տեխզննում։ Անսարքություններ շատ ունի, սարքելն իմաստ էլ չունի, 1000 լարի ծախսում նորոգում ես, հաջորդ օրը նորից նույն պատմությունն է, ճանապարհները լավ չեն և շուտ-շուտ ջարդվում է», — ասաց տուգանված վարորդը։

Նրա պատմեց, որ ինչ իմացել էր, որ տեսախցիկները անջատված են, երթևեկել է կենտրոնական փողոցով, բայց հիմա արդեն էլ չի կարողանա։

«Նորմալ ճանապարհներով երթևեկում էի, ստիպված չէի լինում փոսոտ ճանապարհներով անցնել, որտեղից որ մեքենան հազիվ է անցնում։ Հիմա արդեն կան տուգանքներ, տեսախցիկը աշխատում է, ինձ համար արդեն խնդիր է մեքենայով տեղաշարժվելը։ Օրինակ՝ հիվանդանոց գնալու համար էլի ստիպված եմ լինելու փոսոտ փողոցներ մտնել, որն էլ ավելի շատ կվնասի մեքենաս»։

Վերջինս նշեց, որ իր իսկ անվտանգությունից ելնելով կսարքի մեքենան, բայց այն համարում է անիմաստ, քանի որ, ոչ բարեկարգ ճաապարհների պատճառով մեքենան շատ շուտ կփչանա։

«Լավ կլինի որ մեքենաս սարքին լինի, դա նաև իմ ապահովության համար է, բայց հաշվի առնելով ներկայիս ճանապարհների վիճակը, անիմաստ է մեքենան սարքելը։ Ես կարող եմ մեքենայի վրա շատ գումար ծախսել ու սարքել, բայց այդ ծախսած ամբողջ գումարը կկորի ընդամենը մեկ շաբաթում»։

Տուգանված վարորդի խոսքով, ծանոթներն ու ընկերները ևս երեկ տուգանվել են նույն տեղում՝ Աղմաշենեբելի փողոցում։

Ախալքալաքում, մի քանի հասցեներում տեղադրված են տեսակցիկներ,  բոլորն աշխատում են, թե ոչ՝ պաշտոնական տվյալներ չկան։

Հիշեցնենք, որ առաջին անգամ տեխզննում չանցած ավտոմեքենան վարելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 50 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 200 լարիով։

Տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե խախտումը կրկին հայտնաբերվի (այսինքն՝ մեքենան տեխզննում չանցնի), ֆիզիկական անձի դեպքում տուգանքը կդառնա 150 լարի, իսկ իրավաբանական անձինը՝ 300 լարի։ Երկրորդ անգամ տուգանվելուց հետո 30-օր անց, կրկին նույն խախտումը կհարուցի տուգանք ֆիզիկական անձի դեպքում՝ 300, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 500 լարիի չափով։

Եթե քաղաքացին տուգանվի ​​երրորդ անգամ, իսկ տեխզննում անցնելու պարտավորությունը կրկին չկատարվի, ապա ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիի, իսկ իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 700 լարիի չափով։

 

Վերատպման կանոն