նորություններ 2 Հուլիսի, 2025 • Ղուլալիսը նշեց իր գյուղի առաջին տոնը (Photo)

Հուլիսի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում առաջին անգամ նշվեց գյուղի օրը։ Տոնակատարությունը կազմակերպվել էր ինչպես տեղաբնակների, այնպես էլ արտերկրում ապրող ղուլալիսցիների համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով։

1

Միջոցառումն առիթ դարձավ տարիների ընդմիջումից հետո նորից հանդիպելու, վերագտնելու միմյանց ու կիսելու հին ու նոր հիշողությունները։ Գյուղն այդ օրը հյուրընկալեց հարյուրավոր ղուլալիսցիների՝ ժամանած ոչ միայն հարակից բնակավայրերից, այլև արտասահմանից։

Տոնական միջոցառումը մեկնարկեց գյուղի բարձունքում նոր տեղադրված խաչի օրհնությամբ։ Արարողությունն իրականացրին Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Տեր Թադևոս քահանա Մկրտչյանը։

2

Տեր Արմաշ քահանան իր օրհնության խոսքում նշեց․

«Այս խաչը, որ կառուցվել է Ղուլալիս գյուղում, իր հետ բերում է միասնություն, սեր ու ջերմություն։ Այսօր բոլորն ուրախացել են, հավաքվել միասին։ Մեր աղոթքն է, որ այս խաչը պահապան լինի մեզ, զորացնի մեր ազգը, մեր պետությունը, և մենք զորանանք հավատքի մեջ։ Քրիստոսի խաչը պետք է մեզ մշտապես հիշեցնի Աստծո ներկայության մասին»։

4

Ղուլալիսը համարվում է Ջավախքի հնագույն գյուղերից։ 1928 թվականին Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Մասուր, Աշխալա գյուղերից այստեղ են բնակություն հաստատել բազմաթիվ հայեր։ Նրանց մի մասը ժամանակավորապես տեղափոխվել է Ծալկա, սակայն 1918–1921 թվականներին վերադարձել է Ջավախք։

5

7

Ղուլալիս գյուղի բնակիչ Արմեն Խաչատրյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, իր ելույթում շեշտեց.

«Այսօր տարբեր կողմերից ղուլալիսցիներ հավաքվել էին մեր գյուղում՝ խաչի մոտ։ Ինչպես 301 թվականից ի վեր, մեր խաչն ու քրիստոնեությունը միշտ համախմբել են մեզ, այնպես էլ այսօր այս խաչը դարձավ մեր միասնության խորհրդանիշը։ Այսուհետ մեր գյուղը կունենա իր տոնը»։

6

Իր զգացմունքները նա արտահայտեց նաև բանաստեղծությամբ՝ նվիրելով այն հայրենի գյուղին։

Տոնակատարությանը ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ Ախալքալաքից և Նինոծմինդայից։

Տոնական միջոցառման գագաթնակետը դարձավ համերգը, որը համախմբեց բոլոր սերունդների ղուլալիսցիներին մեկ հարթակում։ Հայկական ժողովրդական երգ ու պարը միախառնվեցին ժամանակակից կատարումներին՝ ստեղծելով ջերմ և հիշարժան մթնոլորտ։ Համերգին մասնակցում էին ճանաչված երգիչներ՝ Մասիս Հունանյանը, Խաչիկ Արենցը, ինչպես նաև սիրված աշուղ Լեյլին, ում սրտառուչ երգերը հուզեցին ներկաներին՝ կրկին հիշեցնելով ազգային արմատների, երաժշտության և հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու կարոտը։

9

8

Ղուլալիսի օրը դարձավ ոչ միայն տոն, այլև հոգևոր վերագտում․ օրը, երբ հիշողությունները կենդանացան, երբ գյուղը կրկին լցվեց կյանքի, ձայների ու միասնականության շնչով։ Այս տոնը սկիզբ դրեց մի գեղեցիկ ավանդույթի, որը տարվա մեջ թեկուզ մեկ օր, բայց կապելու է բոլոր ղուլալիսցիներին իրենց արմատներին ու հողին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝