Ախալքալաքի փողոցների ասֆալտապատմանը պետք է նախորդի կոյուղու համակարգի վերականգնումը, սակայն, գործնականում այն միշտ չէ, որ այդպես է տեղի ունենում։ Վառ օրինակ է Ջավախեթյան փողոցը, որտեղ չպլանավորված կոյուղու ցանցի վերականգնման աշխատանքների պատճառով ասֆալտապատման գործընթացը ձգձգվեց գրեթե երկու տարի։ ՍՊԸ «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերություն»-ից պատասխանել են, որ Ախալքալաքի կոյուղու համակարգի վերականգնում իրենք չեն նախատեսում։
Քաղաքում ճանապարհային աշխատանքների ժամանակ, հին ստորգետնյա հաղորդակցությունների հետ կապված, հաճախ են առաջանում խնդիրներ՝ հնացած կոյուղու համակարգեր և դիտահորեր, որոշ փողոցներում կոյուղու բացակայություն, ինչպես նաև տարիներ շարունակ ասֆալտի սպասող բնակիչների դժգոհություն։ Երբ գալիս է երկար սպասված վերանորոգման պահը, պարզվում է, որ կոյուղու համակարգը կամ շատ հնացած է, կամ ընդհանրապես բացակայում է։
Ախալքալաքի փողոցները հաճախ ասֆալտապատվում էին առանց նախապես կոյուղու վերանորոգումն իրականացնելու։ Արդյունքում, ասֆալտապատելուց կարճ ժամանակ անց այն ստիպված էին լինում քանդել։ Պարբերաբար տեղի էին ունենում վթարներ, քանի որ կոյուղու ցանցը մաշված էր և չէր դիմանում ծանրաբեռնվածությանը։
Եղել են դեպքեր, երբ կոյուղու համակարգի շարքից դուրս գալու պատճառով ասֆալտապատումն ամբողջությամբ դադարեցվել է, ինչպես դա տեղի է ունեցել Ջավախեթյան փողոցում, որտեղ աշխատանքները ձգձգվել են երկու տարի և իրականացվել 2022-2023 թվականներին:
JNEWS-ի խմբագրությունը, հարցով` պլանավորում են արդյոք Ախալքալաքի կոյուղու համակարգի վերականգնում, պաշտոնական հարցում էր ուղարկել «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» ՍՊԸ գրասենյակ:
Ընկերության պաշտոնական պատասխան գրությունում ասվում է.
«Ախալքալաքի և Նինոծմինդայի կոյուղու համակարգերի վերակառուցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս փուլում ընկերությունը չի նախատեսում իրականացնել վերը նշված աշխատանքները»։
Հարկ է նշել, որ քաղաքում կոյուղու ցանցի հնացած լինելուց բացի, կան փողոցներ, հատկապես ծայրամասերում, որտեղ կոյուղու համակարգ ընհանրապես չկա։
Ախալքալաքի 3-րդ փողոցում կոյուղի կկառուցվի
Հիշեցնենք, որ ի տարբերություն կոյուղու համակարգի, Ախալքալաքի ջրամատակարարման համակարգը վերականգնվելու է։ Ինչպես մեզ տեղեկացրին ՍՊԸ «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերություն» -ից, ներկայումս վերանայվում է տեխնիկական փաստաթղթավորումը և ճշտվում է սպասվող աշխատանքների պլանը։ Այս փուլն ավարտվելուց հետո կսկսվի ֆինանսական ռեսուրսների որոնումը։