նորություններ 1 Հուլիսի, 2025 • Ռուսաստան մուտք գործելու համար թվային գրանցումը կամավոր է

Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի բոլոր անցակետերում 2025 թ. հունիսի 30-ից մինչև 2026 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում կներդրվի մուտքի և ելքի փորձնական կարգ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախատեսում են մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն վիզա չպահանջող եղանակով, նախքան այդպիսի մուտք գործելը, պետք է անցնեն գրանցման ընթացակարգը Միասնական նույնականացման համակարգում և Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ «ruID» բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնեն դիմում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մասին (արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ):

Երեկվանից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումը, որի համաձայն՝ առանց վիզայի Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները պետք է գրանցվեն «ruID» հավելվածում, որը հասանելի է հանրային ծառայությունների «Գոսուսլուգի» կայքում։ Սակայն, ինչպես հայտնի դարձավ այս որոշման ուժի մեջ մտնելու պահին, այն կամավոր բնույթ ունի։

Ռուսաստանի տարբեր երկրներում գտնվող դիվանագիտական առաքելությունները հայտարարել են, որ այս որոշումն ունի կամավոր բնույթ։

«ruID» հավելվածում լրացված դիմումի բացակայությունը չի ազդի սահմանային հսկողության իրականացման վրա և չի հանդիսանա մուտքի մերժման հիմք: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանում ՌԴ դեսպանությունը։

«Ի լրումն հունիսի 24-ին հրապարակված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումի լրացման կամավոր բնույթը՝ գործածելով «ruID» հավելվածը», — ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։

Դեսպանությունից միևնույն ժամանակ նշում են, որ պետք է նկատի ունենալ նաև, որ «ruID» հավելվածի միջոցով մուտքի դիմումը լրացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին հասանելի կլինեն մի շարք առավելություններ, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի Դաշնությունում նրանց հարմարավետ կացության ապահովմանը.

  • Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումների առկայությունը նախապես ստուգելու հնարավորություն:
  • Ռուսաստանում գտնվելու պարզեցումը՝ դիմումի մեջ պարունակվող տեղեկատվության հիման վրա օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծման շնորհիվ:
  • Պետական ծառայություններ ստանալիս վարչական և այլ խոչընդոտների նվազեցում (կամավոր բժշկական ապահովագրության պոլիս ձեռք բերելու, որպես ինքնազբաղված գրանցվելու և այլ դեպքերում)։
  • Կապի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ СНИЛС-ի ավտոմատ գրանցում (ռուսական SIM քարտի ձեռքբերման դեպքում)։
  • Պետական մարմինների և կազմակերպությունների հետ ապագայում լիարժեք էլեկտրոնային եղանակով փոխգործակցության հնարավորության ապահովում:

Ավելի վաղ ruID-ի միջոցով տվյալների լրացման կամավոր բնույթի մասին հայտարարել էր Ղազախստանում ՌԴ դեսպանատունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝