Ռուսաստանի կառավարությունը քննարկում է աշխատանքային միգրանտների եւ ավտոմեքենաների սեփականատերերի համար նոր պետական տուրքեր սահմանելու օրինագիծը։ Ֆինանսների նախարարության կողմից մշակված փաստաթուղթը նախատեսվում է քննարկել կառավարական հանձնաժողովի հունիսի 30-ի նիստում, գրել է «Իզվեստիա» թերթը։
Առաջարկվում է միգրանտների համար մտցնել յոթ նոր տեսակի վճարներ, այդ թվում՝ 4,2 հազար ռուբլի արտոնագիր տրամադրելու եւ երկարաձգելու համար, 2,1 հազար ռուբլի՝ միգրացիոն փաստաթղթերի կրկնօրինակների համար, հազար ռուբլի՝ ժամանակավոր մնալու ժամկետը երկարաձգելու համար, հաղորդել է Gazeta.ru-ն։
Ավտոմեքենաների սեփականատերերը կբախվեն ավելի բարձր տուրքերի։ Վարորդական վկայականների գինը կկրկնապատկվի (մինչեւ 4-6 հազար ռուբլի), տրանսպորտային միջոցի գրանցման վկայականի արժեքը կբարձրանա 1,5 անգամ (մինչեւ 1,2 հազար ռուբլի), իսկ պլաստիկ СТС-ն կարժենա 4,5 հազար ռուբլի։
Տնտեսագետները նշել են, որ տուրքերի վերջին ինդեքսավորումը կատարվել է ավելի քան 10 տարի առաջ։ Վճարների աճը փոխհատուցում է փաստաթղթերի կազմման արժեքի գնաճային աճը։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ նորարարությունները տարեկան բյուջե կբերեն լրացուցիչ 45 մլրդ ռուբլի։ Միջոցները նախատեսվում է օգտագործել միգրացիոն քաղաքականության եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար։
News.am