Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի Կարծախ գյուղից սկսած դեպի Ախալքալաք տանող մոտ 1 կմ 700 մետր երկարությամբ հատվածը դեռ մեկ ամիս առաջ քանդվել է ասֆալտապատման նպատակով, բայց մինչ օրս աշխատանքներ չեն տարվում։ Ճանապարհը շարունակում է մնալ կիսաքանդ ու ոչ անվտանգ՝ ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար։
Բնակիչները հիշեցնում են, որ արդեն անցած տարվա աշնանը նմանատիպ վերանորոգման աշխատանքներ էին սկսվել նույն հատվածում, սակայն, ըստ նրանց, դրանք մնացել են կիսատ, իսկ իրավիճակը մեկ տարի անց կրկնվում է։
Կարծախ գյուղի բնակիչ Աղաբաբյան Արթուրը նշում է, որ թեև գյուղամիջյան ճանապարհն ասֆալտապատվել է, բայց չեղարկվել է ամենակարևոր պայմաններից մեկը՝ ջրահեռացման համակարգի տեղադրումը։
«Արդեն մի տարի է՝ անձրևի ամեն օրը մեզ համար աղետ է։ Նախկինում գոնե հին խողովակ կար, ջուրը միջով էր անցնում։ Հիմա ոչինչ չկա։ Ջուրը լցվում է գոմ, գիշերն ամբողջությամբ ջուր էի դուրս թափում։ Մի քանի անգամ զգուշացրել էի, բայց ոչ ոք չլսեց։ Ասողին լսող է պետք», — դժգոհում է նա։
Կարծախի մեկ այլ բնակիչ Ջիվան Այվազյանն էլ բարձրաձայնում է հետիոտնի անվտանգությանը վերաբերող խնդիրները։
«Երեխաները ոտքով են գնում դպրոց, բայց մեր ճանապարհին քայլելու համար նախատեսված ոչ մի վայր չկա։ Դա երեխաների համար մեծ վտանգ է ներկայացնում։ Աստված մի արասցե, մի բան պատահի, ո՞վ է պատասխան տալու։ Ամեն տարի սարքում են, բայց կարելի է մի փոքր լավ անել ու տարիներով չվերադառնալ այս գործին»։
Բնակիչները մատնանշում են նաև փոշու խնդիրը։ Անավարտ ճանապարհաշինության պատճառով ճանապարհից բարձրացող փոշին լրջորեն վնասում է ինչպես բնակիչների առողջությունը, այնպես էլ գյուղատնտեսական մշակաբույսերին։
«Մեքենաների անցնելուց փոշին վեր է բարձրանում, ամբողջ գյուղը փոշու մեջ է։ Դա վնասում է մեր շնչառությանը, առաջացնում է խնդիրներ, իսկ դաշտերին նստած փոշին էլ ազդում է բերքի որակի վրա», — նշում է Այվազյանը։
Նշենք, որ Կարծախ-Ախալքալաք ճանապարհի կմ 8+800 — կմ 16+000 հատվածի վերականգնումն իրականացնում է «Արալի» ընկերությունը, որի հետ պայմանագիրը կնքվել է 2025 թ․ մայիսի 16-ին: Այս ընկերությունը նախագիծը իրականացնելու է 7,278,560.00 լարիով:
Jnews-ը կապ հաստատեց «Արալի» ընկերության տնօրենի տեղակալ Էկա Թաթեշվիլու հետ՝ պարզելու Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների ընթացքի մասին։
Ըստ Էկա Թաթեշվիլիի աշխատանքների սկիզբը կախված է Վրաստանի ավտոճանապարհային վարչության կողմից տրամադրվող գրավոր հանձնարարականից, որն արդեն ստացվել է։
«Հանձնարարականի ստանալուն պես մենք այն ուղարկեցինք մասնագիտական խումբ՝ նախապատրաստական փուլն իրականացնելու համար։ Տեղում ուսումնասիրվել է ճանապարհի վիճակը, կազմվել են տեխնիկական տվյալներ։ Առաջիկա օրերին կտեղափոխվի աշխատակազմը և շինարարական տեխնիկան՝ առաջին փուլը սկսելու համար», — ասաց Էկա Թաթեշվիլին։
Ինչ վերաբերում է Ս-13 ավտոճանապարհի կմ 26+700 — կմ 36+090 հատվածի վերականգնման աշխատանքներին, Էկա Թաթեշվիլին նշեց, որ դրանք ընթացքի մեջ են։
«Ներկայումս ակտիվորեն իրականացվում են ասֆալտապատ ճանապարհի հիմքի պատրաստման աշխատանքները։ Մեր ընկերությունը հնարավորինս ճշգրտորեն կիրականացնի նախագծով նախատեսված բոլոր փուլերը։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի վերջ», — հավելեց նա։