Արդեն մի քանի ամիս է ինչ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ընդունարանում հիվանդներին դիմավորում է ժպտերես, բեղերով բժիշկը։ Խոսքը ընդունարանի բժիշկ Կարուշ (Կարապետ) Գասպարյանի մասին է, ով թողնելով մայրաքաղաքի լավագույն կլինիկաները վերադարձել է Ախալքալաք, որպեսզի օգտակար լինի իր ծննդավայրին։
Ինչպես ինքն է իրեն նկարագրում՝ տեսակով բարի ու հոգատար է։ Փոքրուց միշտ օգնել է մարդկանց։ Ընտանիքում այդպիսի դաստիարակություն է ստացել։
Կարուշ Գասպարյանը ծնվել ու մեծացել է Նինոծմինդայի շրջանի Ուճմանա գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիում։
Երբևէ չի տատանվել իրավաբան, ճարտարապետ թե ուսուցիչ դառնա, միանգամից ընտրել է բժշկությունը։
Ընտանիքը մշտապես նեցուկ է եղել որդուն, թե մասնագիտության ընտրության հարցում, թե առհասարակ։
«Ընտանիքս միշտ կողքիս է եղել, միշտ ստացել եմ իրենց աջակցությունը, որ ես ամեն ինչ կարող եմ։ Բժիշկների ընտանիքից չեմ, ավելին մեր գյուղից նոր սերենդի մեջ բժշկության ուղղությամբ գնացողներ չկան։ Վերջին ուսանողը 90-ականներին է եղել», — ասաց բժիշկ Գասպարյանը։
Ուսանողական առաջին տարին Կարուշի նկարագությամբ գունավոր է եղել, նույնիսկ չի նկատել ինչպես է անցել վրացերենի ուսուցման նախպատրաստական կուրսը։
«Առաջին կուրս տեղափոխվեցի ու դժվարություններն սկսվեցին, ամեն ինչ վրացերենով էր։ Սովորել եմ, չեմ քնել, իրոքից չեմ քնել, ու այն արդյունքին հասա ինչ-որ ուզում էի։ Երբեք չի եղել, որ մտածեմ թողնեմ բժշկությունը», — ասաց բժիշկ Գասպարյանը։
Վերջինս Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում սովորել է ընդհանուր բժշկություն։
«Ընդհանուր բժշկությունը նրանով է լավ, որ կսովորես ամեն ինչ, և սովորելու ընթացքում կարող ես իմանալ ո՞րն է հենց քոնը։ Հենց սկզբից աշխատել եմ ռեանիմացիայում, որովհետև ռեանիմացիան ինձ համար այն տեղն է, որտեղ մարդ կանգնած է կյանքի ու մահվան արանքում։ Ամենամեծ էմոցիոնալ վիճակն ինձ համար այն ժամանակ է լինում, երբ պացիենտը փրկվում է», — ասում է նա։
Մեր հերոսը սովորելուն զուգահեռ սկսել է աշխատել կորոնավարակի ժամանակ՝ աշխատելով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ 2018 թվին ընդունվել է, իսկ 2020 թվականից սկսել է աշխատել։ Հիշողությունները դեռ թարմ են․ հիշում է՝ երբ առաջին անգամ իր ներկայությամբ սրտի մերսում են արել, թողել ու դուրս է եկել։
«Առաջին անգամ չեմ մոտեցել հիվանդին, պարզապես դուրս եկա ու գնացի, հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ ինտենսիվ թերապիան իմը չէ։ Շատ հետաքրքիր էր առաջին էմոցիան, երբ սովորեցի սովորական կադետր դնել, երբ իմանում ես, որ քո դրածովդ ինքը բուժվել է։ Հետո միանգամից որոշեցի ռեանիմացիա, էլ ուրիշ տեղ չեմ գնացել», — կիսվում է մեր հերոսը։
Հետաքրքրականն այն է, որ Կարապետ Գասպարյանի պլանների մեջ չի եղել Ախալքալաք կամ Նինոծմինդա վերադառնալ։
«Գործ, տուն, շրջապատ, ընկերներ ու հանկարծ ծանոթս զանգեց, որ Ախալքալաքի հիվանդանոցից են եկել ու կարիք կա օգնելու։ Ես չեմ մտածել հա կամ չէ, միանգամից մերոնց զանգեցի ասացի, որ հետ եմ գալիս»։
Ընդգծում է՝ ամեն մարդ պարտք է իր ծննդավայրին։
«Ես եկել եմ, որ մեր ժողովրդի կողքին լինեմ, այստեղ աշխատեմ»։
Արդեն 8 ամիս է այստեղ է աշխատում, առաջին 5 ամիսները համատեղել է աշխատանքը՝ և Թբիլիսիում է աշխատել, և Ախալքալաքում։
Ասում է՝ դժվար է հարմարվել Ախալքալաքի միջավայրին։
«Ամենադժվար ադապտացիան անցել եմ այստեղ, յուրահատուկ մարդիկ են, տարբերվող ժողովուրդ, ոչ թե վատ իմաստով, իրոքից տարբերվող։ Աշխատելու շատ հաճելի տեղ է Ախալքալաքը, միջավայրը ոգևորող է, շատ մարդիկ կան, ովքեր կողքիս են ու օգնեցին ու ադապտացիան անցա»։
Ասում է՝ առաջին խոչընդոտը, որին այստեղ բախվել է՝ այն է, որ սկզբից չեն վստահում, առհասարակ բժիշկներին չեն վստահում, բայց եթե վստահում են, ուրեմն վերջ, մինչև վերջ են վստահում։
Մեր հերոսը դեռ հստակ որոշում չունի կապված ապագայի ծրագրերի հետ՝ կմնա Ախալքալաքում թե՞ ոչ։
«Որոշած չունիմ այստեղ կմնամ թե՞ կգնամ հետագայում, բայց վստահ եմ, որ իմ ներդրումը կունենամ Ախալքալաքի հիվանդանոցի զարգացման գործընթացում, դա միանշանակ է»։
Կարուշ Գասպարյանին այնքան են սիրել Ախալքալաքում, որ հենց հիվանդանոցի միջանցքում հիվանդները փնտրում են իրենց բեղերով բժշկին։ Հարցնում են՝ էն բեղերով բժիշկն ո՞ւր է։
Հավելում է՝ երբ քեզ ճանաչում են, հարգում են, սիրում են, դա քեզ էներգիա է տալիս, որ ոչնչի հետ չի կարելի փոխարինել։
Մեր հերոսին կյանքում կարող է հիասթափեցնել այն, երբ չեն արդարացնում իր վստահությունը։ Իսկ ամենաշատը ոգևորում է, հիվանդանոցից ուրախ գնացող պացիենտը, և պարզպես գալիս է հիվանդանոց հարցնելու՝ ինչպե՞ս եք։
Կարևոր մի հանգամանք, որին ուշադրություն չդարձնելն անհնար է։ Բժիշկը ցանկացած իրավիճակում՝ հիվանդին զննելիս, հիվանդանոցի միջանցքում պացիենտի հարազատների հետ խոսելիս, ամենուր ժպիտը դեմքին է։
Մեր հարցին երբևէ տխուր լինում է, նա պատասխանեց․ «Միշտ դրական եմ, չկա իրավիճակ, որ վատը տեսնեմ ու ընկճվեմ, միշտ փորձում եմ դրականը տեսնել, թեկուզ վատի մեջ»։
Համեմատական անցկացնելով Ախալքալաքի ու Թբիլիսիի հիվանդների միջև, բժիշկը շեշտում է՝ Թբիլիսին մեծ քաղաք է, այնտեղ կարող ես մեկի կյանքը փրկել ու այլևս չտեսնել, բայց այստեղ հիվանդանոցից դուրս հանդիպում ես ու զգում դրական վերաբերմունքը։
«Դուրս ես գալիս ու քեզ ճանաչում են, հաճելի է, ամենամեծ բանն այն է, որ քեզ ճանաչեն, որպես լավ մարդ ու լավ բժիշկ»։