Ախալքալաքի 3-րդ փողոցի բնակիչները խմելու ջուր և կոյուղու համակարգ չունեն, չնայած շատ անգամներ են դիմել պատկան մարմիններին, բայց մինչ օրս՝ անօգուտ։ Սույն խնդրի վերաբերյալ Jnews-ի հարցերին ի պատասխան Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման ընկերությունից հայտնում են, որ այս տարի Ախալքալաքում կոյուղու համակարգի վերականգնում կամ կառուցում նախատեսված չէ։
Մոտ մեկ ամիս առաջ, Jnews-ը եղավ Ախալքալաք քաղաքի թիվ 5 դպրոցի հետևի փողոցում, խոսեց 3-րդ փողոցի բնակիչների հետ։ Նրանց բողոքն առաջնայինը կայանում է նրանում, որ խմելու ջուր և կոյուղու համակարգ չունեն։
Արաքսյա Շահինյանն, ով 3-րդ փողոցի բնակիչ է, արդեն 28 տարի է ապրում է այդ փողոցում՝ այս խնդիրների հետ մեկտեղ։ Նա նշեց, որ ամռանը ավելի է սրվում ջրի և խնդիրը։
Այս թեմայով՝ Ախալքալաքի 3-րդ փողոցում չկա ջուր, կոյուղի և աղբամաններ
Այս փողոցի բնակիչները շատ անգամներ են դիմել Ախալքալաքի քաղաքապետարան և ջրամատակարարման ընկերություն՝ վերոնշյալ խնդրին լուծում տալու համար, բայց դեռևս ոչ մի փոփոխություն չկա։
Ջրամատակարարման խնդրի հետ կապված հարցերը պարզելու համար, Jnews-ի լրագրողը գրավոր նամակով դիմեց Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման ընկերություն։ Մեզ պատասխանեցին, որ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ընկերությունը և «Մունիցիպալ նախագիծ» ՍՊԸ-ն ստորագրել են պետական գնման պայմանագիր՝ թիվ №T-102501, որով ընկերությունը գնել է «Ախալքալաքի քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնման նախագծային աշխատանքները»: Ջրամատակարարման նախագիծը նախատեսում է Ախալքալաք քաղաքի և Խոսպիո գյուղի գործող գլխամասային կայանքների և ջրամատակարարման ցանցի ամբողջական վերականգնում՝ համապատասխան անջատիչ և կարգավորիչ միացումների և չափիչ հանգույցների տեղադրմամբ: Այն նաև նախատեսում է գլխավոր խողովակների, ջրամբարի, քլորացման կայանի, ջրի հավաքման, կառավարման, բաշխման և հոսքաչափերի խցիկների, ընկերության սպասարկման կենտրոնի և ավտոմատ կառավարման համակարգի տեղադրում:
Ինչպես հայտնեցին ընկերությունից, այս փուլում վերանայվում են տեխնիկական փաստաթղթերը և ճշգրտվում է կատարվելիք աշխատանքների ամբողջական արժեքը, որից հետո ընկերությունը կսկսի համապատասխան ֆինանսական միջոցների հայթայթումը:
«Ինչ վերաբերում է Ախալքալաք քաղաքի կոյուղու համակարգի վերականգնմանը կամ կառուցմանը, ապա տեղեկացնում ենք, որ ընկերությունն այս փուլում չի նախատեսել վերոնշյալ աշխատանքների իրականացում», — նշված է պատասխան նամակում։