նորություններ 28 Հունիսի, 2025 • «Գենդեր» տերմինը բացառվում է մունիցիպալ փաստաթղթավորումից

Այսօր՝ հունիսի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն, ի թիվս այլ հարցերի, հաստատել է տեղական ինքնակառավարման փաստաթղթերում «գենդեր» բառի վերաբերյալ փոփոխությունները:

Ապրիլի 2-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որով «գենդերային հավասարություն» հասկացությունը փոխարինվել է «տղամարդու և կնոջ իրավահավասարություն» արտահայտությամբ։ Օրենքին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։

Նոր օրենքը փոփոխություններ է մտցնում 2010 թվականին ընդունված «Գենդերային հավասարության մասին» օրենքում։ Այժմ այն կկոչվի «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին»։

«Գենդեր» բառը հանվել է օրենքի տեքստից։ Փաստաթղթից բացառվել են նաև մի քանի կետեր, օրինակ՝ «գենդեր» հասկացության բացատրությունը որպես միջսեռական հարաբերությունների սոցիալական ասպեկտ, որը ենթադրում է մեկ կամ մյուս սեռի վերաբերյալ հայացքներ՝ հիմնված անձի սոցիալականացման վրա։

Օրենքում այժմ ամրագրված է, որ տղամարդկանց և կանանց միջև հավասարությունը մարդու իրավունքների մի մասն է, որը ենթադրում է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց հավասար մասնակցություն կյանքի բոլոր ոլորտներում։ Սակայն այս օրենքը նույնպես փոփոխվել է։

«Մենք փոփոխություններ ենք կատարում Ախալքալաքի մունիցիպալիտետում գործող խորհրդի անվանման հետ կապված։ Այսինքն՝ խորհուրդն այսուհետ կկոչվի «Երեխաների հարցերով զբաղվող կանանց և տղամարդկանց հավասարության մունիցիպալ խորհուրդ»։ Այսպիսով, փոխվում է գենդերային հավասարությանը վերաբերող մասը. «գենդերային հավասարություն» տերմինը փոխվում է «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն», իսկ խորհրդի անվանումը «Գենդերային հավասարության խորհուրդ»-ից դառնում է «Երեխաների հարցերով զբաղվող կանանց և տղամարդկանց իրավահավասարության մունիցիպալ խորհուրդ», — բացատրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սարեբուլոյի պատգամավոր Սեդա Մելքումյանը։

Նա նշեց, որ Խորհրդի գործունեության հիմնական ուշադրության կենտրոնում է մնում խտրականության ցանկացած ձևի վերացումը՝ լինի դա կանանց նկատմամբ բռնություն, ընտանեկան բռնություն, երեխաների նկատմամբ բռնություն և այլն։ Նաև, ըստ Սեդա Մելքումյանի, նախատեսվում է ավելացնել տեղեկատվական հանդիպումների և միջոցառումների քանակը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝