նորություններ 27 Հունիսի, 2025 • Ռեգբիի փառատոն Ախալքալաքում

Հունիսի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի ունեցավ ռեգբիի փառատոն, որը կազմակերպվել էր Ախալքալաքի մարզադպրոցի և Սամցխե-Ջավախքի «Տաո» ռեգբիի ակումբի կողմից։ Միջոցառման նպատակն էր տարածել ռեգբին՝ որպես առողջ ապրելակերպը խթանող սպորտաձև և ներգրավել ավելի շատ երեխաներ մարզական կյանքում։

Մոտավորապես 40 երեխա մասնակցում էր փառատոնին։ «Տաո» ակումբից ներկա էին նաև Դաթո Մգելաձեն և ռեգբիստներ Ֆիջիից։ Արձակուրդներից առաջ անցկացվեց ռեգբիի փառատոնը՝ նպատակ ունենալով խթանել մարզաձևի զարգացումը։

1REGBI

Մարզիչ Ռաֆայել Դարբինյանը, ով ավելի քան 20 տարի զբաղվում է ռեգբիով, պատմում է, որ մարզաձևը տարածաշրջանում ակտիվորեն զարգանում է, սակայն կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։

«Ախալքալաքում ռեգբիի զարգացումը կախված է ենթակառուցվածքներից՝ ռեգբիի ստադիոն, պարապմունքի հատուկ տարածք։ Լավ կլինի, եթե քաղաքում կառուցվի ռեգբիի մարզադաշտ։ Վրաստանում ռեգբին լայնորեն տարածված սպորտաձև է, և «Տաո» մարզական ակումբը մեծ աջակցություն է ցուցաբերում ռեգբիի զարգացմանը»,- նշում է Դարբինյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս պարապմունքները անցկացնում է 5-րդ դպրոցի բակում։ Չնայած այս դժվարություններին՝ ռեգբին մեծ հետաքրքրություն է առաջացրել երեխաների շրջանում։

«Մեր փոքրիկների մեջ դեպի ռեգբի մեծ ցանկություն կա։ Սկզբում ծնողները չէին ուղարկում իրենց երեխաներին, որովհետև տեղյակ չէին, թե ինչ սպորտաձև է։ Բայց տարիների ընթացքում մարդիկ հասկացան, որ մանկական ռեգբին վտանգավոր չէ։ Այժմ պարապմունքներին մասնակցում են նաև աղջիկներ՝ կազմելով մոտ 30-40%։ Ծնողները գալիս են, տեսնում են, որ սպորտաձևը անվտանգ է, և իրենք են ուզում իրենց երեխաներն էլ հաճախեն»,- հավելում է մարզիչը։

Այսօր ռեգբիով զբաղվում են 7-14 տարեկան երեխաներ։ Նրանցից շատերը հետագայում հնարավորություն ունեն մարզվելու Սամցխե-Ջավախքի կենտրոնական՝ «Տաո» մարզական ակումբում։ Այս պահին, օրինակ, Փայլակ Կարապետյանը պատրաստվում է ռեգբիում խորացնել իր հմտությունները և առաջիկայում մեկնելու է Ասպինձա՝ մարզումներին մասնակցելու։

«Զրուցել եմ «Տաո» ակումբի ղեկավարության հետ, և նրանք պատրաստակամություն են հայտնել օգնել Փայլակին։ Սա լավ հնարավորություն է նրա համար զարգանալու այս սպորտաձևում»,- ընդգծում է Դարբինյանը։

«Տաո» մարզական ակումբը Սամցխե-Ջավախքի մարզում միավորում է վեց մունիցիպալիտետ՝ Ադիգեն, Բորժոմի, Ախալցիխե, Ասպինձա, Նինոծմինդա և Ախալքալաք, նպաստելով ռեգբիի տարածմանն ու զարգացմանը։

Վերատպման կանոն