նորություններ 27 Հունիսի, 2025 • Հայաստանի ԱԱԾ-ն փորձում է ձերբակալել Միքայել սրբազանին

Հայաստանի Ազգային անվտանգության աշխատակիցները փորձում են ձերբակալել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին։ Նրա ինքնազգացողությունը վատացել է և այս պահին նա գտնվում է Վեհարանում

Հայաստանի Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: Այսօր արդեն ուժայինները Էջմիածին՝ վեհարան է գնացել Միքայել սրբազանի հետևից:

Փաստաբան Արա Զոհրաբյանը Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին է ներկայացրել նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները.

«Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերին»:

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է, որ «Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու»:

«Բոլորս Մայր Աթոռում ենք: Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը», — գրել է նա:

Մայր Աթոռում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց․

«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել: Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»։

Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարեց, որ Միքայել սրբազանի հետ գնալու է իրենց փաստաբանը, իսկ մյուսները այսօր վեհարանում քննարկում են անելու:

«Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք մեր հետագա գործողությունների համար։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը գործի», — ասաց Գարեգին Բ-ն:

Իրավիճակը Մայր Աթոռում շարունակում է լարված մնալ: Ուժայիններին են միացել նաև կարմիր բերետավորները:

Միքայել Աջապահյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին Վեհարանում է:

Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի հոգևորականներից մեկը։

Նա նշեց, որ Միքայել Սրբազանի ինքնազգացողությունը վատացել է ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանների կողմից հոգևորականներին ու քաղաքացիներին քաշքշելու հետևանքով։

«Ինչպե՞ս կարող է վատ չլինել։ Փորձում էին իրեն դուրս բերել, իրեն աջակցողներն էլ՝ ի դեմս հոգեւորականների ու աշխարհիկ մարդկանց, խոչընդոտում էին, էին թոնղնում, որ հանեն, էդ հրմշտոցից մարդը վատացավ։ Ուշագնացության սահմանի վրա էր։ Հիմա վեհարանում է»,– ասաց նա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝