նորություններ 27 Հունիսի, 2025 • Հարավային Կովկասն Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին

Չնայած ռազմական գործողությունների դադարեցմանը, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դեռ շատ հեռու է վերջնական կարգավորումից։ Կողմերի նպատակները միայն մասամբ են իրագործվել, լարվածությունը պահպանվում է, իսկ դիվանագիտական ջանքերը ուղեկցվում են թաքնված դիմակայություններով։ Jnews-ը զրուցել է քաղաքագետ Գիորգի Բիլանիշվիլիի հետ այն մասին, թե ով է հաղթել այս պատերազմում, ինչպես է այն ազդել Հարավային Կովկասի վրա և շատ ավելին։

— Ասացեք խնդրեմ, կարո՞ղ ենք Իսրայելի և Իրանի միջև պատերազմն ավարտված համարել։

— Անկեղծ ասած՝ ես կասկածում եմ։ Գուցե և այն ավարտված է, բայց այս փուլում, ցավոք, կարծում եմ, որ այս պատերազմը կշարունակվի։ Ես չգիտեմ, թե երբ այն կվերսկսվի, քանի որ այնտեղ իրավիճակը շատ բարդ է։ Ես չեմ կարծում, որ այն խնդիրը, որի առջև կանգնած էր Իսրայելն այս գործողությունը սկսելիս, ամբողջությամբ լուծված է։ Մնում է պարզել, թե արդյո՞ք նրանք կարողացել են ոչնչացնել Իրանի բոլոր միջուկային օբյեկտները և միջուկային ծրագիրը։ Իհարկե, դրանք մեծապես թուլացրել են իրանական քաղաքական իստեբլիշմենթը և հսկայական վնաս հասցրել միջուկային օբյեկտներին։ Բայց ես վստահ չեմ, որ նրանք կարողացել են իրականացնել այս գործողության սկզբում սահմանված բոլոր նպատակները։

— Ո՞վ է հաղթել այս պատերազմում։

— Իհարկե, այս փուլում Իսրայելն է հաղթող, չնայած այն հանգամանքին, որ իմ հասկացողությամբ այն լիովին չի հասել իր նպատակներին։ Եվ հաղթող է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը, չնայած այն հանգամանքին, որ մասնակցել է այս գործողությանը, հետագայում կարողացել է համոզել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Գուցե այնտեղ էլի կան որոշ խաղացողներ, ովքեր ստացել են կամ կստանան որոշակի օգուտ այս իրավիճակում, ովքեր մասնակցել են կողմերի միջև խաղաղության բանակցությունների մեկնարկին։ Դրանց թվում կարող է լինել Ռուսաստանը, որը շատ սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ։

Վերջերս Իրանի արտգործնախարարն այցելեց Ռուսաստան և հանդիպեց Պուտինի հետ։ Կարծում եմ, որ եթե Ռուսաստանը ցանկանար, եթե դա իր շահերից լիներ, ապա կարող էր համոզել, դրդել Իրանին դեպի այս բանակցությունները։ Եթե դա այդպես է, ապա Ռուսաստանը կփորձի օգուտներ և զիջումներ քաղել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ այս զիջումները, իհարկե, վերաբերում են, ցավոք, Ուկրաինային։ Բայց սա խորը վերլուծություն չէ, քանի որ կան այնպիսի խորը հոսանքներ, որոնք հատում են տարբեր խաղացողների շահերը։

— Իրանը գո՞հ էր այս պատերազմում Ռուսաստանի աջակցության աստիճանից։ Որքանո՞վ է իրատեսական, որ Ռուսաստանին «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի վաճառքը կդադարեցվի, կամ Իրանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կփոխվեն։

— Ինչ վերաբերում է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերին, պատերազմի սկզբում, որքանով ես գիտեմ բաց աղբյուրներից, իհարկե, Ռուսաստանին տրամադրվել է մեծ քանակությամբ իրանական ԱԹՍ-ներ, բայց հետո դրանց արտադրությունը հիմնականում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության տարածք։ Եվ ես վստահ չեմ, որ Ռուսաստանը վերջին շրջանում Իրանից ԱԹՍ-ներ և հրթիռներ է ստացել անմիջականորեն, քանի որ, ինչպես արդեն նշեցի, արտադրությունը վաղուց տեղափոխվել է Ռուսաստանի տարածք։ Ինչ վերաբերում է այս բալիստիկ հրթիռներին, այս առումով Ռուսաստանի Դաշնության հիմնական մատակարարը ոչ թե Իրանն է, այլ Հյուսիսային Կորեան, որը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարում է բազմաթիվ տարբեր տեսակի զենքեր։

Իհարկե, Իրանը դժգոհ էր Մոսկվայի զբաղեցրած դիրքորոշումից, քանի որ այն ակտիվորեն չէր աջակցում Թեհրանին այս հարցում։ Բայց միևնույն է, ինչպես հաճախ է պատահում, ավտոկրատիաները, չնայած այն հանգամանքին, որ ունեն տարբեր կարծիքներ, տարբեր շահեր, տարբեր հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունք, երբ խոսքը գնում է այն մասին, որ նրանք պետք է ինչ-որ կերպ միասին գործեն Արևմուտքի դեմ, միշտ գտնում են ընդհանուր լեզու։

— Պատերազմի սկսվելուց առաջ կանխատեսումները դրական չէին, շատ փորձագետներ կանխատեսում էին, որ պատերազմը աղետ կլինի Հարավային Կովկասի համար։ Ինչպե՞ս դա վերջնականապես ազդեց տարածաշրջանի վրա։

— Երբ տարածաշրջանում պատերազմ է մերձակայքում, դա շատ վատ ազդեցություն է ունենում հարևան երկրների բոլոր ոլորտների վրա։ Դրական կողմ կարող էր լինել այն, որ Իրանով անցնող տրանսպորտային միջանցքները կարող են վերաուղղորդվել դեպի մեր տարածաշրջան։ Սա՝ հիպոթետիկորեն։

— Ինչպե՞ս վերաբերվեցին պատերազմին հարավկովկասյան երկրները։ Ո՞ւմ էին ավելի շատ աջակցում։

— Մենք շատ դժվարին իրավիճակում ենք։ Սկսենք Ադրբեջանից։ Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Այս հարցը միշտ էլ Իրանի համար դժգոհության պատճառ է եղել։ Իրանը շատ զգույշ է եղել Ադրբեջանի և Իսրայելի միջև այս սերտ հարաբերությունների հարցում։ Ի թիվս այլ բաների, Ադրբեջանը նավթ է մատակարարում Իսրայելին։ Ինչպես ես հասկանում եմ, այս մատակարարումը չի դադարեցվել պատերազմի ժամանակ։ Ադրբեջանը շատ խելացի քաղաքականություն էր վարում: Բաքուն իր աջակցությունը չէր ցուցաբերում ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ Թեհրանին։

Ինչ վերաբերում է Հայաստանին։ Ավանդաբար, Երևանը սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ տնտեսական և քաղաքական ոլորտներում։ Սակայն Երևանը նույնպես այս հարցին մոտեցավ բավականին ողջամիտ և ճիշտ (առանց որևէ կողմին աջակցություն ցուցաբերելու)՝ շատ զգուշորեն։

Ինչ վերաբերում է Վրաստանին։ Մենք նույնպես նույն հունով ենք գործել։ Մեզ համար սա ճիշտ դիրքորոշում էր՝ այս կարճատև պատերազմի ընթացքում բոլոր երեք երկրների համար։

— Իրանը դիմել է Անվտանգության խորհրդին։ Ի՞նչ կարող է դա տալ երկրին։

— Երբ Իրանը դիմեց Անվտանգության խորհրդին, կարծում եմ՝ դա նրան ապահովեց Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը։ Քաղաքական առումով սա կարող է Իրանին հնարավորություն տալ աշխարհին ցույց տալու, որ ինքը անմեղ կողմն է, իսկ Իսրայելն ու Միացյալ Նահանգները՝ ագրեսորները։ Ինչպես ես հասկանում եմ, սա քաղաքական հարց է, ոչ պակաս կարևոր, ավելի ճիշտ՝ հույժ կարևոր։ Սա առաջին հերթին կազդի այս երկրների հեղինակության վրա։ Եթե Իրանին հաջողվի Ռուսաստանի և Չինաստանի օգնությամբ ապացուցել, որ Իսրայելի ռազմական ագրեսիան անարդարացի էր, ապա նրա միջազգային հեղինակությունը որոշ չափով կբարելավվի, մինչդեռ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջազգային հեղինակությունը, քանի որ նրանք մասնակցել են Իրանի դեմ այս պատերազմին, կվատանա։

— Կարո՞ղ ենք ասել, որ Իրանն այս պատերազմում կողմնակիցներ չի ունեցել։

— Իհարկե, կարելի է այդպես ասել, բայց ինչպես ես հասկանում եմ, Ռուսաստանին պետք է համարել Իրանի բարեկամ, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան ակտիվորեն չի աջակցել Թեհրանին։ Սակայն Մոսկվայի հրապարակային հայտարարությունները Թեհրանի աջակցության օգտին էին։ Ի՞նչ է կատարվել այս հրապարակային հայտարարությունների հետևում, ես որևէ տեղեկություն չունեմ։ Բայց կարծում եմ՝ որոշակի աջակցություն ցուցաբերվել է։

Տարածաշրջանում նրա համար շատ դժվարին իրավիճակ է, քանի որ նորմալ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ, բայց նրանք ևս նորմալ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, իհարկե, այն շատ բարձր և վառ էր արտահայտվում Իսրայելի դեմ, բայց դրանով ամեն բան ավարտվում էր։ Մենք խոսեցինք Ադրբեջանից Իսրայել տեղափոխվող նավթի մասին։ Դուք հասկանում եք չէ՞, թե այս նավթը որ երկրների միջով է անցնում, այդ թվում՝ Թուրքիայի միջով։ Ես չեմ լսել, որ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ միասին, կանգնեցրել են կամ որևէ բան են արել, որը խնդիրներ կառաջացներ Իսրայելի համար։ Հետևաբար, կրկնում եմ. սա շատ բարդ հարց է, շատ բազմակողմանի, և այստեղ պետք է հաշվի առնել շատ բաներ, այլ ոչ թե միայն այն, ինչ մակերեսին է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝