նորություններ 26 Հունիսի, 2025 • Կվերականգնվի արդյոք Ախալքալաքի ջրամատակարարման համակարգը

Ախալքալաքի ջրամատակարարման համակարգը վաղուց հնացած է, ինչի պատճառով էլ տուժում են բաժանորդները։ Ջրի թույլ ճնշումը հատկապես նկատելի է բազմահարկ շենքերի վերին հարկերում։ Ջրամատակարարման խնդիրներն առավել սուր նկատվում են ձմռանը և ամռանը։ JNEWS-ը հետաքրքրվել է ՍՊԸ «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերություն» -ից, թե, արդյոք նախատեսվում է Ախալքալաքի ջրամատակարարման համակարգի վերականգնում և ինչ ժամկետներում։

Քաղաքի ջրամատակարարման համակարգը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում և կարիք ունի լուրջ վերակառուցման։ Ամռանը և ձմռանը տներում ջրի ճնշումը զգալիորեն նվազում է, հատկապես բազմահարկ շենքերում, այդ իսկ պատճառով մարդիկ չեն կարողանում լիարժեք օգտվել խմելու ջրից։ Որոշ բազմահարկ շենքերի վերին հարկերում ամբողջ տարին ջուր չկա։

Ամենօրյա սովորույթները նույնպես ազդում են ճնշման անկմանը։ Ձմռանը բնակիչները ծորակները բաց են թողնում, որպեսզի խողովակները չսառչեն, իսկ ամռանը նրանք ջուրն օգտագործում են իրենց այգիները ջրելու համար։

JNEWS-ը վատ ջրամատակարարման վերաբերյալ, պարբերաբար բողոքներ է ստանում բնակչությունից։ Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի ներկայացուցիչները, որպես կանոն, չեն պատասխանում մեր հարցերին, սակայն մի քանի անգամ հայտարարել են, որ համակարգի ամբողջական վերականգնումից հետո իրավիճակը կփոխվի։

Մենք պաշտոնական գրություն ուղարկեցինք ՍՊԸ «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերության» գլխավոր գրասենյակ՝ պարզելու, թե երբ կսկսվեն համակարգի վերականգնման աշխատանքները։

Ընկերության պատասխանում նշվում է, որ վերականգնողական աշխատանքներ նախատեսված են։ Ներկայումս վերանայվում է տեխնիկական փաստաթղթավորումը և հստակեցվում է առաջիկա աշխատանքների պլանը։ Այս փուլն ավարտվելուց հետո կսկսվի ֆինանսական ռեսուրսների որոնումը։

«Այս փուլում վերանայվում է տեխնիկական փաստաթղթավորումը և ճշտվում է առաջիկա աշխատանքների ամբողջական արժեքը, որից հետո ընկերությունը կսկսի համապատասխան ֆինանսական միջոցների որոնումը։ Ախալքալաքի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքների ավարտի մոտավոր ժամկետը 40-46 ամիս է։ Նախագիծը նախատեսում է Ախալքալաքի և Խոսպիո գյուղում գործող գլխամասային կայանքների և ջրամատակարարման ցանցի ամբողջական վերակառուցում՝ համապատասխան անջատիչ-կառավարիչ ամրանների ու չափիչ հանգույցների տեղադրմամբ։ Այն նաև ներառում է գլխավոր խողովակաշարերի, ջրամբարի, քլորացնող, ջրահավաքիչ կայանների, կառավարման և բաշխման խցիկների և հոսքի չափման խցիկների, ընկերության սպասարկման կենտրոնի ու ավտոմատ կառավարման համակարգի տեղադրում», — ասվում է ընկերության պաշտոնական պատասխանում։

Ախալքալաքը խմելու ջուրը ստանում է «Աբլար» ջրամբարից։

Ախալքալաքի բնակիչները հույս ունեն, որ մոտ ապագայում կսկսվի վերականգնման գործընթացը, և իրենք կունենան կայուն և բարձրորակ ջրամատակարարում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝