նորություններ 26 Հունիսի, 2025 • Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում

Jnews-ը զրուցել է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում տեղի ունեցող կարևոր փոփոխությունների, ներդրվող նոր բժշկական ծառայությունների, մատչելի խնամքի շրջանակի ընդլայնման, որակյալ մասնագետների ներգրավման և տեղական հիվանդանոցի առջև ծառացած մարտահրավերների մասին։

— Դուք ասացիք, որ աշխատում եք ծառայությունների շրջանակը ընդլայնելու և նոր մասնագետներ ներգրավելու ուղղությամբ։ Ի՞նչ արդյունքների եք հասել այսօրվա դրությամբ։

— Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք բժշկական օգնությունը զարգացնելու և ծառայությունների շրջանակն ընդլայնելու համար։ Մենք արդեն ներդրել ենք ծառայություններ, որոնք շրջանի ոչ մի այլ կլինիկա չունի։ Հիմա մենք ունենք անոթային վիրաբույժ, որը գալիս է ամիսը մեկ անգամ, բայց անհրաժեշտության դեպքում վիրահատություններ է կատարում տեղում։ Նա խորհրդակցում է բուժառուների հետ, և մենք արդեն ունեցել ենք հաջող վիրահատություններ։ Մենք կշարունակենք դրանք անցկացնել այստեղ, որպեսզի մեր բնակիչները ստիպված չլինեն գնալ այլ քաղաքներ կամ երկրներ, Թբիլիսի կամ Երևան, գումար ծախսել և անհարմարությունների բախվել։

Սա շատ կարևոր նորություն է, որի մասին բնակիչները պետք է իմանան։ Մենք նախապես կտեղեկացնենք խորհրդատվության նշանակված օրերի մասին, որպեսզի մարդիկ կարողանան անցնել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները և պատրաստվել վիրահատությանը։

Այս ծառայությունը հատկապես կարևոր է մեր բնակչության համար, քանի որ մեզանից շատերը զբաղված են ծանր ֆիզիկական աշխատանքով։ Պացիենտների մեծ մասը գալիս է երակների լայնացումով, զարկերակային խնդիրներով և ոտքերի այտուցվածությամբ։ Այլ տեղերում ստացված բուժումը միշտ չէ, որ արդյունավետ է։ Մենք սա կազմակերպել ենք հենց նրա համար, որ բնակիչները կարողանան որակյալ բժշկական օգնություն ստանան տեղում, պատշաճ պայմաններում և որակյալ մասնագետների մասնակցությամբ։

— Գինեկոլոգիական բաժանմունքում փոփոխություններ կա՞ն։ Ավելի վաղ Դուք ասել էիք, որ այս բաժանմունքի փակման վտանգ կա։

— Երկրորդ կարևոր նորությունը վերաբերում է գինեկոլոգիային։ Մենք Թբիլիսիից հրավիրել ենք մանկաբարձ-գինեկոլոգ Վաժա Ցիրեկիձեին։ Նա անցյալ շաբաթվանից գինեկոլոգիական բաժանմունքի վարիչն է։ Նա շատ փորձառու մասնագետ է, որը տիրապետում է բոլոր ժամանակակից վիրաբուժական և ախտորոշման մեթոդներին։ Նա աշխատում էր Թբիլիսիում՝ Բաթումիի հանրապետական հիվանդանոցում, և երկար բանակցություններից հետո որոշվեց, որ նա կաշխատի մեզ մոտ։

Նա ընդունում է բուժառուներին երկուշաբթիից ուրբաթ։ Նրա ժամանմամբ մենք մտադիր ենք ընդլայնել մեր գինեկոլոգիական ծառայությունները` թե՛ պլանային, թե՛ անհետաձգելի վիրահատությունները։ Մենք նաև հույս ունենք վերսկսել ծննդատան աշխատանքը՝ սա մեր հիվանդանոցի համար ամենահրատապ խնդիրներից մեկն է։ Այսօր շատ կանայք խուսափում են այստեղ ծննդաբերելուց։ Պատճառները տարբեր են, բայց ես իմ պարտքն եմ համարում տեղեկացնել բնակչությանը, որ մենք ունենք նոր կադրեր՝ որակավորված և հուսալի։

Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ այս շաբաթվանից կսկսենք սահմանված թվով վիրահատություններ իրականացնել տեղում։

— Որքա՞ն է նվազել ծնելիության մակարդակը Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում։

— Ծնելիության մակարդակը զգալիորեն նվազել է։ Եթե նախկինում տարեկան մեզ մոտ գրանցվում էր ավելի քան 700-750 հղի կին, ապա այժմ ծնունդների թիվը տարեկան մոտ 350 է։ Դրանցից 10-15%-ին մենք ինքներս ենք ուղղորդում այլ քաղաքներ բժշկական ցուցումներով՝ սա այն դեպքերում, երբ մենք չենք կարող լուծել դրանք մեր ուժերով։ Բայց մնացած 30-35%-ը դա արտահոսք է։

Բնակչության հետ շփվելիս հաճախ եմ լսում, որ պատճառներից մեկը նոր, երիտասարդ մասնագետների պակասն է։ Ահա թե ինչու մենք որոշում կայացրեցինք հրավիրել պարոն Վաժային, որպեսզի նրա օգնությամբ բարելավենք ծառայության որակը և վերականգնենք վստահությունը ծննդատան նկատմամբ։ Մենք պետք է հարմար դարձնենք կանանց համար այստեղ ծննդաբերելը, այլ ոչ թե նրանք այլ քաղաքներ մեկնեն, եթե նրանք կարող են նույն օգնությունը ստանալ այստեղ՝ տեղում։

— Ի՞նչ խնդիրներ և մարտահրավերներ կան, որոնք դեռևս արդիական են։

— Սկզբունքորեն, այլևս չկան խնդիրներ, որոնք հիվանդանոցը պետք է հրատապ լուծի. բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այնուամենայնիվ, ապագայում մենք նախատեսում ենք լուծել դիալիզի հարցը՝ մենք ցանկանում ենք տվյալ բաժանմունքը տեղափոխել առանձին մասնաշենք, բայց սա քննարկման թեմա է ավելի ուշ։ Կադրային հարցը նույնպես լուծված է. մենք արդեն ունենք մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ, շտապօգնության բժիշկ (էմերջենսիոլոգ), անեսթեզիոլոգ և այլ մասնագետներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝